HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց դատավոր Արշակ Վարդանյանի իրավունքների խախտման մասին որոշումը

Դատավորների վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործի հարուցման հաջորդ օրը 12 քննիչից կազմված քննչական խումբ է ձևավորվել: Շուրջ երկու տարի քննությունից հետո դատավորներից Արշակ Վարդանյանը, Մխիթար Պապոյանը, Դավիթ Հարությունյանը ճանաչվել են տուժող, ապա քրեական գործի վարույթը կասեցվել է: Դրանից հետո դատավոր Արշակ Վարդանյանը ստացել է գործի նյութերը և դրանց ծանոթանալով՝ վարույթը վերսկսելու միջնորդություն է ներկայացրել՝ մատնանշելով գործողություններ, որոնք պետք է կատարվեին քննության ընթացքում: Միջնորդությունը բավարարվել է: Այս պահին գործի քննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից 2019 թվականի մայիսին կայացված որոշումից հետո, որով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատ է արձակվել, իսկ նրա վերաբերյալ գործը կասեցվել և ուղարկվել է Սահմանադրական դատարան, ֆեյսբուքում հրապարակումներ են եղել այն մասին, որ Դավիթ Գրիգորյանի որոշումը գրել են այլ դատավորներ: Այդ դատավորների մեջ մատնանշվել են Արշակ Վարդանյանի, Մխիթար Պապոյանի անունները: Վերջինս հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ դատավորին զրպարտելու վերաբերյալ: Հետագայում պարզվել է, որ դատավորների հեռախոսային խոսակցությունների վերծանումներ են ստացվել, ինչպես նաև նրանց նկատմամբ իրականացվել է «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ հետախուզական միջոցառումը: Այս գործողությունները կատարելու վերաբերյալ դատարանների թույլտվությունների վերաբերյալ որոշումները բեկանվել են:

Արշակ Վարդանյանը բողոքարկել է քննիչի և դատախազի անգործությունը

Մինչ քրեական գործի կասեցման որոշումը դատավոր Արշակ Վարդանյանը դիմել է Ազգային անվտանգության ծառայության քննիչին, ինչպես նաև գործով դատախազին՝ պահանջելով  իրեն տրամադրել քրեական գործի վերաբերյալ տեղեկություններ, որոնց թվում` նախաքննության իրականացման ժամկետների, գործի ընթացքի և արդյունքների մասին տեղեկություններ,  նախաքննության ժամկետը երկարացնելու վերաբերյալ քննիչի միջնորդությունների, որոշումների, դրանք բավարարելու և նախաքննության ժամկետը երկարացնելու վերաբերյալ դատախազի որոշումների պատճենները: Վարդանյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում բողոքարկել է  քննիչի և դատախազի անգործությունը: Բողոքի քննության ընթացքում դատավորը ստացել է քննիչի պատասխանը, որով վերջինս մերժել է հայցվող տեղեկությունները տրամադրել: Այս պատասխանը ներկայացվել է դատարան:

Օգոստոսի 25-ին դատարանը մասնակիորեն բավարարել է Վարդանյանի բողոքը, արձանագրել նրա իրավունքների խախտման փաստը: Մասնավորապես՝ դատարանը գտել է, որ վարույթն իրականացնող մարմինը պատշաճ չի պատճառաբանել այն հանգամանքը, որ Արշակ Վարդանյանին տեղեկատվության տրամադրումը մերժվել է՝ նախաքննության իրական շահերի պաշտպանության նպատակով, որպիսի պայմաններում անհամաչափորեն սամանափակել է տուժողի, այսինքն` Վարդանյանի օրինական շահերն ու իրավունքները: Դատարանը վարույթն իրականացնող մարմնին արտավորեցրել է վերականգնել Վարդանյանի իրավունքները՝ քրեական գործի նախաքննության իրականացման ժամկետների և նախաքննության գաղտնիք չպարունակող ընթացքի և արդյունքների մասին նրան պատշաճ տեղեկատվություն տրամադրելու, ինչպես նաև գործի քննության ձգձգումները կանխելու, քննության ողջամիտ ժամկետները պահպանելու միջոցով:

Վարդանյանը բողոքով դատարանից խնդրել է նաև վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնել նախաքննության ժամկետը երկարացնելու վերաբերյալ քննիչի միջնորդությունների, որոշումների, դրանք բավարարելու և նախաքննության ժամկետը երկարացնելու վերաբերյալ դատախազի որոշումների պատճենները դրամադրել, սակայն այս մասով բողոքը մերժվել է: Դատարանը դիրքորոշում է հայտնել, որ նախաքննությունն ավարտված չլինելու պարագայում դատարանն իրավասու չէ վարույթն իրականացնող մարմնի համար սահմանել պարտականություն՝ քրեական գործի նախաքննության ժամկետը երկարացնելու վերաբերյալ քննիչի միջնորդությունների, որոշումների, դրանք բավարարելու և նախաքննության ժամկետը երկարացնելու վերաբերյալ դատախազի որոշումների պատճենները տրամադրել, քանի որ այդպիսիք ներառված չեն քրեական գործի այն նյութերի շրջանակում, որոնց մատչելիությունը տուժողի համար երաշխավորված է նախաքննության  ընթացքում` մինչև դրա ավարտը:

Դատավոր Վարդանյանն ի սկզբանե մտադրություն է ունեցել բողոքարկել առաջին ատյանի դատարանի որոշումը, սակայն հետագայում, երբ գործի վարույթը կասեցնելուց հետո, փաստորեն,  նյութերը տրամադրվել են իրեն, բողոք չի ներկայացրել:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, սակայն, դատախազ Արամ Արամյանն է բողոքարկել,  միջնորդել բեկանել և փոփոխել դատարանի  որոշումը՝ Վարդանյանի իրավունքների խախտումն արձանագրելու մասով:

Վերաքննիչ դատարանում բողոքի քննությանը ներկա էին դատավորներ

Վերաքննիչ քրեական դատարանում` նախագահությամբ դատավոր Մհեր Արղամանյանի, հոկտեմբերի 14-ին դատական նիստ էր նշանակված, որին ոչ միայն Վարդանյանի ներկայացուցիչն էր մասնակցում, այլ նաև անձամբ դատավորն էր եկել: Դատական նիստին հետևելու էին եկել նաև դատավոր Զարուհի Նախշքարյանն ու Դավիթ Գրիգորյանը: Ասպիսով, բողոքի քննությանը նիստերի դահլիճում 4  դատավոր էր ներկա:

Դատախազ Արամ Արամյանը բողոքը ներկայացնելիս դիրքորոշում հայտնեց, որ առաջին ատյանի դատարանի որոշումը օրինական և հիմնավոր չէ, այն կայացվել է քրեադատավարական օրենքի էական խախտմամբ, որը հանգեցրել է դատական սխալի և նման պայմաններում առկա է որոշումը բեկանելու հիմք:

Արամյանը դիտարկեց, որ բողոքը դատարան ներկայացնելիս Վարդանյանը դեռևս քրեական գործով չի ունեցել տուժողի դատավարական կարգավիճակ, չի հանդիացել դատավարության  մասնակից, հետևաբար նրա որևէ իրավունք չի խախտվել: 

Դատախազը նաև նշեց, որ Վարդանյանի բողոքը, որով վերջինս գործի վերաբերյալ մի շարք տեղեկություններ ու փաստաթղթեր է պահանջել, քրեական հետապնդման մարմին է ստացվել 2021 թվականի մայիսի 31-ին, իսկ Վարդանյանի բողոքը դատարան մուտքագրվել է հունիսի 8-ին, երբ դիմումի պատասխանը քննիչն արդեն առաքած է եղել դիմումատուին, սակայն վերջինս այն ստացած չի եղել: Դատախազը նշեց, որ բողոքը դատարան ներկայացնելիս  վարույթն իրականացնող մարմնի ենթադրյալ անգործությունը բողոքարկելու համար նախատեսված ժամկետը պահպանված չի եղել:

Արամյանն ասաց, որ առաջին ատյանի դատարանը չի արձանագրել, թե Վարդանյանի կոնկրետ ո՞ր հարցադրմանը քննիչը չի պատասխանել կամ թերի է պատասխանել, ի՞նչ տվյալներ պետք է հաղորդվեին Վարդանյանին, որոնք նախաքննական գաղտնիք չեն,  դատարանը չի պարզաբանել, թե վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեդատավարական օրենսդրության ո՞ր պահանջն է խախտվել, ինչպե՞ս է այն դրսևորվել և անձի ո՞ր իրավունքն է խախտվել: Արամյանը հարց բարձրացրեց, թե ինչպե՞ս է դատարանն արձանագրել նախաքննության ժամկետի անհարկի ձգձգման փաստը, երբ ծանոթ չէ եղել  գործի նյութերին և նախաքննության ընթացքին:

Դատախազը  նաև դիտարկեց, որ դատարանը Վարդանյանի կողմից հայցվող փաստաթղթերի մի մասի տրամադրման մերժումը իրաչափ է համարել և նշեց, որ այժմ իրենց համար պարզ չէ, թե նման դատական ակտի առկայության պարագայում վարույթն իրականացնող մարմինն ի՞նչ գործողություն պետք է կատարի:

Դատավորների վերաբերյալ գործը քննելու համար 12  քննիչից կազմված խումբ է ձևավորվել

Դատավոր Արշակ Վարդանյանի ձեռքին թղթերի մեծ տրցակ կար: Դրանց մի մասը գործի նյութեր էին, որոնք իրեն հասանելի էին դարձել քրգործի կասեցումից հետո: Վարդանյանը դրանք հանձնեց դատավոր Մհեր Արղամանյանին: Դրանցում, ըստ դատավորի, վարույթն իրականացնող մարմնի անգործությունն ապացուցող հիմնավորումներ են: Դատավորի համար զարմանալի է, որ իրենց իրավունքների բազմաթիվ խախտումների առկայության պայմաններում իրենք՝ տուժողները, շատ խնդիրների մասին չեն ուզում բարձրաձայնել, բայց արի ու տես, որ դատախազն իրենց իրավունքների խախտումն արձանագրող որոշման դեմ  բողոք է բերում վերաքննիչ դատարան, որ գան ու դատարանում  հրապարակայնորեն ամեն ինչ ասեն:

«Սրա ցանկությունը չկար ընդհանրապես, շոուի կողմնակից չենք, գործ անելու կողմնակից ենք»,- ասաց Վարդանյանը: 

Դատավորը նշեց, որ ողջ քննության ընթացքում քննչական, օպերատիվ հետախուզական միջոցառումներն իրականացվել են միակողմանիորեն, բացառապես դատավորների նկատմամբ ՝ նրանց սամանադրական իրավունքների անհիմն և անօրինական սահմանափակմամբ, մի շարք քննչական գործողություններ, որոնք պետք է սկզբնական փուլում կատարվեին, միայն գործի վերաբացվելուց հետո են կատարվելու, ընդ որում, պարզ չէ՝ այս փուլում դրանց իրականացնումն արդյունավետ կլինի, թե՞ ոչ:  

Վարդանյանը դիրքորոշում հայտնեց, որ դատախազ Արամյանի ներկայացրած բողոքն անհիմն է, ենթակա մերժման, առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտը, որով արձանագրվել է իր իրավունքների խախտման փաստը, բավարար չափով պատճառաբանված և հիմնավորված է, այն  բեկանելու վերաբերյալ հիմքերը բացակայում են:

Անդրադառնալով դատախազի բողոքում նշված այն փաստարկին, որ ինքը դատավարական ժամկետից շուտ է բողոք ներկայացրել վարույթն իրականացնող մարմնի անգործության դեմ, Վարդանյանը դիտարկեց, որ դատախազն այդ հանգամանքը չի վիճարկել առաջին ատյանի դատարանում բողոքի քննարկմանը մասնակցելիս:

Դատավորը նշեց, որ առաջին ատյանի դատարանն, ըստ էության, համաձայնելով սկզբնական բողոքում ներկայացրած իր փաստարկների հետ, քննության է առել և ըստ էության  լուծել քրեական հետապնդման մարմինների անգործության դեմ ներկայացված բողոքը՝ մինչև  որոշակի դատավարական ժամկետի լրանալը նման բողոք ներկայացնելը դիտարկելով իրավաչափ գործողություն: Վարդանյանն իր բողոքում առաջին ատյանի դատարանի ուշադրությունն  է հրավիրել հատկապես այն հանգամանքին, որ  դատարան բողոք ներկայացնելու համար հավելյալ մեկ ամիս սպասելով՝ իր իրավունքների խախտումը, որն արդեն երկու տարվա պատմություն ունի, կշարունակվի: 

Դատավորն ասաց, որ դատախազի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու պայմաններում իրեն հնարավորություն է ընձեռնվել առաջին ատյանի դատարան ներկայացված իր բողոքի  հիմնավորված լինելն ու դատարանի կայացրած որոշման իրավաչափությունը փաստել գործի  ողջ նյութերի համատեքստում: Այժմ դատավորի համար փաստ է, որ գործի քննությունը թերի և սուբյեկտիվ է իրականացվել:

«Իմ կողմից քրեական հետապնդման մարմնից պահանջած տեղեկատվությունն իրոք կարելի է  դասել հրապարակման ոչ ենթակա կամ գաղտնի տվյալների շարքին, բայց ոչ թե դատավարական առումով, այլ 2 տարի, 4 ամիս տևած նախաքննության ընթացքում քրեական հետապնդան մարմինների  թույլ տված բացահայտ անգործությունը հիմնավորելու տեսանկյունից»- ասաց Արշակ Վարդանյանը: Վերջինս նշեց, որ այն բանից  հետո, երբ գործի նյութերը հասու են դարձել տուժողերին, դրանց ծանոթանալու արդյունքում ծագել են մի շարք  հարցեր, որոնց պատասխանները դատավորն ակնկալում է ստանալ դատախազից:

Դատավորը հարց բարձրացրեց, թե նախաքննության ժամկետը երկարացնելու կոնկրետ ո՞ր որոշման մեջ և ո՞ր միտքն է, որ բովանդակում է իր՝ հանցագործությունից տուժած անձին տրամադրման ոչ ենթակա նախաքննական գաղտնիք:

Վարդանյանը տեղեկացրեց, որ քրեական գործի 5 հատորներից միայն մեկի՝ 3-րդ հատորի մեջ առկա է նախաքննության ժամկետը 10 անգամ, այսինքն՝ 20 ամսով ստանդարտ  ձևակերպմամբ երկարացնելու վերաբերյալ քննիչի միջնորդությունները և դրանք հիմնավորված, պատճառաբանված լինելու փաստարկով  բավարարվելու մասին դատախազի մեկ էջանոց նույնաբովանդակ որոշումները:

«Դրա ի՞նչն է հիմնավոր, մի հատորի մեջ ինչպե՞ս կարող է 20 ամիս քննություն լինել, եթե կարող է լինել, ուրեմն ես ո՛չ քննիչ եմ աշխատել, ո՛չ դատախազ, և ո՛չ էլ դատավորի գործից եմ հասկանում»,- ասաց Վարդանյանը, ապա հարց տվեց, թե որպես նախաքննությունը ջանասիրաբար իրականացնելուն, շուրջ 2 տարի, 4 ամիս գործի հանգամանքների բազմակողմանի լրիվ և օբյեկտիվ քննությանն ուղղված միջոց հնարավո՞ր է արդյոք դիտարկվել այս  վիճակը… մի՞թե նախաքննության տվյալների հրապարակման անթույլատրելիության  սկզբունքը ենթադրում է քրեական հետապնդման մարմինների անգործության, տուժողների իրավունքների արհեստականորեն սամանափկման, վարույթը ձգձգելու և ավարտական փուլում նրանց փաստի առաջ կանգնեցնելու նպատակ… ինչո՞ւ ես և սույն  գործով հարցաքննված մյուս դատավորները նույնիսկ տուժող ճանաչվելուց հետո չենք ծանոթացել քրեական գործ հարուցելու պահից 12 անդամներից ձևավորված քննչական խումբ կազմելու մասին որոշմանը,  դա և՞ս հրապարակման ոչ ենթակա տվյալ կամ նախաքննական գաղտնիք էր, որը խնամքով թաքցրել եք քննիչի և Ձեր անգործությունը ստուգած և արձանագրած առաջին ատյանի դատարանից»,- դատախազին դիմելով`հարցրեց Վարդանյանը:  

Վերջինս հարց բարձրացրեց նաև, թե արդյոք իրեն տևական ժամանակ տուժողի դատավարական կարգավիճակ չտալը կարող է՞ր պատճառաբանվել իր կողմից քրեական հետապնդման մարմիններին նման պահանջ կամ հիմք չներկայացնելու փաստարկով, ու հարցրեց՝ որքանո՞վ է դա բխում քրեական դատավարության կարգավորումերից, Վճռաբեկ դատարանի ձևավորված նախադեպային իրավունքից:

«Միթե քրեական գործի նախաքննության ժամկետը տարիներով երկարացնելու և գործի բոլոր նյութերը տուժողներին չծանաթացնելու, քրեական հետապնդումն իրականացնող մարմինների  տվյալ վարքագծի պայմաններում տուժողը, տվյալ դեպքում` ես, կարող էի արդյունավետորեն օգտվել իմ իրավունքներից: Եթե ինձ տուժողի կարգավիճակ շնորհվեր մինչև նախաքննության ավարտը, օրենքով ինձ հասանելի, սահմանափակ ծավալով նյութերի հետ ծանոթանալու հնարավորություն տրվեր դա չէր  առաջացնի տուժողի իրավունքներից օգտվելու զուտ պատրանք… Մի՞թե դեռևս պարզ չէ դատավորների վերաբերյալ գործերը քննելու առանձնահատկությունները,  դրանք սեղմ ժամկետում քննելու և ավարտելու, դատավորի սամանադրական առաքելության պատշաճ իրականացմանը խոչընդոտ հանգամանքներն արագորեն վերացնելու, իրենց վարույթում առկա գործերն անկախ, անկողմնակալ և անաչառ  դատարանի կողմից ողջամիտ ժամկետում քննելու անձանց իրավունքը երաշխավորլու վերաբերյալ միջազգային իրավական պահանջները պահպանելու անհրաժեշտությունը, հատկապես երբ քննվող  դեպքերը վերաբերում են դատավորի կողմից մասնագիտական  պարտականությունները կատարելուն»,- ասաց Արշակ Վարդանյանը: Վերջինս պարզաբանեց, որ այնպես չէ, որ ինքը որպես դատավոր իրեն առնչվող գործի քննության տարբերակված մոտեցում է պահանջում: 

«Սա արտոնություն չի, պահանջ է, որ արագ քննեք, կարճում եք, շատ լավ, մեղադրանք եք առաջադրում, շատ լավ, բայց դաշտը մաքրեք, որ մենք կարողանանք պատշաճ իրականացնել մեր լիազորությոնները, կարողանանք արդարադատություն իրականացնել: Ես չեմ  պատկերացնում, որ միջին ծանրության որևէ գործով հնարավոր է 2 տարի, 4 ամիս նախաքննություն իրականացնել»,- ասաց Վարդանյանը:

Վերջինիս հարցերն ու դիտարկումներն ավելի շատ նախատինքի էին նման` ուղղված քննիչին ու դատախազին, որոնց մասնագիտական ունակությունները նա կասկածի տակ չի դնում, ավելին՝ նիստի ընթացքում խոսեց քննիչի ու դատախազի մասնագիտական բարձր ունակությունների մասին:

«Այն մարդն, ով ինչ-որ արարք է կատարել, պետք է պատասխան տա: Ես բանավոր էլ եմ ասել. մինչև վերջ հետևողական եմ լինելու, որ այն անձինք, այդ թվում՝ ես, եթե արել եմ, պատասխան եմ տալու, վե՛րջ»,- խոսքն ամփոփեց Արշակ Վարդանյանը, ապա հռետորական հարց տվեց. քրեական գործի կասեցումից հետո, երբ նյութերը տրամադրվել են իրեն, իր ներկայացրած միջնորդությունը օգնե՞լ է քննությանը,  թե՞ ոչ, ու արդյոք ինքն առանց նյութերին ծանոթանալու, կարո՞ղ էր ներկայացնել այդ միջնորդությունը:

Դատախազ Արամյանը Վարդանյանի բարձրացրած հարցերին չպատասխանեց, պարզաբանեց, որ դրանց չպատախանելու պատճառը միայն այն է, որ առաջին ատյանի դատական ակտի դեմ ներկայացված իրենց բողոքի գործով նիստն այն հարթակը չէ, որտեղ պետք է քննակվի քննչական գործողությունների իրավաչափությունը:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, և կարճ ժամանակ անց վերադառնալով`մերժեց դատախազի բողոքը:

Այսպիսով` Արշակ Վարդանյանի իրավունքների խախտումն արձանագրած որոշումը մնաց  ուժի մեջ:

Լուսանկարը՝ iravaban.net-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter