
ՌԴ ԱԳՆ. Վրաստանը չի արձագանքել Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով նախաձեռնության ստեղծմանը
Վրաստանը որևէ կերպ պաշտոնապես դեռևս չի արձագանքել «3+3» ձևաչափով բանակցային նախաձեռնության ստեղծմանը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան- Ռուսաստան, Թուրքիա, Իրան), որն զբաղվելու է տարածաշրջանում տնտեսական և հաղորդակցային կապերի ապաշրջափակմամբ։ Այդ մասին ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 15-ին լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Պաշտոնական Վրաստանը դեռևս չի արձագանքել, սակայն միչև վերջերս Վրաստանը հայտարարում էր այդ մեխանիզմում իր մասնակցության չհետաքրքրվածության վերաբերյալ։ Հավանաբար ինչ-որ բանից վախենալով»,- նշել է նա։
Ռուդենկոյի խոսքերով՝ Մոսկվան այդ մեխանիզմը դիտարկում է որպես կարևոր և հեռանկարային ձևաչափ, որտեղ հնարավոր է քննարկել անվտանգության տարածաշրջանային հարցերը՝ Հարավային Կովկասի և նրանց անմիջական հարևանների մասնակցությամբ։
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանի հետ հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ իրանցի գործընկերոջ հետ քննարկել է այս ձևաչափը։ Ինչպես նշել է ռուս նախարարը, իրանական կողմը դրական վերաբերմունք ունի նախաձեռնությանը, ինչպես Ադրբեջանը և Թուրքիան։ Ըստ Լավրովի՝ Ռուսաստանն աշխատում է իր հայաստանցի գործընկերների հետ և հույս ունի, որ Վրաստանը ևս կկարողանա տեսնել իր արմատական հետաքրքրությունը այդ մեխանիզմի ստեղծման մեջ։
«3+3» ձևաչափի գաղափարն առաջարկել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Իրանը ողջունել էր նախաձեռնությունը՝ հայտարարելով, որ պատրաստակամ է տարածաշրջանում նպաստել խաղաղության ամրապնդմանը։
Լուսանկարը՝ Валерий Шарифулин/ТАСС
Մեկնաբանել