HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հայաստանի հավաքականը պարտություն կրեց Ռումինիայից

Աշխարհի 2022թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի 8-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվեց Ռումինիայի ընտրանուն։ Հանդիպումը տեղի ունեցավ Բուխարեստի «Ստյաուա» մարզադաշտում։

Առաջին խաղակեսն անցավ ռումինացիների տարածքային և խաղային բացահայտ առավելությամբ, նրանք մեր հավաքականին գերազանցում էին դաշտի բոլոր հատվածներում, իսկ Խոակին Կապառոսի սաները ոչինչ չէին կարողանում հակադրել մրցակցին, նույնիսկ հազվադեպ էին դաշտի կենտրոնն անցնում: Ի վերջո, ռումինացիների տոտալ առավելությունը տվեց իր արդյունքը, և հանդիպման 26-րդ րոպեին հաշիվը բացվեց: Անկյունայինի խաղարկման արդյունքում գլխի հարվածով գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի պաշտպանների հսկողությունից դուրս մնացած Ալեկսանդրու Միտրիցեն: Խփած գոլից հետո էլ Ռումինիան շարունակում էր ճնշումը մեր ընտրանու դարպասին, սակայն առաջին խաղակեսում այլևս գոլեր չգրանցվեցին:

Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականը դաշտ մտավ կերպարանափոխված: Մեր ընտրանին համարձակ ֆուտբոլ էր ցուցադրում և կարողացավ լուրջ խնդիրներ ստեղծել Ռումինիայի հավաքականի համար, չնայած որ հարյուր տոկոսանոց գոլային պահեր չկարողացան ստեղծել, վերջին պահին մեր ֆուտբոլիստները չէին կարողանում հաջողությամբ եզրափակել գրոհները: Հայաստանի հավաքականի ջանքերը կարևոր գնդակ խփելու և անչափ կարևոր մեկ միավորը վաստակելու համար, ապարդյուն անցան: Խաղն ավարտվեց Ռումինիայի հաղթանակով՝ 1:0 հաշվով: Այսպիսով, աշխարհի առաջնության որակավորման փուլի առաջին երեք տուրերում նույնքան հաղթանակ տանելուց հետո մեր հավաքականն այլևս չի կարողացել հաղթել:

Ռումինիա-Հայաստան խաղին զուգահեռ ընթանում էին նաև Մունդիալ 2022-ի եվրոպական գոտու որակավորման փուլի J խմբի մյուս երկու հանդիպումները, որոնցում Գերմանիան հյուրընկալվելիս 4:0 հաշվով պարտության մատնեց Հյուսիսային Մակեդոնիային, իսկ Իսլանդիան սեփական հարկի տակ նույն 4:0 հաշվով առավելության հասավ Լիխտենշտայնի նկատմամբ։

Հիշեցնենք, որ հոկտոմբերի 8-ին Հայաստանի ազգային հավաքականը արտագնա ոչ-ոքի (1:1) էր խաղացել Իսլանդիայի ընտրանու հետ։

Այսպիսով, կայացած 8 տուրերից հետո J խմբի մրցաշարային աղյուսակը 21 միավորով շարունակում է գլխավորել Գերմանիայի հավաքականը։ Ռումինիան 13 միավորով երկրորդն է, Հս․ Մակեդոնիան և Հայաստանը 12-ական միավորով կիսում են երրորդից չորրորդ հորիզոնականները, Իսլանդիան 8 միավորով հինգերորդն է, իսկ Լիխտենշտայնը 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում իր հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 11-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալելով՝ Հս․ Մակեդոնիայի ընտրանուն, իսկ երեք օր անց՝ նոյեմբերի 14-ին, կրկին Երևանում կընդունի Գերմանիայի ազգային ընտրանուն:

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter