
Լիբանանում էլեկտրամատակարարումը վերականգնվել է
Լիբանանի ողջ տարածքում կիրակի՝ հոկտեմբերի 10-ին, վերականգնվել է էլեկտրաէներգիայի մատակարարումն այն բանից հետո, երբ զինվորականները վառելիք են մատակարարել երկրի երկու հիմնական էլեկտրակայանների համար։ Այդ մասին հայտարարել է Լիբանանի էներգետիկայի և ջրային ռեսուրսների նախարար Վալիդ Ֆայադը։
«Ցանցը վերադարձել է նորմալ աշխատանքի, ինչպես դա կար մինչ այն պահը, երբ վերջացել էր վառելիքը «Դեյր Ամար» և «Ալ Զահրանի» էլեկտակայաններում»,- նշել է նա։
Նախարարը շնորհակալություն է հայտնել Լիբանանի բանակին՝ 6 միլիոն լիտր վառելիք տրամադրելու համար, որը հավասարաչափ բաժանվել է երկու էլեկտրակայանի միջև։ Սակայն էլեկտրաէներգիայի մատակարարումը նախկինի պես հասանելի կլինի օրական մի քանի ժամ, ինչպես դա եղել է վերջին ամիսներին։
Էլեկտրաէներգիայի EDL պետական ընկերությունը ավելի վաղ հայտարարել էր, որ առաջիկա ժամերին նախատեսվում է վառելիքի խմբաքանակի մատակարարում, սակայն բեռնաթափումը տեղի կունենա միայն մի քանի օրից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին դադարեցվել էր Լիբանանի ամենախոշոր «Ալ Զահրանի» և «Դեյր Ամար» էլեկտրակայանների աշխատանքը, ինչը հանգեցրել էր երկրի ողջ տարածքում էլեկտրականության անջատմանը։
1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմի ավարտից հետո Լիբանանում բազմիցս անջատվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Դրամական միջոցների պակասը խորացրել է Լիբանանում տնտեսական ճգնաժամը, որի պատճառով վերջին ամիսներին երկիրը ներկրում է մինիմալ քանակով վառելիք՝ էլեկտրաէներգիայի արտադրության համար։
Ընդ որում, Լիբանանի էներգետիկայի և ջրային ռեսուրսների հարցերով նախարարությունը հայտարարել է, որ հանրապետության կենտրոնական բանկը հավանություն է տվել այդ նպատակով վառելիքի ներմուծման մրցույթներ անցկացնելու համար 100 մլն դոլարի վարկի տրամադրման նախագծին։
Լուսանկարը՝ արխիվային/Ahmad Moussaoui-ի
Մեկնաբանել