HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լուկաշենկոն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ԱՊՀ-ն չօգտագործել իրենց հարաբերությունները պարզելու համար

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ԱՊՀ-ն չօգտագործել որպես «հարաբերությունները պարզելու հարթակ»։ Այդ մասին նա հայտարարել է Անկախ պետությունների համագործակցության գագաթնաժողովի ժամանակ, որը հոկտեմբերի 15-ին անցկացվում էր տեսակոնֆերանսի ձևաչափով։ 

Հանդես գալով հանդիպման ժամանակ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել էին հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման, հետպատերազմական իրավիճակի և հայ ռազմագերիների մասին։ Փաշինյանն ընդգծել էր, որ ԱՊՀ գագաթնաժողովի ձևաչափը չի համարում հարմար վայր Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների պարզման համար։ Ըստ նրա՝ այդ քաղաքական դիմակայությունն ընթանում է Հաագայի միջազգային դատարանում։

«Շնորհակալություն, դուք բացարձակ ճիշտ եք։ ԱՊՀ-ն առանձին հարցեր պարզելու հարթակ չէ։ Մենք չունենք այդպիսի իրավասություններ, գործառույթներ»,- հայտարարել է Լուկաշենկոն։ 

Նա Փաշինյանին և Ալիևին շնորհակալություն է հայտնել տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար։ «Այնտեղ ապրում են մեր ընկերները՝ և’ ադրբեջանցիները, և’ հայերը»,- նշել է Բելառուսի նախագահը։

Նույն հանդիպման ժամանակ, Ալիևն էլ իր ելույթում հայտարարել էր, որ Հայաստանն ու Իրանը Լեռնային Ղարաբաղի տարածքն օգտագործել են դեպի Եվրոպա թմրանյութեր փոխադրելու համար։ Ըստ նրա՝ 30 տարի շարունակ Հայաստանն ու Իրանը Ջրականի (Ջաբրայիլ) և Կովսականի (Զանգելան) շրջաններն օգտագործել են թմրանյութերի անօրինական տեղափոխություն կազմակերպելու համար։ 

Ալիևին հակադարձել էր Ն. Փաշինյանը։ Նա նշել է, որ Հայաստանն ու Իրանը համատեղ պայքարում են թմրանյութերի միջազգային թրաֆիքինգի դեմ։ «Մենք շատ սերտորեն աշխատում ենք Իրանի իրավապահ մարմինների հետ և արդյունավետորեն պայքարում ենք թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ: Մենք կարող ենք նաև թվեր ներկայացնել թմրանյութերի փոխադրման փորձերի կանխման ու առգրավված թմրանյութերի ծավալների մասին, որոնք պատերազմից հետո 3-4 անգամ ավելացել են»,- հայտարարել է Փաշինյանը՝ նշելով, որ այդ ցուցանիշները վկայում են, որ Հայաստանի ու Իրանի իրավապահները արդյունավետ պայքարում են թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ։

Լուսանկարը՝ РИА Новости / Сергей Гунеев

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter