HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Ջավախյան

Մեծ պայթյունին սպասելիս

Քառասունչորսօրյա պատերազմի և դրան հաջորդած Ազգային ժողովի ընտրություններն առիթ եղան լրջագույնս առերեսվելու հայ ժողովրդի հետ: Այն, ինչ այժմ է և հատկապես՝ ապագայում, պարզվում է, որ նաև անցյալում է, առավելապես, մեր իսկ ստեղծած առասպելում: Սասունցի Դավիթ էպոսը ինչ-որ տեղ թաքնագիտություն է, որտեղ ամփոփված է մեր ինքնության կոդը: Հայ ժողովուրդը ոչ այնքան գործող, որքան երազող ազգ է:  Ինչքան թույլ ենք եղել մենք, նույնքան ուժեղ և զորեղ է եղել մեր երազը: Սասունցի Դավիթը մեր գերագույն հերոսն է, բաղձանքը, երազի տղան ու իղձը, որի ժառանգը, փոխարեն փրկի իր հայրենիքը, գնացել ու ամփոփվել էր Ագռավաքարում: Այսինքը, մեր երազները թռե՜լ, թռե՜լ և ի վերջո հանգրվանել էին մահվան մահճում, որը սակայն էլի «կյանք» է, կյա՛նք, տապանից անդին: Մեր հերոսը մութ սնարում սպասողն է և ոչ լույս աշխարհում արարողը: Էպոսում առկա են նաև էպիզոդիկ դերակատարներ, որոնք սակայն ավելի են բնորոշում ազգին, քան երազի տղան՝ Սասունցի Դավիթը: Դա առաջին հերթին Ցռան Վերգոն է՝ երկչոտ, անհույս, սեփական ուժերին չհավատացող, արհավիրքից ճողոպրող, ճորտամիտ, գլուխը փորձանքից փախցնող, իրատես հայը: Հիմա էլ շատերն են լքում երկիրը, այնպես, ինչպես ավանդել է ցռան պապը: Ո՛չ, ամենևին էլ Սասունցի Դավիթը հայ ժողովրդին բնորոշող հերոս չէ: Մեր երազը հեռու է կյանքից: Ուզենք, թե չուզենք՝ հային բնորոշ հերոսը Ցռան Վերգոն է: Դրա համար էլ մեր ապրած յուրաքանչյուր օրից գարշահոտություն է բուրում...

Ո՜վ հայ ժողովուրդ, ապացուցիր, որ սխալ եմ, և ես սիրով կլինեմ այն տապանաքարը, որի վրա ոտք դնելով դու կհասնես քո փափագած կյանքին, այսինքն այնտեղ, որտեղ երազը կյանք է դառնում...

Իսկ հիմա մու՛թ է, մու՛թ. անտեսանելին գնալով  թանձրանում է: Կյանքը նմանվում է սրճած գավաթի սև նստվածքի,  որ հար և նման է խավար երկնքի, առանց գեթ մի աստղի առկայծման: Տակ ու գլուխ իրար են խառնվել. տականքը երկինք է բարձրացել: Տեղի-անտեղի ասում է՝ ժողովուրդը մեզ մանդատ է տվել՝ երկաթե մանդատ... Այսինքն, ինչ ուզենք կանենք...  Այն ոչ այնքան երկաթե մանդատ է, այլ երկաթե մանգաղ՝ Մահվան վկայականով... Դա ծիծաղ է բորբոքում: Մեզ վրա ծիծաղում են, մեզ հեգնում: Մեր դժբախտությունը թշնամու համար երջանկություն է, անթաքույց ուրախություն: Մարդիկ, որ լորձաշուրթ քծնանքով միշտ հետույք են մտել՝ հիմա մեզ վրա են ծիծաղում չընդմիջվող ծիծաղով: Թշնամին իր երջանկությունն ապրում է երջանկությունից երջանկություն...

Գուշակություններն այստեղ ավելորդ են: Սուրճի մրուրը բախտ չէ, այլ բանդագուշանք: Մեզ գիր են արել, ինչպես ինքս եմ գիր անում՝ լույսի փափագով... Մու՛թ, մու՛թ... Պայծառատեսությունը վնաս չէ. մթան էլ ավելի թանձրացումը, կրիտիկական թանձրույթը, վաղ թե ուշ կտանի Մեծ պայթյունի... Մթից լույս կծնվի: Կարևորը՝ մեր ստվերն այլևս մեզնից չի թաքնվի.  հօդս են ցնդել սին պատկերացումները... Այլևս ողջամիտ ենք, սթափ: Պատերազմի հրացոլքերում տեսանք մեր այրվող դեմքը՝ դժխեմ երեսներս... Սև ու թուխպ ամպեր էին չոքել Նաիրյան  երկրում: «Մենք գնում էինք գլխիկուր՝ գլխի՛, գլխի՛ գլխիկոր ու բնավ իրար չէինք տեսնում...»: Մենք մեզ չէինք ճանաչում: Մութը սեղմվում էր ավելի ու ավելի... Մնում է Մեծ ճառագումը, Մեծ փայլատակումը, որի շնորհիվ, հարկավ, կգտնենք փրկության ուղին... Ուրեմն լու՛յս, լու՛յս, լու՛յս... Մենք ենք լույսի արգոնավորդները, Ավետյաց երկրի բարի ավետիսը... Սև խոռոչը մեր արատների կործանումն է: Հակառակ կողմում էլի աշխարհ կա:

Այդ աշխարհը մերը կլինի...

9. 10. 21թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter