HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ես դեռ չեմ հավատում, ես ամեն գիշեր դեռ գյուղում եմ». ֆոտովավերագրողը թվայնացնում է անցյալի հիշողությունները

Ցավի մասին խոսելը գրեթե անհնար է: Ու ինչ բառ էլ փորձես գտնել, դժվար է նկարագրել այն: Ցավը մարդիկ լուռ են տանում, ու մի անտեսանելի մորմոք է բարձրանում դրանից ու խորը հոգոց:

Ֆոտովավերագրող, բանաստեղծ Անահիտ Հայրապետյանի հետ մեր զրույցը պատերազմից հետո կորստի ցավի մասին է: Դրանք լցվում են «չգիտեմ»-ների, դադարների, հուզմունքի շղթայով: Եվ այն հետզհետե ծանրանում է:

-Ես դեռ չեմ հավատում, ես ամեն գիշեր գյուղում եմ,- մեր զրույցի վերջում ասում է Անահիտը, հետո լռում է, ձայնը նվաղում է: Պատերազմից հետո նրա պապական գյուղը՝ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղը, հանձնվեց թշնամուն:

«Աշխարհում մի վայր կա, որ ես երազում եմ նրա մասին ամեն առավոտ, մինչ ամեն երեկո զղջում եմ այնտեղ չլինելուս համար». սրանք նրա խոսքերն են՝ վերջերս տեղի ունեցած ցուցահանդեսի ծանուցման տեքստում: Այդ խոսքերը հայրենի գյուղի լուսանկարի տակ են գրված:

Անահիտի հայրը Խծաբերդից է, մայրը՝ Հադրութի շրջանի Պլեթանց (Բլութան) գյուղից, իսկ ինքը ծնվելէ Հադրութում: Մեկ Պլեթանցում, մեկ Խծաբերդում էին անցնում օրերը:

Երբ Շարժումն սկսվել էր, ինքն ու քույրը Խծաբերդում էին: Մի քանի օր դաշտում հերթ էին կանգնել, որպեսզի ուղղաթիռով տեղափոխեին իրենց: Ի վերջո, հորեղբայրը կարողացել էր ուղղաթիով նրանց հանել այնտեղից եւ տանել Աբովյան, իսկ ինքը կրկին հետ գնաց պատերազմի դաշտ:

«Պատերազմից հետո էլ գնում-մնում էինք: Տատիկս Խծաբերդում մենակ էր, հաճախ էինք գնում-մնում, իսկ Բլութանում տատիկիս քույրն էր: Հարդութում էլ էինք մնում՝ քեռուս, հորեղբորս տանը: Սաղ Հադրութը մեր բարեկամներն էին»,- ասում է զրուցակիցս:

2009-2010 թթ. Դանիայի մեդիայի եւ լրագրության ինստիտուտի ուսանողը որոշեց ավարտական աշխատանքն անել Խծաբերդի մասին, չնայած մտածում էր նաեւ Գրենլանդիա գնալու տարբերակի մասին:

Դանիայից հասավ Խծաբերդ, ու այդ ժամանակ մտքի ծայրով չէր էլ անցնի, որ տարիներ անց դրանք դառնալու են հիշողությունների մեծ պահոցներ եւ ցավեցնեն իրեն: Սկզբից մտածում էր, որ հարազատ մարդկանց նկարելը դժվար է, բայց եւ պարտավորեցնող է: «Էն ժամանակ մտածում էի՝ ժամանակի եւ փողի կորուստ է Դանիայից հասնել Հայաստան… Հիմա էնքան երջանիկ եմ, որ գնացի, որովհետեւ եթե չգնայի, էդպես էլ կմնար: Ես հասցրեցի վավերագրել մի սերնդի պատմություն, իսկապես հերոսական սերնդի, որ եթե չվավերագրեի, կորելու էր գնար: Այդ մարդիկ էլ չկան: Դա էն սերունդն է, որ Հայրենական պատերազմը, Արցախյան պատերազմը զգացել է իր մաշկի վրա»,- նշում է ֆոտովավերագրողն ու շարունակում, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ մարդիկ շարունակում էին մնալ գյուղերում՝ զինվորի համար հաց էին թխում, շոր լվանում, իսկ 44-օրյայի ժամանակ խուճապ դրեցին եւ բոլորին գյուղից հանեցին: «Ու մեր գյուղում էլի չլսեցին, դուրս չեկան, մի քանի հոգով կարողացան գյուղը պահել, բա էդ ո՞նց եղավ»,- հարցնում է Անահիտը:

44-օրյա պատերազմից հետո շատերը չհասցրեցին վերցնել անգամ ընտանեկան լուսանկարների արխիվը՝ մտածելով, որ միեւնույնն է՝ վերադառնալու են:

Պատերազմից հետո Անահիտն սկսել է գյուղ առ գյուղ հավաքել ընտանեկան լուսանկարները, որոնք հաջողվել է փրկել, եւ թվայնացնում է իր միջոցներով: 2016-ի քառօրյա պատերազմից հետո, երբ գյուղ էր գնացել, հադրութցի լուսանկարիչ Վազգենը մի մեծ տոպրակ նկար էր ցանկանում իրեն տալ, բայց հրաժարվեց վերցնել՝ ասելով, թե նրա վաստակն է, չի կարող վերցնել: Բայց լուսանկարել էր Վազգենի արած նկարները: 44-օրյայի ժամանակ կորավ նաեւ Վազգենի արխիվը, եւ մնացին այն լուսանկարները, որոնք Անահիտն այդ ժամանակ արել էր: Այս մասին վերջինս իմացել էր, երբ Հայաստան էր եկել (Անահիտն այժմ բնակվում է Գերմանիայում): Այս ամռանը նա տնից տուն էր գնում՝ լուսանկարներ հավաքելու համար: 1000-ից ավելի ֆոտո է թվայնացրել, եւ դեռ շարունակում է աշխատանքը:

«Մինչեւ պատերազմը մեր գյուղի համար ֆոտոալբոմ էի ուզում տպել, հա ասում էի՝ կիսատ ա, էս էլ նկարեմ, մի հատ էլ հարսանիք նկարեմ, ձմեռն էլ նկարեմ, անընդհատ ասսում էի՝ մի քիչ էլ նկարեմ, մի քիչ էլ... Բայց հիմա էլ նկարելու բան չկա, արխիվայիններն եմ հավաքում: Դեռ հավաքում եմ, երեւի Ռուսաստան էլ պիտի գնալ, որովհետեւ մի մասն էլ այնտեղ է գնացել»,- նշում է նա: Բացի Հադրութի շրջանից՝ հավաքում է նաեւ Բաքվի, Սումգայիթի շրջանի լուսանկարները: Ասում է՝ վերցնում է այն, ինչ ձեռքի տակ հայտնվում է, որովհետեւ եթե այս սերունդն էլ չլինի, մեզ տեղեկություն տվող չի լինի:

Երբ ամռանը Հայաստանում էր, փողոցում պատահական հանդիպել էր լուսանկարիչ Շաքե Ամիրյան-Պետրոսյանին: Նա էլ առաջարկեց այդ թեմայով ցուցահանդես անել ՆՓԱԿ-ում՝ ասելով, որ գաղափարն իրագործելի է, եւ նվազագույն ծախսերով կարողացան կազմակերպել: Կարճ ժամանակում հասցրեցին տպագրել եւ ներկայացնել Անահիտի հեղինակային (արցախյան թեմայով) եւ հադրութեցիներից հավաքած ընտանեկան ալբոմների արխիվային լուսանկարներ, ընդհանուր՝ 50-ից ավելի: Սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին կայացած ցուցահանդեսի վերնագիրն ընտրելը բարդ էր, եւ Անահիտը կանգ առավ «քաթի» վրա, որը արցախյան բարբառով նշանակում է զրույց, հեքիաթ:

-Հեքիա՞թ էր ավելի շատ, որովհետեւ եթե հեքիաթ է, մտածում ես՝ բարի ավարտ պիտի ունենա,- հարցնում եմ Անահիտին:

-Ինքը հեքիաթ էր, կամ չգիտեմ՝ ինչ էր: Թվում է, թե պիտի թեթեւանաս,- լռում է, խոր շունչ է քաշում, հետո նորից լռում:

-Ձեր վերաբերմունքը փոխվե՞լ է լուսանկարի նկատմամբ:

-Մտածում էի՝ չէի նկարի, բայց էս անգամ երբ եկա, Ստեփանակերտում մի քիչ նկարեցի, Ծափաթաղում (գյուղ Սեւանա լճի ափին –հեղ.) նկարեցի: Մարդիկ, որ նախորդ պատերազմից հետո էին եկել, մարդիկ, որ էս պատերազմից հետո էին եկել… Հետաքրքիր էր ինձ համար, որ հասկանայի՝ ինձ մոտ անցնելու՞ ա սա, թե՞ չէ, ու ասեցին՝ պիտի համակերպվես էն մտքի հետ, որ չես համակերպվելու,- պատասխանում է ֆոտովավերագրողը:

Պատերազմից հետո ամենածանրը եղել են նոյեմբերյան եռակողմ հայտարարության, մյուսը՝ դեկտեմբերին Խծաբերդն ու Հին Թաղերը հանձնելու օրերը:

-Երբ խոսում ենք հադրութցիների հետ, ասում են՝ անպայման վերադառնալու ենք, Դուք ի՞նչ եք մտածում այդ մասին:

-Կուզեի հավատալ, իհարկե, դրան, բայց ո՞նց ենք վերադառնալու, եթե հիմա արտագաղթի ալիք կա: Ճիշտ է՝ մի մասը գնում է, չի հավանում, հետ է գալիս, բայց ի՞նչ է անում էս իշխանությունը վերադարձի համար: Արդյոք մի բառ կա բանակցությունների կամ ելույթների ժամանակ, ես իրենց դադարել եմ հավատալ,- ասում է զրուցակիցս:

-Եթե պատկերացնեիք, որ վերջին անգամ եք տեսնում գյուղը կամ Հադրութը, ի՞նչ կվերցնեիք Ձեզ հետ:

-Չգիտեմ… Երեւի կփորձեի մնալ էնտեղ: Հիմա էլ էդ հարցը ինձ տալիս եմ՝ ենթադրենք հետ տվեցին, վերցնելո՞ւ եմ իմ էրեխեքին, գնամ գյուղ ապրելու: Եթե ես չեմ գնալու, ապա ո՞վ ա անելու: Եթե ես գնալու եմ, ինձ ի՞նչ է սպասվում: Եթե հիմա իմ բարեկամները հետ են գնացել Ստեփանակերտ, իրենց ի՞նչ ա սպասվում էնտեղ: Եթե դիպուկահարը կարող ա ցանկացած պահին (գրազով կամ հավեսն ա տվել) խփի… Ախր, բոլոր ապուպապերս դրանց հետ կռիվ են տվել, որ… Ես չգիտեմ, անընդհատ հարցեր են, որոնք պատասխաններ չունեն: Շատ բարդ ա: Եթե մարդ չի հասկացել Հադրութի ու Շուշիի գոյությունն իր համար ինչ ա, կամ Քարվաճառի ջրերի պաշարն ինչ ա, չգիտեմ, բան չունեմ ասելու: Ես դեռ չեմ հավատում, ես ամեն գիշեր համարյա գյուղում եմ,- ձայնը ցածրանում է, հուզվում է,- մարդկային կորուստներն էլ՝ էնտեղ: Չգիտեմ, էրեխեքը չլինեն, կարելի ա խելագարվել: Երբ Ստեփանակերտում ես, բարեկամներիդ հետ, էլի թեթեւ ա, հետո իրենք էնքան դուխ են տալիս: Իրենք են քեզ դուխ տալիս, ասում են՝ ինձ ոչինչ պետք չի, մատաղ ինիմ, տոնս էլ, տեղս էլ, էդքան զոհը չլիներ, մենակ էլի նորից չսկսվի: Մտածում ես՝ էդ մարդկանց էդքան մեծ հոգի որտեղի՞ց:

-Հող ու ջրից:

-Երեւի ինչ-որ ուժ ունի, էլի, միստիկա ա, էլի:

-Մի օր էլի կհաղթե՞նք:

-Էդ վստահ եմ, բայց երբ՝ չգիտեմ: Եթե հանկարծ չհաղթեցինք, էդ շատ ավելի ծանր ա լինելու: Ես երեք տղա եմ մեծացնում, արդյոք էդքան ուժեղ եմ լինելու, որ ուղարկեմ զոհվելու, ախր, ուղարկել են զոհվելու, ոչ թե կռվելու: Էդ պատերազմը տենց էր:

Ցուցահանդեսի լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter