HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանը չի կարող դառնալ ՀԱՊԿ գործընկեր կամ դիտորդ երկիր, քանի դեռ դիվանագիտական հարաբերություններ չունի Հայաստանի հետ

Բոլոր այն երկրները, որոնք ՀԱՊԿ անդամ պետությունների հետ չունեն դիվանագիտական հարաբերություններ, չեն կարող ստանալ ո՛չ ՀԱՊԿ-ի, ո՛չ էլ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի գործընկերոջ կարգավիճակ: Սա ՀՀ Ազգային ժողովի պատասխանն է «Հետք»-ի այն հարցմանը, թե ինչ դիրքորոշում ունի Հայաստանի Ազգային ժողովը ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի այն պնդմանը, թե Ադրբեջանը և Պակիստանը հնարավոր է միանան ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին։

2021 թվականի հուլիսի 1-ին ՀԱՊԿ ԽՎ նախագահ, Ռուսաստանի Պետական դումայի խոսնակ Վյաչելսավ Վոլոդինը հայտարարել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովը նախատեսում է ստեղծել գործընկեր երկրների ինստիտուտ, որոնք ՀԱՊԿ ԽՎ-ում կունենան խորհրդակցական ձայնի իրավունք։

«Առաջարկվում է քննարկել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի համար գործընկերության նոր ինստիտուտի ստեղծման հարցը։ Նրանք կստանան խորհրդակցական ձայնի, փաստաթղթերի պատրաստման և հավաքական որոշումների մշակման իրավունք»,- հայտարարել էր Վոլոդինը՝ հավելելով, որ համագործակցության նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում մի շարք պետություններ։

Ավելի վաղ, ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը նշել էր, որ նոր ֆորմատով հետաքրքրված են մի շարք երկրներ, սակայն տվել էր միայն երկուսի անունը՝ Ադրբեջան և Պակիստան։

«Որպես կանոն, այդ մասին ընդունված չէ պատմել։ Օրինակ, նույն Պակիստանը վաղուց ցանկանում էր ունենալ դիտորդի կարգավիճակ և հիմա, հնարավոր է, գործընկերոջ կարգավիճակ ունենա»,- նշել էր Կալաշնիկովը՝ ընդգծելով, որ դիտորդի և գործընկերոջ կարգավիճակի ստացումը տարբեր կերպ կլինի։

ՀԱՊԿ ԽՎ-ին Ադրբեջանի և Պակիստանի գործընկեր երկրի կարգավիճակի հնարավոր ստացման վերաբերյալ հարցում էինք ուղարկել 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, որը ներկայումս զբաղեցնում է Արտաքին գործերի նախարարի պաշտոնը, սակայն հարցման պատասխանի համար ԱԺ-ն խնդրել էր 30 օր, իսկ այնուհետ թողել անպատասխան, որովհետև իրավունքի ուժով խորհրդարանը ցրվել էր։ Այդ նպատակով օգոստոսի 4-ին նոր հարցում էինք ուղարկել արդեն ԱԺ նորընտիր նախագահ Ալեն Սիմոնյանին։

Հարցման մեջ Ազգային ժողովից մասնավորապես խնդրել էինք դիրքորոշում հայտնել Ադրբեջանի և Պակիստանի կողմից ՀԱՊԿ-ում և ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովում գործընկեր երկրի կարգավիճակ ստանալու հնարավոր հանգամանքի վերաբերյալ։ Պատասխանում, որը ստորագրված է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանի անունով, մասնավորապես նշվում է, որ համաձայն ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի գործընկերության և գործընկերոջ կարգավիճակի մասին կանոնակարգի 1.3. կետի՝ այն պետությունը, որի խորհրդարանը ցանկանում է ստանալ ՀԱՊԿ ԽՎ գործընկերոջ կարգավիճակ, պետք է համապատասխանի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկերոջ կարգավիճակի մասին կանոնակարգով սահմանված հիմնական չափանիշներին և պայմաններին:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկերոջ կարգավիճակի մասին կանոնակարգով սահմանված հիմնական չափանիշը ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ դիվանագիտական հարաբերությունների առկայությունն է:

Հետևաբար, բոլոր այն պետությունները, որոնք ՀԱՊԿ անդամ պետությունների հետ չունեն դիվանագիտական հարաբերություններ, չեն կարող ստանալ ո՛չ ՀԱՊԿ-ի, ո՛չ էլ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի գործընկերոջ կարգավիճակ: Բոլոր այն երկրների խորհրդարանները, որոնք հետաքրքրված են գործընկերության ձևաչափով և համապատասխանում են Կանոնակարգով սահմանված բոլոր չափանիշներին ու պայմաններին (ներառյալ դիվանագիտական հարաբերությունների առկայությունը), ըստ ընթացակարգի, պետք է դիմեն ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քարտուղարությանը:

ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ ունենալու պարտադիր պահանջը գործում է նաև դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու պարագայում։ Ստացվում է, որ քանի դեռ Ադրբեջանն ու Պակիստանը դիվանագիտական հարաբերություններ չունեն ՀԱՊԿ անդամ Հայաստանի հետ, նրանք չեն կարող ունենալ ոչ դիտորդ երկրի, և ոչ էլ գործընկեր երկրի կարգավիճակ։ Վոլոդինի և Կալաշնիկովի նման հայտարարությունները վկայում են այն մասին, որ ինքը՝ ՀԱՊԿ-ը, շահագրգիռ է այդ երկրներին ներգրավել որևէ կարգավիճակով, ուստի ջանքեր է գործադրում Հայաստանի հետ այդ երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման ուղղությամբ։

Մեր այն հարցին, թե ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի ընթացքում ի՞նչ քննարկումներ են եղել գործընկեր երկրի ինստիտուտի ստեղծման վերաբերյալ, և դրան ինչ արձագանք է տվել հայկական կողմը, ԱԺ-ից պատասխանել են, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կանոնակարգի նախագիծը 2020 թվականի ընթացքում մանրամասն ուսումնասիրվել է, անցել է ներպետական համաձայնեցման համապատասխան գործընթաց և քննարկվել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի ոլորտային հանձնաժողովում՝ խորհրդի նիստում ընդունման ժամանակ քննարկումներ չեն ծավալվել, քանի որ հարցն ընդգրկված է եղել օրակարգի չքննարկվող հարցերի շարքում: 

Ըստ ՀՀ ԱԺ-ի՝ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի կողմից ՀԱՊԿ ԽՎ գործընկերության և գործընկերոջ կարգավիճակի մասին կանոնակարգի ընդունումը պարզապես նպատակ էր հետապնդում ՀԱՊԿ կողմից 2018 թվականի դեկտեմբերի 24-ին ընդունված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկերոջ կարգավիճակի մասին կանոնակարգը արտացոլել և կիրառել նաև կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի գործունեության վրա: 

Լուսանկարը՝ РИА Новости / Михаил Воскресенский

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter