
Ֆիննախ․ «Ըստ Standard & Poor’s-ի՝ Հայաստանը հաղթահարել է համավարակի և ռազմական կոնֆլիկտի հետևանքները»
Երեկ հայտնի դարձավ, որ Standard & Poor’s միջազգային գործակալությունը վարկանիշ է շնորհել Հայաստանի Հանրապետությանը։ Այս մասին Կառավարության հոկտեմբերի 14-ի նիստում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա խնդրեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին ներկայացրել մանրամասներ։
«Առաջին տարին է, որ Standard & Poor’s կազմակերպությունը վարկանշել է Հայաստանին և շնորհել է արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման B+ սուվերեն վարկանիշ՝ դրական հեռանկարով:
Առաջին տարին է նաև, որ միաժամանակ Հայաստանին վերաբերող զեկույցներ է հրապարակել վարկանշավորման ոլորտում աշխարհի առաջատար եռյակը՝ Moody’s, Fitch-ը և Standard & Poor’s-ը»,- նշեց նախարարը։
Նրա խոսքով՝ եթե Moody’s-ի և Fitch-ի վարկանշավորումը սուվերեն էր և վերաբերում էր միայն Հայաստնաի վարկունակությանը, ապա Standard & Poor’s-ի առանձնահատկությունն այն է, որ սուվերենից բացի, այն միաժամանակ սահմանել է նաև փոխանցման և փոխարկելիության գնահատական, ինչը կարևոր է մասնավոր հատվածի համար։
«Վերջինս սահմանվել է B, B-, ինչը նշանակում է, որ Հայաստանի մասնավոր հատվածի ձեռնարկություններն ու ֆինանսական հաստատությունները Standard & Poor's-ի կողմից վարկանշվելու դեպքում կարող են ստանալ Հայաստանի սուվերեն վարկանիշից մեկ մակարդակ բարձր վարկանիշ։
Standard & Poor’s-ի սուվերեն վարկանիշի դրական հեռանկարն արտահայտում է կազմակերպության գնահատականն այն մասին, որ Հայաստանում տնտեսական վիճակի բարելավվման ուղղված գործոնները գերակշռող են, և առաջիկա 12 ամսվա ընթացքում կարող են բերել Հայաստանի սուվերեն վարկանիշի բարձրացմանը»,- ասաց Տիգրան Խաչատրյանը։
Ըստ ֆինանսների նախարարի՝ Standard & Poor’s-ը նշել է, որ հետագայում՝ 2-3 տարիների ընթացքում, եթե Հայաստանում տնտեսական աճի սպասումները արդարացվեն, արտաքին խոցելիությունը նվազի, և եթե պետական բյուջեի կատարողականը լինի սպասվածից դրական, ապա դա կբերի նաև երկրի սուվերեն վարկանիշի հետագա բարելավման։
Նախարարը նշեց, որ B+ վարկանիշը հիմնված է այն գնահատականների վրա, որ չնայած արտաքին էական ճնշումներին՝ Հայաստանը հաղթահարել է համավարակի և ռազմական կոնֆլիկտի հետևանքները՝ առանց վտանգելու երկրի տնտեսական կայունությունը։ Կազմակերպությունն ակնկալում է, որ Կառավարության 5-ամյա ծրագրի իրագործումը կհանգեցնի ավելի արագ տնտեսական աճի։
«Հիմնական առանձնահատկությունը նրանում է, որ մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունները, այդ թվում՝ ֆինանսական կազմակերպությունները, միջազգային վարկանիշ ստանալու ավելի մատչելի հնարավորություն են ստացել, և դրա ներքո թե՛ Հայաստանի, թե՛ արտաքին շուկաներում ավելի հարմար և հասանելի պայմաններով ֆինանսական միջոցներ են կարողանալու ներգրավել»,- հավելեց Խաչատրյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ վերջին տարիներին Կառավարությունը 2 անգամ եվրոբոնդերի թողարկում է իրականացրել և 2 անգամ էլ տոկոսների «պատմական մինիմում» է արձանագրվել։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ նշեց, որ մինչ այս հայկական որոշ մասնավոր ընկերություններ ունեցել են ստանդարտի վարկանշավորում, սակայն առանց սուվերեն ռեյտինգի այդ գործընթացն ավելի դժվար կընթանար։
Նախարարի խոսքով՝ ի տարբերություն Moody’s-ի և Fitch-ի՝ Standard & Poor’s-ը տվել է դրական եզրակացություն, մյուսները տվել էին կայուն հեռանկարով։
«Իրենք առանձնացրել են, որ Կառավարության ծրագրի իրագործումը հնարավորություն կտա սուվերեն ռեյտինգի բարձրացման»,- ասաց Վահան Քերոբյանը։
Մեկնաբանել