Ալիևը «Պանդորայի փաստաթղթերով» իր ընտանիքի մասին նյութերի հետևում ՀՀ-ի հետ փոխկապակցված արևմտյան շրջանակներին է տեսնում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իտալական La Repubblica պարբերականին տված հարցազրույցում խոսել է «Պանդորայի փաստաթղթեր»-ի և դրա շրջանակներում իր ընտանիքի անդամների վերաբերյալ արված լրագրողական հետաքննությունների մասին։
«Գիտե՛ք՝ ես վաղուց եմ բախվում այդպիսի հարցերի։ Հաշվի առնելով քաղաքական կոնյուկտուրան՝ ժամանակ առ ժամանակ Արևմուտքի որոշ ուժեր փորձում են օգտվել զրպարտությունից, որպեսզի փչացնեն Ադրբեջանի իմիջն ու թուլացնեն նրա դիրքերը»,- հայտարարել է Ալիևը։
Խոսելով «Պանդորայի փաստաթղթեր»-ի մասին՝ Ալիևը նշել է, թե դա լրագրողական հետաքննություն չէ, այլ Հայաստանի հետ սերտ կապ ունեցող արևմտյան շրջանակների ձեռքի գործը։
«Հայտնի է, թե դրա հետևում ով է կանգնած։ Պարզ է, թե ինչու են հիշատակում նաև Ադրբեջանին։ Բնական է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակը անակնկալ էր շատերի համար։ Դա նրանց դուրը չի եկել... Հայաստանի հետ սերտ կապեր ունեցող արևմտյան շրջանակներն ակտիվացել են։ Մենք սպասում էինք դա և գիտեինք, որ կրկին կսկսվի Ադրբեջանին սևացնելու արշավը»,- հայտարարել է Ալիևը։
Ալիևը հավելել է, որ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց առաջ զբաղվել է ձեռնարկատիրությամբ՝ ընդգծելով, որ հաջողակ գործարար է եղել։ «Նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո ես հեռացել եմ բիզնեսից և փոխանցել այն իմ երեխաներին։ Նրանց կապիտալը հիմնականում Ադրբեջանում է, սակայն կա նաև նրա սահմաններից դուրս։ Նրանց ամբողջ բիզնես գործունեությունը թափանցիկ է»,- ասել է Ալիևը։
Ալիևի խոսքերով՝ ինքը չի ծանոթացել այդ փաստաթղթերին՝ հավելելով, որ իրեն զեկուցել են այդ մասին և, հնարավոր է, այնտեղ կա 5 % ճշմարտություն։ Մնացածը, Ալիևի պնդմամբ, կեղծիք է։
Հիշեցնենք, որ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) հետաքննություն էր հրապարակել, որտեղ պարզ էր դառնում, որ Ալիևների ընտանիքը և նրանց հետ փոխկապակցված անձինք Լոնդոնում գրեթե 700 մլն դոլար արժողությամբ անշարժ գույք են ձեռք բերել։ Ալիևի երեք զավակները և փոխկապակցված երկու անձինք, օգտագործելով գաղտնի օֆշորային կազմակերպություններ, ձեռք էին բերել շքեղ պենտհաուսներ (բարձրահարկ շենքերի վերին հարկում գտնվող շքեղ բնակարան), կոմերցիոն գրասենյակային տարածքներ և նույնիսկ պանդոկ Լոնդոնի կենտրոնում։
Ալիևի երկու դուստրերին, որդուն, աներոջը և ընտանիքի մտերիմ երկու գործընկերների՝ Լոնդոնում ունեցած անշարժ գույքը գնահատվել է 429 մլն ֆունտ ստերլինգ կամ 694 մլն դոլար։ Ընդ որում, հետաքննությունից պարզ էր դարձել, որ դրանց մեծ մասը ձեռք էր բերվել կանխիկ։ Ալիևներին պատկանող գույքը տարիներ շարունակ թաքցվել է օֆշորային ընկերությունների հետևում, որոնց թվում են Sheldrake Six-ը և Fliptag Investments-ը։
Հետաքննությամբ հայտնաբերվել էին նախկինում անհայտ 84 օֆշորային կազմակերպություններ, որոնք գրանցված են եղել Բրիտանական Վիրջինյան կղզիներում և 2006 թվականից պատկանել են Ալիևներին և նրանց հետ փոխկապակցված անձանց։ Այդ ընկերությունները միմյանց հետ փոխկապակցված են եղել, իսկ միևնույն մարդը տարբեր պաշտոններ է զբաղեցրել այդ ընկերություններում։
Հետաքննությունից նաև պարզ էր դառնում, որ Իլհամ Ալիևի որդին՝ Հեյդար Ալիևը, իր առաջին օֆշորային ընկերությունը ունեցել է 11 տարեկանում, երբ դեռ դպրոցական էր, իսկ դուստրերից մեկը՝ Արզուն, որը Լոնդոնում հոգեբանություն է սովորել, իր առաջին ընկերության հիմնադրման ժամանակ 19 տարեկան էր։ Չնայած այդ ընկերությունների մի մասը վերջին տարիներին փակվել է, իսկ անշարժ գույքի մի մասը՝ վաճառվել, 2017 թվականին Ալիևները 191 մլն դոլարի անշարժ գույք են փոխանցել մի հիմնադրամի, որը ստեղծվել և վերահսկվում է Իլհամ Ալիևի աներոջ կողմից։
Լուսանկարը՝ Russian Foreign Ministry Press Service via AP
Մեկնաբանել