Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման դեպքով դատապարտվածը ցուցմունք տվեց Լևոն Սարգսյանի գործով
«Ալրաղացի Լյովիկ» անունով հայտնի Լևոն Սարգսյանի գործով այսօր դատարանում ցուցմունք տվեց Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման գործով դատապարտված Արսեն Սողոմոնյանը: Վերջինս Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ցուցմունք է տվել Ավետիսյանի տան վրա հարձակման գործով, տվել Լևոն Սարգսյանի անունը` որպես ավազակային հարձակման կազմակերպիչ, ապա ամիսներ անց պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել:
Հիշեցնենք, որ 2008 թվականին ավազակային հարձակում է տեղի ունեցել Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա։ Այս գործով 2011 թվականին տասը անձ, որոնց թվում՝ Արսեն Սողոմոնյանը, Արա Կարապետյանն, ով հայտնի է «Կոշիկի Արո» մականունով, Արմեն Նիկողոսյանը մեղավոր են ճանաչվել և դատապարտվել։ Տարիներ առաջ քննված քրեական գործում Կարապետյանն ու Նիկողոսյանը ներգրավված են եղել որպես հանցագործության կազմակերպիչ: Վերջիններս ևս իշխանափոխությունից հետո են ցուցմունք տվել Լևոն Սարգյանի դեմ, ապա կարճ ժամանակ անց պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել:
Արսեն Սողոմոնյանը չցանկացավ, որ լրագրողները դատական նիստը տեսանկարահանեն, հրաժարվեց նաև ցուցմունք տալ, սակայն կողմերի հարցերին պատասխանեց:
Սողոմոնյանի տված պատասխաններից պարզ դարձավ, որ նրա՝ դատարանում հայտնած տեղեկություններն ու նախաքննության ընթացքում տված ցուցմունքները չեն համապատասխանում միմյանց, դրանցում էական հակասություններ կան:
Մասնավորապես՝ եթե Սողոմոնյանի նախաքննական ցուցմունքներում Լևոն Սարգսյանը մատնանշվում է որպես ավազակային հարձակման կազմակերպիչ, ապա դատարանում Սողոմոնյանը պնդեց, թե Սարգսյանի հետ որևէ առնչություն չի ունեցել, նրա անունը չի շոշոփվել, ավելին, եթե իմանար, որ որևէ մեկն, այդ թվում` Սարգսյանն, ավազակային հարձակման հետ որևէ առնչություն է ունեցել ու ազատության մեջ լինելով՝ իրենց մենակ է թողել, անգամ մի «սիգարետ չի ուղակել», անպայման համապատասխան քայլեր կձեռնարկեր:
Այժմ Լևոն Սարգսյանի հետ ամբաստանյալի աթոռին է նաև վերջինիս քրոջ ամուսինը՝ Սուրեն Ղազարյանը: Սողոմոնյանն ասում է՝ նրան ևս նախկինում չի ճանաչել, բայց նախաքննական ցուցմունքներում նաև նրա անուն է տվել՝ որպես հանցագործությանն առնչություն ունեցող անձի:
Սողոմոնյանը բացատրեց, որ նախաքննության ընթացքում Սարգսյանի և Ղազարյանի դեմ ցուցմունքի տակ ստորագրել է՝ առանց դրա բովանդակությանը ծանոթանալու: Ըստ դատապարտյալի՝ իրեն ասել են, որ եթե ստորագրի, ազատ կարձակվի:
Ըստ Սողոմոնյանի՝ ինքը կալանավայրում բազմաթիվ «քսիֆ»-ներ է ստացել, որոնց բովանդակությունն ու ուղարկողի անունը չտվեց, հայտնեց, որ կալանավայրում գտնվելու ընթացքում իրեն որդին է տեսակցել, տարիներ առաջ հանցագործությունը կազմակերպած անձի անունից առաջարկել, որ ստորագրի փաստաթղթի տակ և ազատ արձակվի:
Դատապարտյալն, իբր, փորձում էր չբացահայտել, թե տարիներ առաջ տեղի ունեցած հանցագործության կազմակերպիչ ասելով՝ ում նկատի ունի, բայց դատավարության մասնակիցների համար պարզ էր, որ խոսքը Արա Կարապետյանի մասին է: Շուտով Լևոն Սարգսյանի պաշտպան Աշոտ Սարգսյանը ուղիղ տվեց Կարապետյանի անունը, և Սողոմոնյանը չհերքեց, որ խոսքը նրա մասին է:
«Ասին՝ էս թուղթը ստորագրում ես, վաղը էթում ես տուն»,- պատմեց Սողոմոնյանն ու դժգոհեց, որ իրեն խաբել են, թուղթը ստորագրել է, ապա տարել են «Նուբարաշեն»: Միայն 9 ամիս անց՝ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ է ազատ արձակվել:
«Մեռնեմ էդ վերաքննիչ դատավորի ջանին, առաջին ատյանի դատավորը չթողեց»,- ասաց Արսեն Սողոմոյանը: Վերջինս անազատության մեջ գտնվելու ամիսներին անգամ ԱԱԾ քննչական դեպարտամենտի այն ժամանակվա պետ Միքայել Համբարձումյանին դիմում է գրել, որպեսզի վերջինիս միջամտությամբ իրեն ազատ արձակեն, իր «խախտված իրավունքները» վերականգնվեն: Դատարանում բացատրեց, որ, փաստորեն, իրեն ազատ արձակելու խոստումը Համբարձումյանի աշխատակիցներն են տվել, այդ պատճառով էլ պահանջել է, որ «ասածներն անեն»:
Դիմումից մոտ երկու ամիս անց Սողոմոնյանն ազատ է արձակվել:
Դատապարտյալն ասում է՝ եթե անգամ իրեն ներկայացված փաստաթղթի վրա գրված լիներ, որ սպանություն է կատարել, կստորագրեր, քանի որ անազատության մեջ գտնվելու տարիներին բազմիցս դիմել է՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու համար, սակայն իրեն ազատ չեն արձակել:
Նախաքննության ընթացքում Արսեն Սողոմոնյանը առերեսվել է այժմ ամբաստանյալի կարգավիճակ ունեցող Սուրեն Ղազարյանի հետ: Այս հարցաքննության ժամանակ ցուցմունք է տվել այն մասին, որ Արա Կարապետյանն իրեն ասել է, իբր գործի գլխին շատ մեծ մարդիկ էին կանգնած` պատգամավորներ, որոնցից մեկն էլ «Ալրաղացի Լյովիկն» է, ուստի որ բռնվեն, շուտ դուրս են գալու:
Ստացվում է, որ առաջին անգամ ինչ-որ փաստաթղթի տակ, առանց դրա բովանդակությանը ծանոթանալու, ստորագրելուց բացի Սողոմոնյանը նաև առերես հարցաքննության ժամանակ է տվել Լևոն Սարգսյանի անունը` որպես հանցագործության կազմակերպչի: Դատարանը հարց ուղղեց Սողոմոնյանին, թե այս հանգամանքն ինչպե՞ս է բացատրում: Տևական ժամանակ հարցի ուղիղ պատասխանը չտալուց հետո Սողոմոնյանն ասաց, որ ինքը իմացել է, որ պետք է տեղեկություն հայտնի այն մասին, որ Արա Կարապետյանն իրեն նման բան է ասել:
«Էս մարդկանց իզուր եք դատում»,- դատարանին դիմելով` ասաց Սողոմոնյանն ու պնդեց որ իր` դատարանում հայտնած տեղեկությունը ամբողջությամբ ճիշտ է, ինքն արդեն ո՛չ քաշվելու բան ունի, ո՛չ վախենալու, ոչ էլ բանտում է, որ մտածի` չստորագրի, գլխին ինչ-որ բան կսարքեն:
Սողոմոնյանի հարցաքննությունն ավարտվեց, հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 28-ին:
Լուսանկարում ձախից` Լևոն Սարգսյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել