
Ա. Սիմոնյան. «Իմ եղբայրը աշխատում է որպես տնօրեն, իր ունեցվածքը այդ շահումից ո՛չ ավելանալու է, ո՛չ պակասելու»
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կոռուպցիոն որևէ ռիսկ չի տեսնում այն հարցում, որ եղբոր ղեկավարած կազմակերպությունը մասնակցում է պետական մրցույթներին և հաղթում:
«Դեղին մամուլի հարցերին չեմ պատասխանում… Էդ մարդիկ, ովքեր գրում են, իրենք ուղղակի զբաղված են Ալեն Սիմոնյան անուն-ազգանունով որևէ հոդված ստեղծելով»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց Ալեն Սիմոնյանը եղբոր ղեկավարած կազմակերպության` մրցույթում հաղթելու մասին հարցին:
Ըստ ԱԺ նախագահի` իր եղբոր ղեկավարած կազմակերպությունը 40-ից ավելի մրցույթի է մասնակցել և հաղթել օրենքով նախատեսված կարգով: Նա նաև հավելեց` կան կազմակերպություններ, որոնք այս կամ այն կերպով փոխկապակցված են տարբեր ընդդիմադիր թևերի հետ:
«Էսօր էնքան հիմար, շինծու բաներից են խոսում, որ խոսքի նկատմամբ արժեքը կորել է, մարդիկ չեն հավատում որևէ ինֆորմացիայի: Իմ եղբայրը աշխատում է որպես տնօրեն, կարող էր որպես հաշվապահ աշխատել, բայց սեփականության հետ կապված իր ունեցվածքը այդ շահումից ո՛չ ավելանալու է, ո՛չ պակասելու: Այսինքն իմ եղբայրը պետք է որևէ տեղ չաշխատի՞, սա շինծու թեմա է: Գտեք մի բան, գտեք եղբորս դղյակները, ունի արդյոք դղյակներ, որտեղ է ապրում, ինչ մեքենաներ ունի, ինչ պայմաններում է ապրում, որքան է աշխատավարձը»,- ասաց նա:
Սիմոնյանի համոզմամբ` նման հրապարակումներն են նաև պատճառ դարձել, որ խոսքի նկատմամբ վստահությունը կորել է, լրագրողների նկատմամբ քննադատությունն էլ` ավելացել:
Անդրադառնալով Freedom House-ի քննադատություններին` ուղղված հայաստանյան իշխանություններին` ծանր վիրավորանքի ու հայհոյանքի քրեականացման օրենքի վերաբերյալ, Ալեն Սիմոնյանն ասաց, որ այն ի գիտություն են ընդունում, հետևություններ կանեն, սակայն այս պահին նման օրենքի անհրաժեշտություն կա:
«Ով խոսափող կամ ինտերնետ ունի, իրեն իրավունք է վերապահում սեռական բնույթի հայհոյանք տալ, մենք խնդիր ունենք էստեղ: Վիրավորանքի քրեականացումը գործում է տարբեր եվրոպական երկրներում»,- ասաց նա:
Սիմոնյանը նաև հիշեցրեց իր հեղինակած նախագիծը, որով վիրավորանքի և զրպարտության համար սահմանվում է համապատասխանաբար մինչև 3 և 6 միլիոն դրամ տուգանք: ՍԴ-ն քննել է այս փոփոխությունները` համարելով Սահմանադրությանը համապատասխանող:
«Չեմ կարծում, որ սեռական բնույթի հայհոյանք տալը խոսքի ազատություն է, դա ինձ համար խոսքի ազատություն չէ»,- եզրափակեց ԱԺ խոսնակը:
Մեկնաբանել