HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

6 վիրավորներից 2-ի վիճակը ծանր է․ իրավիճակն այս պահին հանգիստ է

Ադրբեջանական կողմը Մարտունու շրջանի Նորշեն գյուղի ուղղությամբ ժամը 22։00-ի սահմաններում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, որի ժամանակ 6 զինծառայող է վիրավորվել, նրանցից 2-ի վիճակը ծանր է։ Կրակոցներ են հնչել նաև Արցախի մի քանի այլ բնակավայրերի ուղղությամբ։ Այս մասին հայտարարություն էր տարածել Պաշտպանության բանակը։

«Հետքի» հետ զրույցում Արցախի ՆԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը նշեց, որ այս պահին իրավիճակը հանգիստ է։

«Այդ հատվածում՝ Նորշենից դեպի հարավ՝ Ստեփանակերտ, ռուս խաղաղապահները 2-րդ գծում են, առջևում հայկական դիրքերն են, դեռևս չպարզված պատճառով ադրբեջանցիները խախտել են հրադադարը, այս պահին հարաբերական հանգիստ է, վիրավոր զինծառայողները գտնվում են զինվորական հոսպիտալում»,- նշեց նա։

Քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նաեւ Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Ինչպես քիչ առաջ Պաշտպանության բանակը տեղեկացրել է, հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող:

Հորդորում եմ բոլորին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և «սկանդալային» տեղեկությունների աղբյուր դառնալու գայթակղությունից. բացի նշված վեց վիրավորից, որևէ այլ վիրավոր կամ զոհ չկա: Տվյալ հենակետում այդ պահին եղել է վեց զինծառայող, և բոլորն էլ վիրավորվել են: Իսկ երեք հոգի հենակետից դուրս էին գտնվում, և ոչ մի վնասվածք չեն ստացել:

Առողջապահության նախարարի հետ միասին ես այցելել եմ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ ու Հանրապետական բժշկական կենտրոն, հետևել բուժսպասարկման աշխատանքներին. այժմ էլ գտնվում եմ այնտեղ: Որոշակի հետազոտություններից հետո բժիշկները հավաստիացնում են, որ երկուսի վիճակը գնահատվում է ծանր, և, բարեբախտաբար, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

ՊԲ-ից տեղեկացրել են, որ շփման գծի որոշ կետերում արձանագրվել են հրաձգության դեպքեր, սակայն որևէ այլ հետևանք չի եղել: Այժմ իրավիճակը կայունացել է շփման գծի ողջ երկայնքով:

ԱՀ քաղաքական ու ռազմական ղեկավարությունը արտակարգ ռեժիմով քայլեր են ձեռնարկում իրավիճակի կայունացման ուղղությամբ՝ անհրաժեշտ որոշումներ կայացնելով ու հաղորդակցություն վարելով համապատասխան կողմերի հետ:

Խնդրում եմ մեր հայրենակիցներին ցուցաբերել հանգստություն, չտրվել կեղծ տեղեկությունների ու բամբասանքների: Պատկան մարմինները օպերատիվ ու կանոնավոր կերպով տեղեկություններ են ներկայացնելու իրավիճակի հետագա ընթացքի վերաբերյալ»,- գրել է Արտակ Բեգլարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter