HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գևորգ Պապոյան. «Առաջիկա տարիների համար մի մեծ «նվեր» ենք տվել կառուցապատողներին»

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը վերաբերում է հիփոթեքին ուղղվող եկամտային հարկի ծրագրի սահմանափակմանը: Նշենք, որ փոփոխություններով առաջարկվում է հիփոթեքային վարկի տոկոսադրույքներին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում սահմանափակել, ապա աստիճանաբար հանել մինչև 2025 թվականը:

Թեմայի մասին զրուցել ենք ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հետ:

Պարո՛ն Պապոյան, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունները, սակայն թե՛ կառուցապատողները, թե՛ հանրության մի հատվածը դժգոհություններ ունի փոփոխությունների առնչությամբ: Ըստ Ձեզ` կառուցապատողները խնդիրների առջև չե՞ն հայտնվի, կկարողանա՞ն իրացնել իրենց ձեռք բերած հողատարածքները և բնակելի համալիրներ կառուցել:

-Սկսենք նրանից, որ այս հարցի շուրջ քննարկումները սկսել են շատ վաղուց, դեռևս 2019 թվականին, և՛ խորհրդարանում և՛ տարբեր հարթակներում հնչել են մտքեր սրա վերաբերյալ: Ասել, որ նորություն է, բացարձակապես համաձայն չեմ, սկսած նրանից, որ խորհրդարանական ընտրություններից առաջ մենք արդեն իսկ խոսել ենք այդ մասին: Նաև Կառավարության ծրագրում մեր ռազմավարությունները հստակ շարադրված են եղել, և դա որևէ մեկի համար նորություն չէ:

Արդյոք կառուցապատողները կկանգնեն խնդիրների առաջ, թե ոչ. որևէ կերպ չեն կանգնի, նախ, կառուցված կամ կառուցման մեջ գտնվող շենքերը փաստացի որևէ խնդիր չունեն, ավելին, մենք ավելի հետ ենք գնացել: Իրենք ասում են՝ հող ենք գնել, այն նախագծահաշվարկային փուլում է, սպասում ենք շինթույլտվության, մենք ասում ենք` դրա համար էլ ենք ձեզ ժամանակ տալիս: Եթե մինչ դեկտեմբերի 31-ը նախագիծը հաստատեն, կկարողանան և՛ շենքեր կառուցել, և՛ վաճառել, գնորդն էլ կկարողանա ծրագրից օգտվել:

Առաջիկա տարիների համար մենք մի մեծ նվեր ենք տվել մեր կառուցապատողներին: Եթե իրենք պլանավորում էին առաջիկա մեկ-երկու տարիներին մեկ շենք կառուցել ու վաճառել, կարող են 3 կամ 5 շենք կառուցել, որովհետև մարդիկ էլ գիտեն, որ համակարգն ավարտվելու է, և հսկայական բում է լինելու:

Ե՛ւ բանկերը, և՛ կառուցաատողներն այս փուլում բավականին մեծ շահույթ են ապահովելու, որովհետև անկախ նրանից` այդ բնակարաններն իրենց պետք են լինելու, թե ոչ, իրենք ձեռք են բերելու: Ես մեր քաղաքացիներին հորդորում եմ չպլանավորված գործողությունների չգնալ, որովհետև շուկան ինքնակարգավորվելու է, որևէ խնդիր չի լինելու, բավական լուրջ բնակարանային ֆոնդ ունենք Երևանում:

Նաև զուգահեռ աշխատում ենք որոշ ծրագրերի շուրջ, կարող եմ մի փոքր գաղտնիք էլ բացել: Չի բացառվում, որ 2024 թվականից, երբ Երևանում այս մեխանիզմն ավարտվի, այլ ծրագիր ներդնենք: Օրինակ 3-րդ կամ 4-րդ կարգի վթարային շենքի տարածքը կառուցապատողը գնի, շենք կառուցի, և օրինակ, շենքից 3-4 հարկ տրամադրի այդ վթարային շենքի բնակիչներին, մյուսները վաճառի հիփոթեքային հարկի օրենքի տրամաբանությամբ: Արդյունքում կունենանք 3-4 հարկանի վթարային շենքի փոխարեն 14 հարկանի նորակառույց շենք, և բնակարանների մի մասը կլինի վաճառել այն տրամաբանությամբ, որն այսօր գործում է: Այնպես չի լինելու, որ Երևանում շինարարությունը կանգնելու է, կարծում եմ՝ նման մեխանիզմներով պետք է կամաց-կամաց գնանք նրան, որ ռենովացիա տեղի ունենա:

Կառավարության հիմնավորումներից է, որ մարզերում ևս պետք է նոր շենքեր լինեն, ապահովվի համաչափ զարգացում, սակայն սրա վերաբերյալ  դժգոհություն կա՝ որ մարզերում աշխատավարձը շատ ավելի ցածր է, և  կարծիք կա, որ այնքան էլ իրատեսական չէ նորակառույց շենքերից համատարած բնակարաններ գնելը:

-Ես էդքան էլ համաձայն չեմ, որ մարզերում աշխատավարձը շատ ցածր է, օրինակ, պետական կառավարման համակարգում նույն աշխատանքն ու աշխատավարձն է, ինչ Երևանում ու մարզում, բանկերում նույն աշխատավարձն են վճարում, խանութների ցանցերում: Իհարկե, փոքր և միջին սեկտորում կարող է փոքր-ինչ ցածր լինել աշխատավարձը, բայց հակառակն էլ կա՝ մարզային տարածքներում շատ բարձր աշխատավարձ կա, որ կարող է անգամ Երևանում չլինել: Օրինակ, այնտեղ, որտեղ լեռնահանքային արդյունաբերությունը զարգանում է, սովորաբար դրան զուգահեռ բարձր աշխատավարձեր են գեներացվում, նաև այն տարածքներում, որտեղ զբոսաշրջությունն է, համեմատաբար ավելի լավ վիճակում, նույնպես աշխատավարձերը, վստահաբար, չեն տարբերվում երևանյանից:

Եւ հետո, էնպես չէ, որ մարզերում բնակարանները շատ էժան են, օրինակ, Աշտարակ, Աբովյան, Վաղաշապատ քաղաքներում Երևանի ծայրամասերին հավասար գներ են: Աջափնյակի որոշ հատվածներում և Աշտարակում գները նույն են, որևէ տարբերություն կարծես չկա: Մի օրինակ բերեմ՝ երկսենյականոց բնակարանը Երևանի ծայրամասերում մոտավորապես 25 միլիոն դրամ է, և 20 տարի վճարելու ընթացքում բնակարանն ամբողջությամբ քաղաքացունն է դառնում, մնացած 20 միլիոն դրամ տոկոսը պետությունն է վճարում: Նույն երկսենյականոց բնակարանը Գյումրիում արժե 15 միլիոն դրամ, բայց վարկի վերջնարդյունքում քաղաքացին պետք է վճարի 30 միլիոն դրամ: Այսինքն, ստացվում է՝ 30 տարվա շենքը Գյումրիում արժենում է 30 միլիոն դրամ, Երևանում, նորակառույց շենքում բնակարանի համար վճարում է 25 միլիոն դրամ: Ինչո՞ւ պետք է գյումրեցի երիտասարդ ընտանիքը 5 միլիոն դրամ ավել վճարի և Երևանում բնակարան չգնի: Եթե նույնիսկ շատ են ուզում Գյումրիում ապրել, այլընտրանք չենք տալիս իրենց:

Մենք այժմ առաջարկում ենք նոր շենքեր կառուցվեն նաև մարզերում, բնականաբար, Գյումրիի նորակառույց շենքում բնակարանը 15 միլիոն դրամի փոխարեն կարժենա 20 միլիոն դրամ, ու քաղաքացին կունենա այլընտրանք:

Պարո՛ն Պապոյան, Դուք ևս օգտվում եք եկամտային հարկի վերադարձի ծրագրից, ինչպես նաև՝ մի շարք այլ ՔՊ-ական գործիչներ, որքանո՞վ է արդարացի, որ շարունակեք օգտվել, իսկ մարդիկ, որոնք փոփոխությունները կատարելուց հետո են նորակառույց շենքում բնակարան գնել, չկարողանան ծրագրի շահառու դառնալ:

-Ո՞վ է ասում, որ քաղաքացին չի կարողանա օգտվել, շատ ներողություն, բայց դա նույնն է, թե ասեք, որ պետությունը խորհրդային տարիներին բնակարաններ է բաժանել, որքանո՞վ է արդար, պարո՛ն Պապոյան, որ ծնվել եք և չափահաս դարձել 2000-ականներին ու չեք օգտվել դրանից: Այո՛, ես օգտվում եմ ծրագրից, բայց պոպուլիստ չեմ, պետությունը հնարավոր չէ կառավարել էմոցիաներով, դա նույնն է, որ ասեք նախկին պաշտոնյաները կոռուպցիայով են զբաղվել և հարուստ են, որքանո՞վ է արդար, ես գամ, էստեղ նստեմ, կոռուպցիայով զբաղվեմ և հարուստ չլինեմ: Որքանո՞վ է արդար, որ նախկին պաշտոնյաները դղյակներում են ապրում, ես՝ 60 քառակուսի մետրանոց բնակարանում… Նման հարցե՞ր տամ ինձ ու շարունակե՞մ նույն կերպ վարվել, չի կարող այդպես լինել:

Քաղաքացուն ոչինչ էլ արգելված չէ, հիմա էլ կարող է գնել, հաջորդ տարի էլ, 2023-ին, 2024-ին էլ, դրանից հետո՝ Վանաձորում էլ, մյուս համայնքներում էլ կարող է գնել, ո՞վ է ասում՝ չի կարող: Իմ կարծիքով՝ պետք է դուրս գանք պետական կառավարման մեջ նման համեմատականներ անելուց, դրանք ինձ համար անընդունելի են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter