HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի իրավապահներն ունեն Մարտակերտում խաղաղ բնակչին սպանած անձի նույնականացման համար անհրաժեշտ ապացույցները

2021թ. հոկտեմբերի 9-ին Մարտակերտի քաղաքային համայնքի վարչական տարածքում տեղակայված վարելահողում գյուղատնտեսական աշխատանք կատարելիս, մոտակայքում տեղակայված ադրբեջանական դիրքից արձակված կրակոցից կրծքավանդակի հատվածում վիրավորվել ու տեղում մահացել է Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1966թ․ ծնված Արամ Ալեքսեյի Տեփնանցը։

Արցախի Հանրապետության դատախազությունը հայտնում է, որ իրավապահների տրամադրության տակ առկա են Արամ Տեփնանցին սպանած անձի նույնականացման համար անհրաժեշտ բոլոր ապացույցները։

Դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն՝ դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված հանցանքի հատկանիշներով (սպանություն, որը կատարվել է ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով), նշանակվել են փորձաքննություններ, կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական մյուս գործողությունները: Նախաքննական մարմնի տիրապետության տակ են գտնվում այն ապացույցները, որոնք բավարար են հանցագործության գործիքը և հանցանք կատարած անձին նույնականացնելու համար:  

Ադրբեջանական կողմն առայժմ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել դեպքի առնչությամբ քրեական գործ հարուցելու մասին: 

«Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները պատրաստակամ են ռուսական խաղաղապահ ուժերին ներկայացնելու այն ապացույցները, որոնք փաստում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացու նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելը: 

Ադրբեջանը, հանդիսանալով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի անդամ երկիր, ստանձնել է կյանքի իրավունքը հարգելու պարտականություն: Չկատարելով Կոնվենցիայով նախատեսված իր պարտավորությունները, ադրբեջանական կողմը մեկ անգամ ևս թույլ է տալիս եզրահանգելու (արցախահայությունը դրանում վաղուց համոզված է), որ նման հանցավոր արարքները կրում են կազմակերպված և ուղղորդված բնույթ և իրենց ամբողջությամբ դադարում են լինել սոսկ մարդու դեմ ուղղված արարք` կրելով ահաբեկչական բնույթ ու նպատակ»,- ասված է Արցախի դատախազության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter