HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Հանուն Արցախի և հանուն ապագայի. ի՞նչի համար են քվեարկում գորիսեցիները (տեսանյութ)

Այսօր Գորիսում ավագանի են ընտրում։ Ընտրատեղամասերում քաղաքացիների հոսքը մեծ չէ, թեև հանձնաժողովների անդամներն ասում են, որ օրվա ժամից է, և մարդիկ կարող են ակտիվանալ։ Մեր շրջած մեկ տասնյակից ավելի ընտրատեղամասերից և ոչ մեկում, ըստ հանձնաժողովների անդամների, որևէ արտառոց դեպք չէր եղել, արձանագրություններ չէին կազմվել։

Քաղաքն իր սովորական կյանքով է ապրում. տղամարդիկ այգիներում զրուցում են քաղաքականությունից, կանայք՝ առևտուր անում, երեխաները՝ վազվզում։

Երիտասարդ գորիսեցիներից ոմանք ասում են, որ ով էլ ընտրվի, «մին ա՝ պան չի փոխվիլու», մի մասն էլ ասում է, որ ընտրություն է կատարել հանուն խաղաղության և անվտանգության, հանուն Արցախի, ոմանց խոսքով էլ՝ «ապագա կա» «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վլադիմիր Աբունցի հետ, ոմանք էլ գոհ են գործող քաղաքապետ Առուշ Առուշանյանից։ 

Մանրամասն՝ տեսանյութում.

Քաղաքում այս մի քանի օրը շատ են նաև տարբեր համազգեստով ոստիկանները, հատկապես քաղաքապետարանի մոտ ոստիկանության մի քանի մեքենա և ավտոբուս է կայանած։ Քաղաքացիները մեզ հետ զրույցում մտահոգություն են հայտնում, թե իրենց «իմացած ոստիկանները չեն», կարծում են, որ փորձ է արվում ընտրողներին ճնշել մեծաթիվ ոստիկանների ներկայությամբ։

- Էդ ինչի՞ եք եկել էսօր Գորիս, ինչ-որ վտա՞նգ կա,-հարցնում է քաղաքացին խմբով կանգնած ոստիկաններին։

- Չէ, ուղղակի կարգն ենք պաշտպանում։

- Ուրիշ տեղ ավելի շատ կարիք չկա՞ կարգ պահելու։

- Ուրիշ տեղ ուրիշներն են ծառայություն իրականացնում։

- Ինձ էլ թվաց՝ ադրբեջանցիներ են գալու, որ էսքան եկել եք Գորիս։

- Չէ, հանրային կարգի պահպանմանն ենք հետևում։

Հիշեցնենք, որ Գորիսում քաղաքապետի թեկնածուները 3-ն են՝ գործող քաղաքապետ Առուշ Առուշանյանը (համայնքը ղեկավարում է 2017թ. նոյեմբերի 5-ից), որը հանդես է գալիս «Առուշ Առուշանյան դաշինքով» և այժմ գտնվում է կալանքի տակ, «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության թեկնածու, «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Լազարյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, ՊԵԿ նախկին աշխատակից Վլադիմիր Աբունցը։

Գորիսում ընտրելու իրավունք ունի 20696 քաղաքացի։ Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել է 8075 մարդ՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 39%-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter