HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Վճռաբեկը «Ժամանակի» գործով նախադեպ ստեղծեց

Վիրավորանքի և զրպարտության մասին հոդվածների ապաքրեականացումից հետո Վճռաբեկ դատարանը ԶԼՄ-ների վերաբերյալ ստացված բողոքները ետ էր վերադարձնում: Ի վերջո, Վճռաբեկ դատարանը նախադեպ ստեղծեց:

Այսօր Վճռաբեկ դատարանը քննեց վերաքննիչ դատարանի որոշման դեմ պատասխանող «Ժամանակ» օրաթերթի («Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի) ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը:

Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 20.09. 2011 թ. վճռել էր հայցը բավարարել մասնակի` պարտավորեցնելով «Ժամանակ» օրաթերթին հերքել 29.09.2010թ. «Քրգործ` ԱԺ նախագահի խորհրդականի դե՞մ» հոդվածում տպագրված տեղեկությունները, նշել, որ չկա քրեական գործ Թաթուլ Մանասերյանի դեմ, և նա չի զբաղվում վաշխառությամբ: Դատարանը վճռել էր նաեւ պարտավորեցնել պատասխանողին հօգուտ հայցվորի վճարել 510 հազար դրամ, որից 300 հազարը` զրպարտության համար, 200 հազարը` փաստաբանի վարձատրության համար, 10 հազար դրամն էլ` որպես նախապես վճարված պետական տուրք:

Վերաքննիչ դատարանը պատասխանողի ներկայացուցչի բերած բողոքը մերժել էր` ուժի մեջ թողնելով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը:

Բերված վճռաբեկ բողոքում պատասխանողի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը պնդում է, որ դատարանում պատասխանող կողմը վկայակոչել է տեղեկատվության աղբյուրը և միջնորդել հրավիրել Անտոն Առաքելովին` որպես վկա հարցաքննելու, սակայն դատարանը մերժել է այդ միջնորդությունը: Դատարանի կայացրած վճռի բովանդակությունից հետևում է, որ եթե լրագրողը հոդվածը հրապարակելիս չի վկայակոչել իրազեկման աղբյուրը, ապա դատարանում նա զրկվում է նման իրավունքից, մինչդեռ դատարանի նման դիրքորոշումը հակասում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 9-րդ և 6-րդ կետերի պահանջներին:

Վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացրած հայցվորի ներկայացուցիչ Անահիտ Սարդարյանը պնդում է, որ նշված պատասխանի համաձայն` պատասխանող կողմը կարող էր պատասխանատվությունց ազատվել միայն այն դեպքում, եթե հոդվածում հստակ հղում կատարած լիներ տեղեկատվության աղբյուրին: Ընդ որում` այլ անձի հրաապարակային ելույթին հղում կատարելիս հղումը պետք է լիներ պատշաճ, այսինքն` այդ հրապարակումը պետք է լիներ այլ անձի հրապարակային ելույթի բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունը: 

Բողոքաբերը նշում է, որ դատարանը հաշվի չի առել նաև, որ անմիջապես հաջորդ օրը հոդվածի հեղինակը նույն «Ժամանակ» օրաթերթում տպագրել է նոր հոդված, որտեղ նշել է, որ «կա վաշխառության փաստով հարուցված գործ, որով որպես մեղադրյալ անցնում է այլ անձ …»: Հիշյալ տեքստը կարելի է համարել որպես «Ժամանակ» օրաթերթի կողմից տպագրված հերքում, որը նույնաբովանդակ է դատարանի «Վճռեց» մասում պատասխանողի կողմից, որպես հերքման տեքստ, սահմանած «հերքման» տեքստին:

Բողոքի պատասխանում Ա.Սարդարյանը նշում է, որ այն փաստը, որ պատասխանողի հրապարակած երկրորդ հոդվածը հանդիսանում է հերքում, ինքնին ապացուցում է, որ նա ընդունում է, որ իր կողմից առաջին հոդվածում հրապարակվել են զրպարտություն համարվող փաստական հանգամանքներ: Պատասխան ներկայացրած անձը նշում է, որ երկրորդ հոդվածը չի կարող դիտվել որպես հերքում, քանի որ հենց այդ հոդվածում լրագրողը նշել է, որ Թաթուլ Մանասերյանից պահանջել է հերքման տեքստ ուղարկել, այսինքն` ինչպես արձանագրել է դատարանը` երկրորդ հոդվածը հրապարակելիս պատասխանող կողմը հերքման որևէ տեքստ չի ունեցել և այդ հոդվածը, որպես հերքում, չի հրապարակվել:

Այնուհետև բողոքաբերը նշում է, որ հայցվորի կողմից որևէ հերքման տեքստ չի ստացել, որպեսզի թերթը հերքում հրապարակեր:

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել 15.12.2011թ.-ի վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նոր քննության: 

Այսօրվա նիստին դատավոր Տ.Պետրոսյանի հարցին` ուղղված հայցվորի ներկայացուցիչ Ա.Սարդարյանին, թե արդյոք հայցվորը հերքման տեքստ ուղարկե՞լ է պատասխանողին, Ա.Սարդարյանը պատասխանեց, որ դեռ նախքան դատարան դիմելը հայցվորը հերքման տեքստ է ուղարկել թերթին, որտեղ տեղեկացրել է, որ հերքման տեքստը չհրապարակելու դեպքում վերջինս դիմելու է դատարան:

Այսքանով Վճռաբեկ դատարանը գործը համարեց ավարտված և նիստից քիչ անց հրապարակեց դատարանի որոշումը՝ մերժելով վճռաբեկ բողոքը: Որոշման համաձայն ` բողոքաբեր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ից կբռնագանձվի 30 հազար ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոք բերելու համար բռնագանձվող պետական տուրք: Եվ քանի որ վճռաբեկ բողոքը մերժվեց, «Ժամանակը» Թաթուլ Մանասերյանին պետք է վճարի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ սահմանված 510 հազար դրամը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter