HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Էկոնոմիկայի նախարարությունը չի բացառում, որ Հայաստանից ԱՄՆ արտահանվող ալյումինե նրբաթիթեղի քննարկվող նոր տուրքը նվազեցվի

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը վստահեցնում  է, որ Արտաքին գործերի նախարարության հետ համատեղ անհրաժեշտ աշխատանքներ է իրականացրել Հայաստանից ԱՄՆ արտահանվող ալյումինե նրբաթիթեղի նկատամբ լրացուցիչ տուրքի իջեցման ուղղությամբ: Այդ աշխատանքները շարունակվում են: Այս մասին «Հետքի» հարցմանն ի պատասխան նշել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Արմինե Խառատյանը:

Ըստ նրա՝ աշխատանքներին մասնակցել է նաև «Ռուսալ Արմենալ» ընկերությունը, որը Հայաստանից ալյումինե նրբաթիթեղի միակ արտահանողն է:

Ամերիկայի Միացյալ Նահանգները հինգ երկրից ալյումինի ներմուծման նոր հակադեմպինգային տուրքեր է սահմանել: Հայաստանն այդ երկրների ցանկում է: Ըստ ամերիկյան կողմի՝ այս տուրքերը սահմանվել են ամերիկյան տեղական արտադրողներին պաշտպանելու համար: Դեռևս 2020 թվականի սեպտեմբերին արտադրողները պետությանը բողոքել են, որ ԱՄՆ-ում նշված երկրներից ներմուծվող ալյումինն ավելի էժան գնով է վաճառվում, քան ամերիկյան արտադրության ալյումինն է: 

Որոշում է կայացվել հակադեմպինգային լրացուցիչ տուրքեր սահմանել Հայաստանից, Բրազիլիայից, Ռուսաստանից, Օմանից ու Թուրքիայից ներմուծվող ալյումինե նրբաթիթեղի համար, որի արդյունքում կբարձրանան նշված երկրներից ԱՄՆ արտահանվող ալյումինե նրբաթիթեղի գները: Սահմանվել են հետևյալ չափի տուրքեր.

  • Հայաստան - 29.11%
  • Բրազիլիա - 13.93-63.05%
  • Օման - 5.82%
  • Ռուսաստան - 62.18%
  • Թուրքիա - 4.88%

Տուրքերը վերջնական պետք է հաստատվեն մինչև այս տարվա նոյեմբեր:

Էկոնոմիկայի նախարարությունը չի բառացում, որ Հայաստանի համար սահմանված տուրքը նվազի՝ հաշվի առնելով, որ Հայաստանը ոչ մեծ ծավալի արտահանում է իրականացնում դեպի ԱՄՆ:

«Ամերիկյան կողմը դեռևս ուսումնասիրում է Ռուսաստանի, Հայաստանի, Բրազիլիայի, Թուրքիայի և Օմանի արտադրած փայլաթիթեղի ազդեցությունը տեղական արտադրության վրա: Քանի որ վերջին տարիներին Հայաստանից ԱՄՆ արտահանվել է տարեկան 30-40 մլն դոլարի փայլաթիթեղ, ինչը կազմել է ԱՄՆ շուկայի չնչին մասը՝ մեկ տոկոսից պակաս, ապա չի բացառվում, որ մեր երկրի համար տուրքը նվազեցվի»,- նշված է մեր հարցման պատասխանում:

Հայաստանի մաքսային ծառայության տվյալներով՝ 2020 թվականին Հայաստանից արտահանվել է 35 167 տոննա ալյումինե նրբաթիթեղ՝ մոտ 95 մլն դոլար մաքսային արժեքով: Ըստ արժեքի՝ արտահանված ալյումինի 34%-ը առաքվել է ԱՄՆ, 30%-ը՝ Գերմանիա: Առաջին հնգյակում այս երկու երկրին հաջորդում են Լեհաստանը (10%), Նիդերլանդները (8%) և Իտալիան (4%): Ըստ քանակի ևս արտահանման ուղղությունները գրեթե նույն կշիռներն ունեն: 

Գլխավոր լուսանկարը «Հետք»-ին է տրամադրել «Ռուսալ-Արմենալ»-ը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter