
Վրաստանի վարչապետը բացառել է Սաակաշվիլու հանձնումն Ուկրաինային
Վրաստանի իշխանությունները բացառում են երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հանձնումն Ուկրաինային։ Այդ մասին երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 11-ին լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Բացառվում է։ Ես 100 %-ով հաստատում եմ, որ նրան (Սաակաշվիլուն-խմբ.) ոչ ոք ոչ մի տեղ չի փոխանցի։ Առաջին հերթին, դա ոչ ոք չի պահանջում։ Առնվազն 6 տարի անց նա կկարողանա մեկնել ցանկացած երկիր»,- հայտարարել է Ղարիբաշվիլին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վրաստանի իշխանությունները պատրաստվում են Սաակաշվիլուն հանձնել Ուկրաինային։
Ինչպես նշել է Վրաստանի կառավարության ղեկավարը, նախկին նախագահը ստիպված կլինի բանտում անցկացնել 6 տարի։ «Ինչքան շուտ բանտարկյալ Սաակաշվիլին գիտակցի այդ իրականությունը, այնքան լավ իր և իր թիմի համար»,- հավելել է Ղարիբաշվիլին։
Սաակաշվիլին ձերբակալվել էր 2021 թվականի հոկտեմբերի 1-ին, Վրաստանում։ Նախկին նախագահը ներկայումս կալանավորված է և գտնվում է Ռուսթավի քաղաքի բանտում։ Նա իրեն համարում է քաղբանտարկյալ և հացադուլ է հայտարարել։
Սաակաշվիլին Վրաստանը նախագահում էր 2004 թվականի հունվարից 2013 թվականի նոյեմբեր ամիսները, որից հետո անմիջապես լքել էր երկիրը։ Նրա նկատմամբ հարուցվել էր 4 քրեական գործ, որոնցից երկուսի մասով կա ուժի մեջ մտած օրինական դատավճիռ։ Մասնավորապես, դատարանը հեռակա կարգով Սաակաշվիլուն դատապարտել է 3 տարվա ազատազրկման՝ Վրաստանի Միացյալ բանկի աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով և 6 տարվա ազատազրկման՝ պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծելու գործով։ Վերջին շրջանում Սաակաշվիլին բնակվում էր Ուկրաինայում և ունի այդ երկրի քաղաքացիություն։
Լուսանկարը՝ արխիվային/ՀՀ վարչապետի մամուլի ծառայություն
Մեկնաբանել