
Ալիևն ու Էրդողանը նոյեմբերի 8-ին կմասնակցեն Վարանդայի օդանավակայանի բացման արարողությանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 8-ին մեկօրյա այցով կժամանի Ադրբեջան, որտեղ Իլհամ Ալիևի հետ Վարանդայում (Ֆիզուլի) կմասնակցի օդանավակայանի բացման արարողությանը։ Այդ մասին հայտնում է թուրքական Haberturk հեռուստաընկերությունը։
Բաքվից այդ օդանավակայան առաջին թռիչքն իրականացվել է 2021 թվականի սեպտեմբերի 5-ին։ Արդեն իսկ շահագործման է հանձնվել 3000 մետր երկարություն և 60 մետր լայնություն ունեցող թռիչքուղին։
Ավելի վաղ գրել էինք, որ առաջիկայում Էրդողանը նախատեսում է այցելել Ադրբեջան։ Նման հայտարարությամբ նա հոկտեմբերի 1-ին հանդես էր եկել Թուրքիայի 27-րդ գումարման խորհրդարանի աշնանային նստաշրջանին իր ելույթի ժամանակ։ Ելույթի ընթացքում Թուրքիայի նախագահը խոսել էր նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասին՝ նշելով, որ իրենք կիսել են ադրբեջանցիների հետ ուրախությունը։ «Ադրբեջանցի եղբայրների հետ մենք կիսել ենք ուրախությունը։ Առաջիկա շաբաթների ընթացքում մենք նորից կհանդիպենք նրանց հետ»,- նշել էր Էրդողանը։
Նույն ելույթի ընթացքում նա հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ որոշ երկրներ ակնհայտ թշնամական վերաբերմունք են ունեցել Ադրբեջանի, հետևապես նաև՝ Թուրքիայի նկատմամբ։ «Մենք երբեք չենք մոռանա բացահայտ թշնամական վերաբերմունքն Ադրբեջանի նկատմամբ»,- հավելել էր Էրդողանը։
Ավելի ուշ, Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը ևս հաստատել էր, որ Էրդողանը կմասնակցի Վարանդայի (Ֆիզուլի) օդանավակայանի պաշտոնական բացման արարողությանը։
Լուսանկարը՝ milliyet.com.tr-ից
Մեկնաբանել