
Գորիսի քաղաքապետի 3 թեկնածուները, նրանց ունեցվածքն ու ներկայացրած ավագանու կազմը
Այսօր Գորիսում ավագանու ընտրություններ են, որի արդյունքներով նշանակվելու է քաղաքապետ։ Քաղաքապետի թեկնածուները 3-ն են՝ գործող քաղաքապետ Առուշ Առուշանյանը (համայնքը ղեկավարում է 2017թ. նոյեմբերի 5-ից), որը հանդես է գալիս «Առուշ Առուշանյան դաշինքով» և այժմ գտնվում է կալանքի տակ, «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության թեկնածու, «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Լազարյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, ՊԵԿ նախկին աշխատակից Վլադիմիր Աբունցը։
«Հետք»-ն այսօր Գորիսում կհետևի համայնքապետի ընտրություններին։
«Առուշ Առուշանյան» դաշինքով առաջադրած ավագանու ցուցակում ընդգրկվել է 50 հոգի, որից 19-ը չի աշխատում։ Այդ ցուցակում են Գորիսի փոխքաղաքապետերը, ավագանու անդամներ, դասվարներ, «ԳորՄետալ» ընկերության աշխատակիցներ, Գորիսի պոլիկլինիկայի աշխատակիցներ և այլք։
Առուշ Առուշանյանը վերջին հայտարարագիրը ներկայացրել է 2020թ., ըստ որի՝ նա ունի 4 հողամաս, որի միանձյա սեփականատերն է, 1930թ. «ԶԻԼ» բեռնատար, 62,8 մլն դրամ փոխառություն է տվել «ԳորՄետալ» ընկերությանը, որտեղ նաև շահաբաժին ունի, որից ստացել է 85,3 մլն դրամ եկամուտ և 3,2 մլն դրամ աշխատավարձ։
2020թ. տարվա վերջում Առուշանյանն ուներ 240 մլն դրամ, 300 000 դոլար և 105 000 եվրո (հայտարարագրերին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ)։
2020թ. դեկտեմբերի 21-ին Առուշանյանը ձերբակալվել և տեղափոխվել է Երևան` Քննչական կոմիտե՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու կասկածանքով։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի՝ սյունիքյան այցի նախօրեին Առուշանյանն իր ֆեյսբուքյան էջում գորիսեցիներին կոչ էր արել հավաքվել և թույլ չտալ Փաշինյանի մուտքը Գորիս։ Դատարանը մերժել էր Առուշանյանին կալանավորելու միջնորդությունը։
2021թ. հուլիսի 15-ին Առուշանյանին նորից մեղադրանք է առաջադրվել և կալանավորելու միջնորդություն ներկայացվել։
Առուշ Առուշանյանը մեղադրվում է համայնքի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով, ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ ծանր հանցագործություն նախապատրաստելու, այն է` ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալու մեջ:
Նա մեղադրվում է նաեւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ձեռնարկատիրություն կազմակերպելու, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, ինքնիրավչության, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեջ, 2020-ի արտահերթ ընտրություններին ընտրողին կաշառք տալու մեջ:։
Առուշանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, այն համարում է «շինծու, մտացածին և ապօրինի»։
Կարեն Լազարյանը «Գորիսի պետական քոլեջ»-ի տնօրենն է, ավագանու անդամ։ ՀԱԿ առաջարկած Գորիսի ավագանու ցուցակում ընդգրկված է 14 հոգի, որից 6-ը չեն աշխատում։ Ցանկում են՝ ուսմասվարներ, գյուղատնտեսներ, ուսուցչուհի ու վաճառողուհի և այլք։
Ըստ 2021թ. ներկայացրած հայտարարագրի տվյալների՝ նրան է պատկանում 2 հողամաս, 1 համատեղ սեփականաությամբ հասարակական շինություն։ 2020թ.-ին Լազարյանը նվիրատվություն է ստացել 2006թ. VAZ մարդատար մեքենա և 1 մլն դրամ աշխատավարձ քոլեջից (հայտարարագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ)։
Վլադիմիր Աբունցն առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցանկով։ Վերջին տարիներին աշխատել է ՊԵԿ-ում, այժմ չի աշխատում։ 2017թ. եղել է Սյունիքի տարածաշրջանային բաժնի գլխավոր մաքսային տեսուչ, ապա՝ 2018-ին, Հարավային մաքսատուն վարչության բացթողնման բաժնի պետ, 2019-ից Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի պետ։
Գորիսի ավագանու ցուցակում «Քաղաքացիական պայմանագիրն» առաջադրել է 35 հոգի, որից 10-ը չեն աշխատում։ Այդ ցուցակում են «Գորիս» ԲԿ-ի տնօրեն Դավիթ Մաշուրյանը, նույն ԲԿ-ի բուժքույրեր և մանկաբույժներ, Սյունիքի անտառտնտեսության անտառապետ Վիգեն Հայրապետյանը, Գորիսի պետական համալսարանի դասախոսներ, մանկավարժներ, ՍԱՏՄ Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչներ։
2021թ. հայտարարագրի տվյալներիով՝ Աբունցն ունի 2 բնակարան՝ Գորիսում և Երևանում, 2013թ. Hyundai մեքենա, 1,5 մլն դրամական միջոց և ՊԵԿ-ից ստացած 3 մլն դրամաշխատավարձ (հայտարարագրերին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ)։
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Գյումրիում, Գորիսում, Մեղրիում, Տաթևում և Դիլիջանում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրություններ։
Այս համայնքներում բնակչության թիվը գերազանցում է 4000-ը, ընտրություններն անցկացվելու են պարզ համամասնական ընտրակարգով։ Այսինքն՝ մարդիկ ընտրելու են ավագանու կազմը, որը և կնշանակի համայնքի ղեկավարին։
Մեկնաբանել