HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իլհամ Ալիև. «Հայաստանն ու Իրանը Ղարաբաղի տարածքն օգտագործել են դեպի Եվրոպա թմրանյութեր փոխադրելու համար»

Հայաստանն ու Իրանը Լեռնային Ղարաբաղի տարածքն օգտագործել են դեպի Եվրոպա թմրանյութեր փոխադրելու համար։ Այդ մասին ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ըստ նրա՝ 30 տարի շարունակ Հայաստանն ու Իրանը Ջրականի (Ջաբրայիլ) և Կովսականի (Զանգելան) շրջաններն օգտագործել են թմրանյութերի անօրինական տեղափոխություն կազմակերպելու համար։

«Այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերականգնեց վերահսկողությունն Իրանի հետ պետական սահմանի 130 կիլոմետրանոց հատվածի վրա, որը մոտ 30 տարի եղել է Հայաստանի վերահսկողության տակ, մենք պատնեշ ենք դրել Իրանից Ջաբրայիլի շրջանով դեպի Հայաստան, իսկ այնուհետ Եվրոպա թմրանյութերի փոխադրման երթուղու վրա։ Ադրբեջանա-իրանական սահմանի ընդհանուր երկայնքով մեր կողմից բռնագրավված հերոինի ծավալները երկու անգամ աճել են նախորդ տարիների նույն ժամանակահատվածի հետ համեմատած»,- հայտարարել է Ալիևը։ Ըստ նրա՝ մոտ 30 տարի Հայաստանն ու Իրանը պայմանավորվածություն են ունեցել այդ շրջաններով Եվրոպա թմրանյութ փոխադրելու շուրջ։

Ալիևին իր ելույթում հակադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա պնդմամբ՝ Հայաստանն ու Իրանը համատեղ պայքարում են թմրանյութերի միջազգային թրաֆիքինգի դեմ։ «Մենք շատ սերտորեն աշխատում ենք Իրանի իրավապահ մարմինների հետ և արդյունավետորեն պայքարում ենք թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ: Մենք կարող ենք նաև թվեր ներկայացնել թմրանյութերի փոխադրման փորձերի կանխման ու առգրավված թմրանյութերի ծավալների մասին, որոնք պատերազմից հետո 3-4 անգամ ավելացել են»,- հայտարարել է Փաշինյանը՝ նշելով, որ այդ ցուցանիշները վկայում են, որ Հայաստանի ու Իրանի իրավապահները արդյունավետ պայքարում են թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ։

Իր ելույթի ընթացքում Ալիևը խոսել է նաև ռազմագերիների մասին՝ դարձյալ պնդելով, թե պատերազմի ընթացքում գերեվարված բոլոր հայ ռազմագերիներին Ադրբեջանը փոխանցել է Երևանին։ «Ադրբեջանը փոխանցել է բոլոր ռազմագերիներին շատ ավելի վաղ, քան Հայաստանը մեզ կփոխանցեր ադրբեջանցի ռազմագերիներին»,- նշել է նա։

Ալիևը կարծում է, որ շիրակցի գերիները, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո, «միջազգային կոնվենցիաների համաձայն չեն կարող ռազմագերի համարվել»։ Ալիևը շարունակել է պնդել, որ նրանք Բաքվի համար դիվերսանտներ են։  

Հիշեցնենք, որ շիրակցի գերիների նկատմամբ Բաքուն շինծու գործեր էր սարքել։ Նրանցից շատերը Բաքվում դատապարտվել են 5-6 տարվա ազատազրկման, որից հետո կարտաքսվեն այդ երկրից։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանություններ (1)

Julian
Aliyev's family have bought 700 million pounds worth of real estate in London, and this nonsense is his response to allegations of corruption?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter