HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հոկտեմբերի 14-ին 23-ամյա Մուշեղը դարձավ մեկ տարեկան

«Մի քանի օր առաջ մաման կհարցներ, թե հոկտեմբերի 14-ին ծնունդդ պիտի նշե՞նք: Ես էլ զարմացած ասում եմ՝ ի՞նչ ծնունդ, ծնունդս փետրվարի 14-ին է: Լրիվ մոռացել էի, որ տարին կլրանա կոմայից դուրս գալուս: Մի խոսքով, դառնում եմ մեկ տարեկան»,-Մուշեղ ժպտում է՝ արեւից կկոցելով աչքերը: Գյումրեցի 23-ամյա ավագ լեյտենանտ Մուշեղ Մարտիրոսյանի մասին Հետք-ը պատմել է: Հրաշքով փրկված ու 17 օր մահվան դեմ պայքարած տղայի պատմությունը չէր գրվի, եթե չլիներ 44-օրյա արցախյան պատերազմը: 

Պատերազմ, որ շատերի կենսագրությունը փոխեց, հազարավորներինն էլ՝ ընդհատեց, Մուշեղի դեպքում՝ ծննդյան երկրորդ օր պարգեւեց ու առողջական որոշ խնդիրներ: Բայց նա չի դժգոհում: «Հայտնի խոսք կա, չէ՞, որ ասում է՝ Աստված, եթե մի դուռ փակում է, մյուսն անպայման բացում է: Ես համոզված եմ, որ եթե ինձ կյանք է վերադարձրել, եթե վերեւում որոշվել է, որ դեռ պիտի ապրեմ, կնշանակե նաեւ լավ բաներ են նախատեսված ինձ համար, հո՞ չի կարող անընդհատ վատը լինել,-նկատում է զրուցակիցս,-ու, ճիշտն ասած, իմ նշած դրական բաներն արդեն երեք ամիս է տեսնում եմ»

Մուշեղի զինվորական կարերիան ավարտված է: Ունի հաշմանդամության 2-րդ կարգ: Մուշեղը Արցախում ծառայության էր անցել 2019թ-ին, ապրում էր Շուշիում: Այդ ամենն այսօր մնացել են անցյալում: «Դե գիտեիք, որ դիմել էի Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի 6-ամսյա անվճար վեբ ծրագրավորման դասընթացներին, բայց չկարողացա շարունակել: Ընդամենը մեկ ամիս կարողացա դասերին մասնակցել՝ էն էլ հեռավար, որովետեւ էդ ընթացքում գլխի վիրահատություն տարա, մի երկու շաբաթ հիվանդանոցում էի, դասեր բաց թողեցի,- խոսելու ընթացքում Մուշեղը ձեռքը տանում է գլխին ու ծիծաղելով հարցնում,- չի երեւում, չէ՞, մի հատ պակասող ոսկոր կար էստեղ, դրա տեղը պլաստիկ դրեցին: Հետո, եղբայրս, որ Սինոփսիսում էր աշխատում, խորհուրդ տվեց մագիստրատուրայի պահով դիմել իրենց մոտ: Մի քիչ վախենում էի, թե կարող է ձախողվեմ, բայց ընդունվեցի»:

Մեկ ամիս առաջ Մուշեղն աշխատանքի առաջարկ է ստացել: Տղան, ում բժիշկները չէին տվել կյանք վերադառնալու երաշխիք, եւ անգամ, արթնացումից հետո հասարակության լիարժեք անդամը դառնալու հնարավորություն՝ վերածնումից մեկ տարի անց, խոսում է իր կյանքում տեղի ունեցած ու ունեցող դրական փոփոխություններից: «Ես ընդհանրապես նպատակասլաց մարդ եմ, նպատակ եմ դնում ու աշխատում հասնել, բայց պատերազմից հետո երբեմն հարցեր են լինում, որ սկսում եմ կասկածել, մտածում եմ, հը՞ն, կարող է չստացվի: Դրա համար, որ ասեցին Սինոփսիսից ուզում են թիմ ձեւավորել ու առաջարկեցին մրցութային փուլին մասնակցել՝ տատանվեցի: Մտածում էի, մի ամսվա ուսանողին ինչի՞ պիտի ընտրեն»,-պատմում է Մուշեղը:

Ընտանիքի անդամները պնդել են, որ մասնակցի: Մրցութային երկու փուլն անցել է հաջողությամբ ու ընտրվել: Ասում է՝ հարցազրույցի ժամանակ անկեղծորեն խոստովանել է. շատ բան չգիտի, ինչ գիտելիքների էլ, որ տիրապետում է, ձեռք է բերել մեկամսյա ուսումնառության ժամանակ: Հարցազրուցավարները գոհ են մնացել, խոստանալով՝ տղայի անցնելու դեպքում, ինչ էլ որ չգիտի, իրենք սովորեցնեն: «Հիմա թղթատարության փուլում ենք, համակարգիչ պետք է տան, դրանից հետո կսկսեմ աշխատել: Մեր թիմում գիտեմ, որ մագիստրատուրայի երկրորդ կուրսից մի աղջիկ կա ընդունված, թիմի մյուս անդամների հետ երեւի հետո կծանոթանամ էլի»,-նկատում է զրուցակիցս: 

Ընտանիք կազմելու մասին մտածում է, բայց չի շտապում: Մուշեղի սիրտն ազատ է: Ծիծաղելով նշում է, որ փնտրում է կարդացած, կենցաղից հասկացող, «տուն տանելու» աղջիկ: «Ինձ համար գեղեցիկ լինելը պարտադիր պայման չէ, բայց այ խելքը, կարդացած լինելը շատ կարեւոր է: Ցավոք, էնքան քիչ են գիրք կարդացողները, թողնես ամեն թփի տակ նկարվեն: Ինձ համար անընդունելի է հեռախոսի էկրանից էդ կախվածությունը: Ես ամեն դեպքում երկրորդ կեսին ընտրելու հարցին լուրջ եմ մոտենում»,-նկատում է Մուշեղը:

Հոկտեմբերի վերջին եւս մեկ վիրահատություն է սպասվում Մուշեղին, թերեւս վերջինը՝ աջ ականջի թմբակաթաղանթն են վերականգնելու: Զրուցակիցս ծիծաղում է. «Էդ է էլի, ռուբիկ-կուբիկի նման հավաքում են»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter