HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Առաջարկվում է պետական հիմնարկներն այլևս չներառել 1000 խոշոր հարկատուների ցանկում

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) առաջարկում է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում այլևս չներառել պետական և համայնքային կառավարչական հիմնարկները։ Կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի որոշման մեջ համապատասխան լրացումը կատարելու նախագիծը ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ` սահմանված են հարկային մարմնի կողմից հարկ վճարողների ցանկերի հրապարակման կարգը և հրա­պա­րակ­ման ենթակա ցանկերի ձևերը: Նշված որոշումը սահմանում է նաև առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից հարկային տարվա ընթացքում վճարված հարկերի և վճարների մեծությունների ցանկը:

Այլ հարկ վճարողների հետ մեկտեղ նշված ցանկում ներառվում են նաև պետական և համայնքային կառավարչական հիմնարկները: Ինչպես նշում է Պետական եկամուտների կոմիտեն, տվյալ ցանկը հրապարակվում է հարկային մարմնի պաշտոնական կայքում և հասանելի է բոլորի համար, իսկ պետական և համայնքային կառավարչական հիմնարկների կողմից վճարվող հարկերը, ըստ ՊԵԿ-ի, ուղղակիորեն չեն բնութագրում նրանց գործունեության արդյունքները, այլ հանդիսանում են պետական բյուջեով նախատեսված միջոցների վերաբաշխման արդյունք, ուստի պետական և համայնքային հիմնարկները 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներառելու անհրաժեշտություն ՊԵԿ-ն այլևս չի տեսնում։

Հիշեցնենք, որ ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներառվում են տարբեր նախարարություններ, կոմիտեներ և պետական այլ հիմնարկներ։ Օրինակ՝ 2021թ․ առաջին կիսամյակի (հունվար-հունիս) տվյալներով՝ Պաշտպանության նախարարության աշխատակազմը համարվում է հանրապետության երրորդ խոշոր հարկատուն՝ իր վճարած մոտ 25,4 միլիարդ դրամի հարկերով։

Պետական եկամուտների կոմիտեի այս նախաձեռնությունը իրավական ուժ ստանալու համար դեռևս պետք է արժանանա կառավարության հավանությանը, և ըստ որոշման նախագծի՝ կարող է ուժի մեջ մտնել 2022թ․ հունվարի 1-ից և կտարածվի այդ ժամանակվանից հետո հրապարակվող ցանկերի վրա, որոնցում այլևս չեն ներառվի պետական և համայնքային կառավարչական հիմնարկները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter