
Ջեյհուն Բայրամով. «Ադրբեջանը համարժեք կպատասխանի սահմանազատման և սահմանագծման հարցում ցանկացած դրական քայլի»
Ադրբեջանը համարժեք կպատասխանի Հայաստանի կողմից սահմանազատման և սահմանագծման հարցում ցանկացած դրական քայլի։ Այս մասին երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 18-ին, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Քաթարի ԱԳ նախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման ալ Թանիի հետ ճեպազրույցի ժամանակ։
«Ադրբեջանը կողմ է հետկոնֆլիկտային ժամանակաշրջանում Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորմանը, որը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի նորմերի վրա։ … Խիստ կարևոր է՝ որքան հնարավոր է արագ սկսել երկու երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանների սահմանազատման և սահմանագծման աշխատանքները և լուծել այդ հարցերը։ Ադրբեջանն ուշադիր հետևում է այդ ուղղությամբ գործընթացներին։ Եվ այստեղ յուրաքանչյուրը կարող է վստահ լինել, որ հակառակ կողմից ցանկացած դրական քայլ մեր կողմից կընդունվի համարժեքորեն և մեր կողմից կձեռնարկվեն դրական քայլեր»,- նշել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Բայրամովը հավելել է, որ անհրաժեշտ է իրականացնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների հայտարարության կետերը՝ հատկապես շեշտը դնելով հաղորդակցությունների բացման վրա։ Նրա խոսքով՝ միայն այդ դեպքում է հնարավոր երկու երկրի միջև «նորմալ հարևանային հարաբերությունների» զարգացումը և տարածաշրջանում հանգիստ, կանխատեսելի իրավիճակի ապահովումը։
Լուսանկարը՝ Trend գործակալության
Մեկնաբանել