Զոհված զինվորի պապը քաղաքական ապաստան է խնդրում
Վահե Սարուխանյան
Արարատ Դավթյան
«Իմ անունը Կարո Այվազյան է` ծնված 3.5.89: Ես գրում եմ զինվորական դատախազին: Ես Ամերիկայից արտաքսվել եմ Հայաստան, որտեղ չէի եղել 18 տարի: Երբ ժամանեցի այստեղ, անձնագիր չունեի: Գնացի զինկոմիսարիատ` իմանալու, թե ինչ է հարկավոր անձնագիր ստանալու համար: Զինկոմիսարիատում բաժնի պետն (նկատի ունի Արաբկիրի զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի նախկին պետ, փոխգնդապետ Արմեն Հակոբյանին- հեղ.) ինձ ասաց, որ չեմ կարող անձնագիր ստանալ, հարցրի` ինչու, եւ նա ինձ ասաց, որ նախ պետք է 2 տարի ծառայեմ բանակում:
Ես հարցրի, թե կարող եմ արդյոք մինչեւ բանակ գնալս անձնագիր ստանալ, որպեսզի կարողանամ աշխատել, քանի որ որեւէ շահույթ, փող չունեմ: Բաժնի պետը խնդրեց ինձ զրուցել միջանցքում: Ես դուրս եկա միջանցք, նա ասաց, որ կարող է ամեն ինչ դասավորել, իսկ ես ասացի, որ դա շատ լավ կլինի: Հետո նա ինձ հարցրեց, թե ինչու են ինձ արտաքսել, ասացի, որ 3 տարի բանտում եմ եղել ավազակային հարձակումների պատճառով եւ, եթե հարկավոր է, ունեմ բոլոր անհրաժեշտ թղթերը: Նա ասաց, որ զինկոմիսարիատը չի ընդունի իմ թղթերը:
Ես հարցրի, թե ինչպես կարող եմ լուծել իմ հարցը, եւ նա հարցրեց` գիտեմ արդյոք ինչ է կանաչը: Պատասխանեցի, որ դա գույն է: Իսկ նա ասաց` չէ, այդ կանաչը չէ, ամերիկյան դոլարի կանաչը: Ես ասացի` այո, իսկ նա ասաց, որ 4000 դոլարով ինքը կարող է լուծել բանակի ու անձնագրի իմ բոլոր պրոբլեմներն ու ասաց, որ բանտի թղթերս չտանեմ, մինչեւ ինքը չուզի: Ես ասացի, որ այդքան փող չունեմ ու բացատրեցի, որ չեմ կարող աշխատանք գտնել ու դպրոց գնալ առանց անձնագրի: Նա պարզաբանեց, որ եթե փող չունեմ, ապա Երեւանն ինձ ավելի շատ պրոբլեմների առաջ է կանգնեցնելու, քան մտքովս կանցնի: Ես ասացի` ինչ պետք է անեմ, նա էլ պատասխանեց, որ պետք է բանակի հարցերով զբաղվեմ` հիվանդանոց գնամ եւ այլն»:
Սա հուլիսի 28-ին ԼՂՀ ՊԲ Մարտունու թիվ 36534 զորամասի մարտական դիրքերում զոհված 6 զինծառայողներից մեկի` Կարո Շուրիկի Այվազյանի նամակն է, որը նա գրել է 2009-ին` մինչեւ բանակ զորակոչվելը:
2.5 տարեկանում նա ամուսնալուծված մոր հետ Հայաստանից մեկնել էր ԱՄՆ, որտեղ արդեն 13 տարեկանից հայտնվել է բանտերում` թմրամիջոցների, զենք-զինամթերքի եւ ավազակային հարձակման մեղադրանքներով: Վերջին անգամ նստել էր Դենվերի բանտում, որտեղից նույնիսկ փախուստի էր դիմել:
2009-ի մայիսին ԱՄՆ կառավարությունը 20-ամյա Կարո Այվազյանին ձեռնաշղթաներով արտաքսել էր Հայաստան: Մոտ 6 ամիս անց ՀՀ պաշտպանության նախարարությունը նրան զորակոչել էր բանակ:
«Ասի` տղա ջան, ի՞նչ ես գրում, ասեց` էսի գրում եմ բողոք, որ էս մարդն ինձնից էս ա ուզել: Ասի` թող, ես ինքս կբողոքեմ»,- թոռի հետ զրույցն է հիշում Կարոյի մայրական պապը` Ջիվան Միքայելյանը:
70-ամյա ծերունին կատարվածի վերաբերյալ դիմել է զինդատախազություն: «Զինդատախազության քննիչ Ադամյանը (2-րդ հարկում էր նստում) ծամոնը բերանում ասում էր` եթե շատ խոսաս, երկուսիդ էլ (ինձ ու թոռանս) կդատեմ: Ինձ ինչի՞ պիտի դատեր, որ Հակոբյանը կաշա՞ռք ա ուզել: Դատախազությունը նույնիսկ ստեղից գնացել ա Ղարաբաղ: Երեխուն ասել են` գրի, որ Արմեն Հակոբյանի դեմ շանտաժ եք անում: Իրանք գրել են, թե իբր Կարոն շանտաժ ա արել, ինքն էլ ստորագրել ա, դա որքանո՞վ ա ճիշտ: Երեխեն հայերեն շատ վատ էր խոսում, իսկ գրել-կարդալ ընդհանրապես չէր իմանում»:
ԱՄՆ-ում Կարոյին արգելվել է զենք կրել, նույնիսկ նրա ընտանիքի անդամներին չի թույլատրվել զենք պահել, որպեսզի Կարոն դրանից հնարավորինս հեռու մնա: Սակայն նրան չզորակոչելու կամ Երեւանին մոտ զորամաս տեղափոխելու պապի խնդրանքները մերժվել են թե Արաբկիրի զինկոմ Քարամյանի, թե գլխավոր զինկոմ Չալյանի, թե գլխավոր շտաբի կազմազորահավաքային վարչության պետ Մարտիկյանի, թե իրավաբանական վարչության պետ Սեդրակյանի կողմից:
Շրջանառվող ոչ պաշտոնական վարկածի համաձայն` հենց Կարոն է ծագած վեճի արդյունքում գնդակահարել դասակի հրամանատարին, չորս ծառայակիցներին, ապա ինքնասպան եղել: Սակայն սրան ոչ նրա, ոչ էլ մյուս զոհերի հարազատները չեն հավատում:
ՊՆ-ն ցայսօր լռում է: Միայն հայտնի է, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 կամ ավելի անձանց սպանությունը): Նախաքննությունն իրականացնում է ՊՆ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննչական բաժնի խումբը, որը ստեղծվել է հենց այս նպատակով: Դեպքի հանգամանքներից զատ` ուսումնասիրվում է նաեւ Կարոյի զորակոչի օրինականությունը:
«Եթե շատ բողոքես, կասեն` էս մարդը գիժ ա, տարեք գժանոց, մի քիչ էլ շատ բողոքես, տնից դուրս կգաս, այլեւս չես վերադառնա»,- համոզված է զոհվածի պապը: Նա այլեւս չի հավատում, որ դեպքի մանրամասները արդարացիորեն կբացահայտվեն. «Քննությունը մտել ա փակուղի: Մի ամիս անցել ա: Բավական ա, որ էդ ստից գրուպան աշխատի»:
70-ամյա ծերունուն հատկապես զայրացնում է բարձրաստիճան պաշտոնյաների պահվածքը. «Պարոն նախարարը` Սեյրան Օհանյանը, նախ բոլորին պիտի տաներ Եռաբլուր, իրա զինվորն են, չէ՞: Կարո՞ղ էր հարցեր լուծել գերեզմանի եւ այլն, եւ այլն: Կարո՞ղ էր: Ո՞վ է բանի տեղ դնողը: Հայաստանի Հանրապետությունում մի հատ օրենք չկա, որ գործի: Այսինքն` կա, բայց դրանք հարուստների համար չեն, քյասիբների համար են… Էս մարդը` էս Արմեն Հակոբյանը, էսօր ազատ ման ա գալի: Բա հիմա ձեր պետությունը դա ա՞»:
Ծերունուն սպառնում են, նա քաղաքական ապաստան է խնդրում
Ջիվան պապը պատմում է, որ իրեն արդեն սկսել են սպառնալ ինչ-որ անհայտ անձինք, որոնք գիշերը գալիս են իրենց տուն, դարպասը ծեծում, ինքը վախից չի բացում, բայց հնարավոր է, որ մի օր էլ գան, պայթուցիկ գցեն դարպասից ներս ու բոլոր հարցերը փակեն. «Մինչեւ հիմա իմ տունը ոչ մեկը չի էկել, որովհետեւ ես ոչ մեկին վատություն չեմ արել: Հիմի ես որպես Հայաստանի քաղաքացի այլեւս վտանգի տակ եմ, ես քաղաքական ապաստան եմ խնդրում: Գիշերվա ժամը 11-ին գալիս են, թխկցնում են, շխկցնում են` եթե մի հատ բողոքես, եթե մի հատ սենց անես, մենք ձեզ… Ես էդ մարդկանց ոչ տեսել եմ, ոչ էլ ճանաչում եմ: Մի հինգ-վեց անգամ եկել են 3-4 հոգով: մութ ժամի են գալիս, դուռը չեմ բացում, վախում եմ. ինձի մտան խփեցին` ո՞վ ա պատասխան տալու»:
Հարցին, թե դիմել է ոստիկանություն, պատասխանում է հարցով. «Ո՞ր ոստիկանությանը, ես խնդրում եմ դուք ինձ ասեք` Հայաստանում ոստիկանություն կա՞: Հրամանով կա, բայց ոստիկանին դիմես, ի՞նչ կշահես: Հովհաննես Թումանյանը գրում էր.«Թե տանուտերին գանգատ ես գնում, բացի դուշմանից բան չես վաստակում, գողերի հետքը իր տունն է տանում»: Էդ նույն էլ մեր Հայաստանում ա: Ես Հայաստանից այլեւս հույս չունեմ ու չեմ էլ ունենա: Ես 70 տարեկան եմ, ուզում եմ, որ 2 տարի լավ ապրեմ, այսինքն` մի փոր հացի չեմ գնում, ստեղ էլ մի կտոր սեւ հաց կառնես, կուտես: Գոնե խաղաղ ապրեմ: Ո՞վ ա տերը էս երկրի: Էս երկրում անհնար ա ապրելը»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել