
Ավստրիայի նախագահը հայտարարել է երկրի նոր կանցլերի անունը
Ավստրիայի նոր կանցլեր կդառնա դիվանագետ Ալեքսանդր Շալենբերգը, որը հրաժարական ներկայացրած Սեբաստիան Կուրցի կառավարությունում զբաղեցնում էր արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։ Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը, Վիեննայում հանդես գալով լրագրողների առաջ, հայտարարել է, որ հոկտեմբերի 11-ին տեղի կունենա Շալենբերգի երդմնակալության արարողությունը։
«Ներկայիս կառավարական ճգնաժամն ավարտված է։ Մեր երկրի օգտին աշխատանքը կարող է շարունակվել»,- հայտարարել է Ավստրիայի նախագահը։
„Voller Fokus auf die Arbeit für #Österreich“ – das Statement zu den aktuellen innenpolitischen Entwicklungen ⬇️ pic.twitter.com/sqSOsHJMkD
— A. Van der Bellen (@vanderbellen) October 10, 2021
Վան դեր Բելենի խոսքերով՝ նա արդեն իսկ խոսել է Շալենբերգի և փոխկանցլեր Վերներ Կոգլերի հետ: Նրանք վստահեցրել են, որ «հետագա համատեղ աշխատանքի համար կայուն հիմքեր կան»։
Իրավաբան, պրոֆեսիոնալ դիվանագետ Ալեքսանդր Շալենբերգը 52 տարեկան է։ Նա տիրապետում է մի քանի լեզուների։ Շալենբերգն աջակցում է նախկին կանցլեր Սեբաստիան Կուրցի վարած քաղաքականությանը, հատկապես` միգրացիայի առումով։
Իր ելույթում Ալեքսանդր Վան դեր Բելենը նշել է, որ Շալենբերգի հետ միասին տեղի կունենա նաև արտաքին գործերի ապագա նախարարի երդմնակալությունը։ Այդուհանդերձ, նա չի նշել, թե ով կզբաղեցնի այդ պաշտոնը։ Ավստրիական Der Standard թերթի տվյալներով՝ Ավստրիայի ԱԳ նախարարի պաշտոնին հավակնելու ամենամեծ շանսերն ունեն Ավստրիայի ԱԳՆ գլխավոր քարտուղար Պետեր Լաունսկի-Թիֆենթալը և Բրյուսելում Ավստրիայի ներկայացուցիչ Նիկոլաուս Մարշիկը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ի երեկոյան Սեբաստիան Կուրցը հայտարարել էր Ավստրիայի կանցլերի պաշտոնից հրաժարականի մասին։ Մի քանի օր առաջ, կոռուպցիայի մեղադրանքով, Ավստրիայի դատախազությունը նրա նկատմամբ հետաքննություն էր սկսել։ Դատախազությունը կասկածում է, որ Կուրցը և նրա մի քանի մերձավորներ ավստրիական տաբլոիդներից մեկի խմբագրությանը վճարել են, որպեսզի նա Կուրցի վարած քաղաքականությունը լուսաբանի բարենպաստ լույսի ներքո։ Ըստ դատախազության՝ վճարումն արվել է պետական միջոցներից։
Սեբաստիան Կուրցը ևս առաջարկել էր կանցլերի պաշտոնում նշանակել արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգին։ Միևնույն ժամանակ, նա կմնա կուսակցության առաջնորդի պաշտոնում և կդառնա խորհրդարանում իր խմբակցության ղեկավարը։
Լուսանկարում՝ Ալեքսանդր Շալենբերգն է/vindobona.org-ից
Մեկնաբանել