HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանձնաժողովի նախագահը գրիչն ամրացրեց քվեատուփին, որ ընտրողները չտանեն իրենց հետ

Դիլիջան քաղաքի 38/06 ընտրական տեղամասում ավագանու ընտրությունները հանգիստ են անցնում։ Այդուհանդերձ, եթե ոչ խախտումներ, ապա փոքրիկ դիպվածներ պատահում են։ Ընտրողներն իրենց հետ տանում էին տեղամասում գտնվող գրիչները։ Հանձնաժողովի նախագահը խնդիրը լուծելու համար որոշեց գրիչը պարզապես ամրացնել քվեախցիկին՝ դիմակի միջոցով։

Ընտրողներից մեկը ծրարի մեջ սխալ էր տեղադրել քվեաթերթիկը և փորձում էր ճիշտ տեղադրել քվեատուփից դուրս։ Հանձնաժողովի նախագահի հորդորով ընտրողը վերադարձավ քվեախցիկ և այնտեղ շարունակեց գործողությունը։

Մեկ այլ միջադեպ գրանցվեց վստահված անձանց մասնակությամբ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձը՝ Վահագ Ներսիսյանը, նստել էր քվեախցի և քվեատուփի միջև՝ պատճառաբանելով, թե նստելու համար նախատեսված այլ տեղ չկա։ «Հանրապետություն» կուսակցության վստահված անձի՝ Աշխեն Հովհաննիսյանի պահանջով վերջինս հեռացավ այդտեղից։ Հանձնաժողովի նախագահը աթոռը տեղափոխեց այդ հատվածից։

Ժամը 11։00-ի դրությամբ 36/06 ընտրատեղամասում գրանցված 1508 ընտրողներից քաղաքացիական պարտքը կատարել էր 95 ընտրող։ Հանձնաժողովի նախագահ Արմինե Թամրազյանի խոսքով՝ ընտրությունները հանգիստ են անցնում, սակայն պասիվ։ Դա պայմանավորում է նաև այն հանգամանքով, որ քարոզարշավը ևս հանգիստ ընթացք է ունեցել։ Հանձնաժողովի նախագահի դիտարկմամբ՝ ընտրությունները, սովորաբար, քարոզարշավի ընթացքն են արտացոլում։

Դիլիջանի ավագանու ընտրություններին, հիշեցնենք, մասնակցում է հինգ կուսակցություն։ 

Դիլիջան խոշորացած համայնքն ընդգրկում է Դիլիջան քաղաքը, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Հովք, Աղավնավանք և Խաչարձան բնակավայրերը: Դիլիջանում կա 18 ընտրատեղամաս, որոնցից 10-ը՝ հենց Դիլիջան քաղաքում, 2-ը՝ Հաղարծինում, 2-ը՝ Գոշում և մեկական ընտրատեղամաս Թեղուտում, Հովքում, Խաչարձանում, Աղավնավանքում։

38/06 ընտրական տեղամասում դիտորդություն են իրականացնում «Իրազեկ քաղաքացիների միավորում» և «ՀՔԱ Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունների դիտորդները։ Վերջիններս մինչ այս պահը որևէ արձանագրություն չեն կազմել։ Մեր գտնվելու պահին ընտրատեղամաս այցելեցին նաև ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչները։ 

Նանե Պետրոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter