HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

20-ամյա Նարեկ Ավետիսյանը շարքայինից դարձավ լեյտենանտ. 44 օրերի մղձավանջը

44-օրյա պատերազմի ժամանակ խարբերդցի ժամկետային զինծառայող Նարեկ Ավետիսյանը լեյտենանտի կոչում է ստացել՝ հրետանային մարտկոցը ղեկավարելու եւ աննախադեպ խիզախություն ցուցաբերելու համար: Նարեկը զորացրվել է եւ հիմա պահեստազորի սպա է:

Նոր Խարբերդի տներից մեկի արեւոտ բակում զրուցում ենք Նարեկի հետ: Հենց այստեղ էլ մինչեւ պատերազմը երկու ընկերոջ՝ Գրիգորի հետ կիտրոն ու եղեւնի ու վարդեր էին աճեցնում, վաճառում: Որոշել էին, որ զորացրվելուց հետո գործը պիտի ընդլայնեն: Հիմա այդ ծառերից միայն մեկն է մնացել՝ 5 տարեկան կիտրոնը, որը Նարեկի ննջասենյակում է: Երբ նա զինծառայության մեջ էր, մայրը՝ տիկին Մարիամն էր խնամում այն: Ծառն արդեն բերք է տալիս, բայց ավելի շատ տխրություն է բերում:

2019 թ. հունվարի 18-ին ընկերներով զորակոչվել էին բանակ. Նարեկը՝ Ջրական, Գրիգորը՝ Սիսիան: Որոշել էին, թե զորացրվելու օրն ինչպես են իրար հետ գյուղ մտնելու, տնից տուն գնալու: Այդ օրը Գրիգորի պապը մատաղ էր անելու: Նարեկի ձայնը նվաղում է սա պատմելուց: Հիմա տան հյուրասենյակում Գրիգորի նկարներն են: Փոքրիկ Ադրիանային են մոտեցնում այդ նկարներից մեկը, եւ նա համբուրում է այն: Նարեկի եղբայրն ու Գրիգորի քույրն ամուսնացել էին եւ արդեն 1 տարեկան աղջիկ ունեն՝ Ադրիանան:

Սեպտեմբերի 27-ին Նարեկի 20-ամյակն էր: Ասում է՝ երբեք չի մոռանա, թե ոնց դիմավորեց այն: Կիրակի էր, եւ վերկացը կես ժամ ուշ էր: Արդեն լվացվում էին, որ հետո շարքով պիտի գնային ճաշարան, երբ ԱԹՍ-ների ու հրետակոծության ձայներ լսեցին: Դա անսպասելի չէր զինվորների համար: Սեպտեմբերի 25-ին ամբողջ զորամասին տագնապ էին տվել եւ դիրքեր բարձրացրել: Զորամասի հրետանու պետը, սակայն, Նարեկի մարտկոցին ասել էր, որ իրենք չեն բարձրանա, քանի որ սպա չունեն: Նարեկը պատերազմի ժամանակ ինքնակամ է ստանձնել մարտկոցի կառավարումը՝ տեսնելով, որ այն հրամանատար չունի:

«Համ հավատում էինք, որ պատերազմ է լինելու, համ չէ, բայց պատրաստ ենք եղել, ուսիլենի եղել է»,- նշում է Նարեկը:

Սեպտեմբերի 27-ի առավոտյան զորամասն սկսել էր հրետակոծվել: Այդ ժամանակ Նարեկը ստանձնել էր մարտկոցի կառավարումն ու բարձրացրել մարտական դիրք: Նա մարտկոցի ավագ վարորդն էր:

«Վերադասից նշանակետ էի ուզում, որ խոցեմ: Սկզբից չէին ուզում տալ, որովհետեւ մտածում էին՝ վարորդի պաշտոնը զբաղեցողը, շարքային զինվորը չի կարող խնդիր կատարել: Հետո դիվիզիոնի հրամանատարը՝ փոխգնդապետ Հայկազ Հովհաննիսյանը, նշանակետ տվեց՝ 146 դիրքի դիմացը կուտակումներ էին: Առաջին նշանակետը շատ լավ եմ հիշում, 4 հրանոթով խոցել եմ»,- ասում է Նարեկը:

Առաջին օրը թշնամու հրետանին թիրախավորել էր Նարեկենց դիրքը: Արկերից մեկի հարվածային ալիքը Նարեկին շպրտել էր ու ոտքի վրա թեք ընկել էր: Ընկերներին ասել էր, որ շտապօգնություն չկանչեն ու զորամաս չիջեցնեն: Արկերի արկղից տախտակի մի կտոր էր պոկել ու կապել ոտքին: «Ու էդպես 44 օր էդ ոտքով հա՛մ շրջափակման մեջ եմ եղել 2 օր, հա՛մ կռվել եմ մինչեւ վերջին օրը»,- նկատում է զրուցակիցս:

Նարեկի ծննդյան օրն անցավ ռումբերի եւ արկերի պայթյունների տակ, վիրավոր ընկերներին տեսնելով, կապով զոհերի մասին լսելով:

Նարեկի ղեկավարած մարտկոցում 25 հոգի էին: Ասում է՝ բոլորը գիտեին, որ իրենց մարտկոցում ընտանեկան մթնոլորտ է: Ինքը, բացի ավագ վարորդի պարտականություններից, շատ բան էր հասկանում հրանոթից, մեքենաներից, նշանառումից, դիրքեր զբաղեցնելուց: Այդ ամենը սովորել էր ծառայության ժամանակ դասակի հրամանատարից, որը մինչեւ պատերազմը զորացրվել էր:

Սեպտեմբերի 27-ի առավոտյան դիրքեր բարձրանալուց Նարեկն իր մեքենայով էր՝ «Սադկո» բեռնատարով, որին կցված էր 2-տոննայանոց ջրի բաքը: Պատերազմից 1-2 օր առաջ բաքն ամբողջությամբ լցրել էր, որպեսզի պատրաստ լինի եւ իր հետ դիրքեր բարձրացնի:

«Իմ մեքենայով եմ բարձրացել, իմ հետեւից 4 «Ուրալները»՝ հրանոթները հետեւից կցած, գալիս էին: Դիրքեր բարձրանալուց մի հատված կար, մեր ամբողջ պոստերի լինիան երեւում էր, մենք արդեն դիտարկվում էինք էդտեղից: Մինչեւ էդ էլ չեմ հավատացել, որ կարար էսպիսի կռիվ սկսվեր, ու պոստերի վրայից էդ ամբողջ փոշին, կրակոցները տեսա, էդ ժամանակ հակառակորդը նկատել էր մեր շարասյունը: Ընթացքի ժամանակ մի ական ընկավ իմ մեքենայի կողքին, մեքենաս թեքվեց ձախ կողմի վրա, ու կարողացա ուղղեմ, նորից շարունակեմ եւ ռացիայի օգնությամբ մնացած վարորդներին կապ տվեցի, որ տարածությունը մեծացնեն ու խաչաձեւ վարում անեն՝ մեկը մյուսից ձախ եւ աջ, հեռավորությունը մեծացնեն 100 մետր, որպեսզի հակառակորդին դժվար լինի նշանառել մեր շարասյունը: Բարեհաջող հասանք դիրքեր եւ կարողացանք մեր խնդիրը կատարել»,- պատմում է Նարեկ Ավետիսյանը:

Դժվարանում է հստակ ասել, թե մինչեւ երբ են մնացել Ջրականի դիրքերում, բայց նշում է, որ մինչեւ հոկտեմբերի 5-6-ը այնտեղ էին: Հետո հրաման էր եկել նահանջելու Հադրութ-Ջաբրայիլ խաչմերուկի մոտ եւ այնտեղ դիրքավորվելու: Այդտեղից էին կատարում մարտական առաջադրանքը: Ապա դարձյալ հրաման էին ստացել՝ վերադառնալ Ջրականի պահեստային դիրքեր: Նարեկն ասում է, որ այդ ժամանակ հույս ունեին, թե թշնամին նահանջել է:

Հոկտեմբերի 8-ին նահանջել են Հադրութ, բայց մեկ օր հետո հրաման է եղել Հադրութից տեխնիկայով դուրս գալ եւ Ազոխ գյուղ գնալ: Հադրութից դուրս գալու ժամանակ թշնամին թիրախավորում էր մեքենաները:

«Իմ դիմացով իմ հրամանատարն էր գնում, պտտվեց, նորից գնաց Հադրութի կողմ: Նորից գնացինք Հադրութ: Հրաման եղավ, որ ոտքով սարը բարձրանանք: Բարձրացանք «Թութակներ»: Շատ ժայռեր էին, ծառերը՝ իրար մոտ, անցնելը դժվար էր: Մեր դիվիզիոնի հրամանատրը՝ փոխգնդապետ Հայկազ Հովհաննիսյանը, դիմացով էր գնում, ու էդ ժամանակ կապն ընդհատվեց իր հետ: Մեկս մյուսին օգնելով՝ բարձրացել ենք սարը: Շրջափակումից դուրս ենք եկել, բայց տեխնիկան մնացել էր Հադրութում, հետո հադրութցիները հանել էին մեր մեքնենաները՝ 4 մեքենա եւ 4 հրանոթ, ու հենց հասան մեզ, նորից դիրք ենք բարձրացել ու սկսել մեր աշխատանքը»,- պատմում է Նարեկը: Հայկազ Հովհաննիսյանի դին երկու ամիս առաջ են գտել:

Հոկտեմբերի 11-ին Ազոխ են գնացել, հաջորդ օրը երեկոյան կրկին նահանջի հրաման է եղել, շարժվել են Հադրութի Դրախտիկ գյուղ, ապա՝ կրկին նահանջ, շարժվել են Կարմիր Շուկայի ուղղությամբ: Այդտեղ թշնամին, ըստ Նարեկի, օդապարիկով ռումբ է կիրառել, եւ դարձյալ հրաման են ստացել նահանջել Մարտունու Կոլխոզաշեն գյուղ:

Նարեկն ասում է՝ շատ տեղանանուններ չի հիշում, բայց վերջին դիրքը եղել է Մսմնա գյուղում: Այդտեղ են մնացել մինչեւ նոյեմբերի 9-ը, ինչից հետո նրանց տեղափոխել են Իվանյան: Հոկտեմբերի 16-ին Նարեկին լեյտենանտի կոչում են տվել: Մինչեւ զորացրվելը ծառայել է որպես լեյտենանտ:

-Ի՞նչ ես կարծում՝ ինչու՞ քեզ տվեցին այդ կոչումը:

-Երեւի որ կարողացա մարտկոցը ղեկավարել: Վարորդ եմ եղել, բայց հրանոթի նշանառությունից հասկացել եմ, հրանոթը ճիշտ մարտի բերելուց հասկացել եմ,- պատասխանում է լեյտենանտ Ավետիսյանը:

-Իսկ ինչի՞ էիր հետաքրքրվում տեխնիկայով:

-Սիրում էի էդ տեխնիկան ու մտածում էի, որ հայ ենք, ու հայ ազգը միշտ պատերազմ է տեսել:

Հոկտեմբերի 15-ին թեժ մարտերի ժամանակ զոհվել է Նարեկի մանկության ընկերը՝ Գրիգոր Դավթյանը, ում հետ եղբոր պես էին: Նարեկն այդ մասին իմացել է հոկտեմբերի 23-ին: «Շատ ահավոր օրեր էին, ու էդ ժամանակ իմ կռիվը հակառակորդի դեմ լրիվ ուրիշ է եղել, մտածել եմ, որ պիտի վրեժխնդիր լինեմ, պատերազմն ավարտվել է, ես հարազատներիս, ընտանիքիս մոտ եմ, բայց ամեն րոպե պատրաստ եմ իմ պարտքը տալու, վրեժխնդիր լինելու»,- ասում է նա:

Նոյեմբերի 10-ի առավոտյան մարտկոցի տղաների ծիծաղի ձայներից է արթնացել, ասել էին, որ պատերազն ավարտվել է: Նարեկը սկզբից չէր հավատացել, բայց երբ դուրս էր եկել, ոչ մի պայթյունի ձայն չկար: Անմիջապես տուն էր զանգել, տնեցիները հաստատել էին լուրը:

Նոյեմբերի 9-ի հայտարարության եւ պատերազմի ավարտի մասին Նարեկն ասում է. «Ամենառաջինը ցավ եմ զգացել, որ այդքան կորուստներ ենք ունեցել»:

-Ինչի՞ պարտվեցինք:

-Մենք պարտվել ենք մեր կորուստներով: Որովհետեւ կռվել ենք մի քանի պետության դեմ: Հակառակորդն ուներ խոցող անօդաչուներ, մենք չունեինք: Իրենց տեխնիկան ավելի նոր էր, մերը՝ հին, բայց մենք մեր հին տեխնիկայով շատ բան ենք կարողացել,- պատասխանում է նա, ապա շարունակում,- հիմա որ վերադարձել ենք պատերազմից, մենք ապրում ենք մնացածի փոխարեն, մենք պետք է էնպես ապրենք, որ մեր ընկերները, ախպերները վերեւից տեսնեն ու ուրախանան: Հիմա իմ կյանքում ամեն քայլս անում եմ գիտակցած:

Զորացրվելուց առաջ Նարեկը զեկուցագիր էր գրել՝ խնդրելով զորացրումը մեկ օր հետաձգել: «Այդ օրը չէի կարող մտնել մեր համայնք, իմ տուն, որովհետեւ այդ օրը իմ ընկերները՝ Գրիգորը, Սերժը, չէին գալու… Նրանք երբեք չէին գալու»,- ասում է նա:

Նարեկը հիմա վարսավիրություն է սովորում Արարատի ուսումնարանում: Երբ ավարտի, կաշխատի հոր հետ: Պարոն Հովհաննեսը համայնքի աենահին վարսավիրներից է՝ 1990-ականներից մինչ օրս աշխատում է:

Սեպտեմբերին Նարեկին վիրահատել էին՝ ողնաշարժի ճողվածք ուներ: Երբ տարբեր տեղեր էին դիմել՝ պետպատվերով վիրահատությունն անելու, մերժել էին՝ ասելով, որ ծառայության մեջ չէ: Նարեկն ասում է՝ տարօրինակ է, որովհետեւ ինքը համարվում է պահեստազորի սպա:

Զրույցից հետո, երբ տուն ենք մտնում, Նարեկը ցույց է տալիս իր սենյակի կիտրոնի ծառը, հետո զգեստապահարանից հանում է պատերազմի օրերի զինվորական համազգեստը: Ինչ ունեցել է կռվի օրերին, գրպաններում է թողել՝ փոքրիկ աղոթագիրքը, կրակայրիչով լապտերը, դպրոցականներից մեկի նամակը եւ մի տրցակ բանալիներ: Դրանք դիվիզիոնի վարորդների սենյակի բանալիներն են:

-Մի օր կբացե՞ք այն:

-Անպայման,- ասում է եւ մեղմ ժպտում:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի, տեսանյութը՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter