Գիտկոմիտեի փոխնախագահ. «Գիտության զարգացում շատ արագ չի լինի, համակարգը դեռ պետք է ուշքի գա»
2022 թ. հունվարի 1-ից գիտաշխատողների աշխատավարձը բարձրանալու է: Նրանցից ոմանք, սակայն, ասում են, թե համատարած թանկացումների ֆոնին գոյատեւելու աշխատավարձ են ստանալու: Միաժամանակ մտավախություն ունեն, որ աշխատավարձերի բարձրացումն ուղեկցվելու է գիտաշխատողների օպտիմալացման կամ գիտական ինստիտուտների միավորման հաշվին:
Կառավարությունն արդեն Ազգային ժողով է ուղարկել պետբյուջեի նախագիծը: Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը «Հետքին» հայտնել է, որ նախագծով գիտության համար գալիք տարի նախատեսված է մոտ 22,6 մլրդ դրամ: Համեմատության համար Մովսիսյանը նկատում է, որ 2021-ի տարեսկզբի դրությամբ գիտությանը հատկացվել էր 13,7 մլրդ, սակայն տարվա ընթացքում հատկացումների ծավալը կազմել է 15,7 մլրդ դրամ: Եկող տարի, բացի պետբյուջեի 22,6 մլրդ-ից, Եվրամիության աջակցության ծրագրերի շրջանակներում ենթակառուցվածքների արդիականացման համար գիտությանն է ուղղվելու եւս 2,5 մլրդ դրամ:
Սպասվում է աշխատավարձերի բարձրացում. օրինակ՝ առաջատար գիտաշխատողների միջին «կեղտոտ» աշխատավարձը, ըստ Մովսիսյանի, 120.000-130.000 դրամից բարձրանալու է 250.000 դրամ, լաբորատորիայի վարիչներինը, գիտական ստորաբաժանումների ղեկավարներինը՝ մոտ 350.000 դրամ: Գիտկոմիտեն նախատեսում է հաջորդ տարվանից ավելացնել դրամաշնորհային մրցույթների քանակն ու հատկացվող գումարների ծավալները:
Ա. Մովսիսյանին հարցրինք, թե ինչ չափորոշիչներ են կիրառվելու աշխատավարձերի բարձրացման դեպքում՝ հաշվի առնելով, որ այս պահին ԳԱԱ ինստիտուտներում ընթանում է գիտաշխատողների ատեստավորում: Նա նշում է, որ կա գիտական կադրերի որակավորման կարգ, որտեղ յուրաքանչյուր պաշտոնի համար սահմանված են նվազագույն պայմանները, ինչպես օրինակ, աշխատանքային ստաժ, գիտական աստիճան, մասնակցություն միջազգային գիտական աշխատանքների, գիտական ծրագրերի ղեկավորում: Բացի դրանցից՝ յուրաքանչյուր կազմակերպություն, ելնելով իր ուղղվածության առանձնահատկությունից, կարող է ատեստավորման մեջ ավելացնել լրացուցիչ պայմաններ:
«Ցանկացած աշխատավարձի բարձրացում ենթադրում է նաեւ պահանջների խստացում,- ասում է Արթուր Մովսիսյանը,- գնդակը մեր գիտաշխատողների դաշտում է: Հաջորդ տարի նմախատեսում ենք փոխել կառավարության սահմանած որակավորման կարգը, եւ դրա մեջ չափելի գիտական արդյունքներ կսահմանենք: Դրանք կլինեն նվազագույնը, ու յուրաքանչյուր գիտական կազմակերպություն կկարողանա ատեստավորման իր լրացուցիչ չափանիշները դնել: Ենթադրում եմ՝ մոտ 2-3 տարուց եւս մեկ ատեստավորման պրոցես է լինելու՝ մի քիչ ավելի խիստ չափանիշներով: Բայց համոզված եմ, որ մեր գիտաշխատողները կբարարեն, ու կհետեւի գիտական արդյունքը: Հիմա էլ շատ կազմակերպություններ, եթե նայեք այդ կարգերը, խիստ են»:
Հարցին, թե գիտության ոլորտի աշխատավարձերի բարձրացումը ենթադրում է արդյոք ինստիտուտների օպտիմալացում կամ միավորում, եւ ինչ ժամկետներում է նախատեսված դրա իրականացումը, պատասխանում է. «Մեկը մյուսի հետ բացարձակ կապ չունեցող է: Այո, գիտության համակարգում պետք է արդյունավետությանը միտված քայլեր իրականացվեն, ինչը որոշ դեպքերում կարող է օպտիմալացման բերել: Դրանք մեկը մյուսից անկախ պրոցեսներ են»: Ըստ Մովսիսյանի՝ ԳԱԱ-ն, ելնելով իր ուղղությունների ավելի արդյունավետ կառավարումից, կարող է նաեւ որոշակի փոփոխություններ անել, ինչը, սակայն, ոչ մի առնչություն չունի աշխատավարձերի բարձրացման կամ առհասարակ բյուջեի մեծացման վրա:
Արթուր Մովսիսյանի հետ զրույցում անդրադարձել ենք նաեւ պատերազմից հետո գիտության ոլորտում ստեղծված վիճակին՝ արդյոք այս ոլորտում նկատվում է աշխուժացում, բացի դրանից՝ պատերազմից առաջ շատ էր խոսվում գիտնականների կողմից կիրառական արդյունք տալու, այն տնտեսության մեջ ներդնելու մասին:
Մեր զրուցակիցն ասում է, թե գիտկոմը վաղուց իրականացնում է եւ՛ կիրառական արդյունքի ստեղծմանն ուղղված, եւ՛ երկակի նշանակության ծրագրեր: Պատերազմից հետո կոմիտեն մի փոքր մեծացրել է ծրագրերի ծավալները: Մովսիսյանն ընդգծում է, որ երբ խոսում ենք գիտությունը տնտեսության մեջ ներգրավելու մասին, պետք է իրական գնահատել երկրի, այդ թվում՝ տնտեսության հնարավորությունները:
«Գիտության բյուջեն բացարձակ արժեքով դեռ չի ներում, որ մեծ բաների մասին խոսենք: Գիտնականների թիվը դեռ բավարար չէ, որ այդ հաջողությունները շատ մեծ լինեն։ Համակարգն առնվազն մի 20-30 տարի հետ ընկած վիճակում է եղել։ Մենք անընդհատ կորցրել ենք գիտական կադրեր, ու զարգացման մասին խոսել թերսնված վիճակում․․․ Այո, երկու տարի քայլերը ճիշտ ուղղությամբ են արվում, բայց զարգացում շատ արագ չի լինի։ Համակարգը դեռ պետք է ուշքի գա»,- նկատում է գիտության կոմիտեի նախագահի տեղակալը:
Լուսանկարը՝ Արթուր Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել