HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննախադեպ պասիվ. գյումրեցիները կատարեցին իրենց ընտրությունը

Երեկ Գյումրիում ավագանու ընտրություններ էին։ Նախկինում ընտրությունների օրը քաղաքում սովորաբար եռուզեռ էր, ընտրատեղամասերի մոտ՝ մարդկանց կուտակումներ։ Երեկ քաղաքը, կարծես, անտարբեր էր ու ապրում էր կիրակի օրվան բնորոշ հանդարտությամբ։

«Այս ընտրատեղմասում միշտ 400-500 ընտրող է եկել, բայց հիմա արդեն ժամը 6-ն է ու հազիվ 200 ընտրող ենք ունեցել»,-պատմեց 31/73 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սերոբյանը։

Թումանյան 85 հասցեում գտնվող, 1937թ.-ին կառուցված այս շենքում հիմա Շիրակի պետական համալսարանի ավագ դպրոցն է։

Առաջին հարկի միջանցքում, հենց քվեասենյակի կողքը դպրոցի՝ Արցախյան երկրորդ պատերազմում զոհված նախկին աշակերտներին նվիրված անկյունն է։ Մի փոքր աջ՝ պատից կախված է Հովհաննես Թումանյանի մեծ դիմանկարը, որի դիմաց կանգնած ծխում էր կուսակցություններից մեկի վստահված անձը։ Նրան առաջարկեցի դրսում ծխել, մի փոքր փնփնթաց, բայց համաձայնեց։

«Հմի ընչի՞ իշխող ուժերը ու յանի ընդդիմությունը իրար միս կուտեն, փոխանակ միավորվին, իրար տակ կփորեն»,-անկեղծանում է զրուցակիցս։ Նրա խոսքով, գյումրեցիները պասիվ են, որովհետև այլևս չեն հավատում քաղաքական գործիչների խոստումներին, իսկ այլընտրանք գրեթե չկա։ Ասում է՝ իրենց կուսակցությունը այլընտրանք կարող է լինել։

Մինչ մենք դրսում կանգնած զրուցում էինք, սև գույնի մի «Մերսեդես» կանգնեց դպրոցի ցայտաղբյուրի մոտ, միջից դուրս եկավ մաշկագույն կոստյումով ամրակազմ վարորդը, մոտեցավ մեզ ու գրպանից հանեց արդեն ճմռթված թղթի կտոր։ «Ընձի ըսել են, որ ստեղ բդի քվեարկեմ, ճի՞շտ եմ եկել»,-հարցրեց նա։ Թղթի վրա սիրուն ձեռագրով գրված էր՝ Թումանյան 85, ավագ դպրոց։ Դրական պատասխան ստանալուց հետո արագ մտավ ներս։

Մեկ այլ կուսակցության վստահված անձ ինձ ասաց, որ ի տարբերություն ԱԺ ընտրությունների՝ թեկնածու կուսակցությունների միջև փոխադարձ ատելություն չկա՝ Գյումրին ուրիշ է, բոլորը բոլորին գիտեն, իրար ծանոթ են կամ ընկեր։

Ներսում հանձնաժողովի նախագահ Սիրանուշին հարցրեցի, թե ինչպես է անցել քվեարկությունը։ Նա կատակով ասաց՝ միակ «միջադեպը» այն էր, որ այս սենյակի լամպերն առավոտյան մենք ենք ստիպված եղել ինքնուրույն փոխել մեր անձնական միջոցներով, իսկ այս ծանր չհրկիզվող պահարանը կանանցով ենք մի կերպ բերել ընտրատեղամաս։ 

31/73 ընտրատեղամասի հանձնաժողովի բոլոր անդամները կանայք էին։ 

Մոտ մեկ ժամ ընտրատեղամասում անցկացրեցի, սակայն ընտրողների հոսքն այդպես էլ չավելացավ։ 

Ձայների հաշվարկի նիստին ներկա գտնվելու համար որոշեցի գնալ Գյումրու տիկնիկային թատրոն, որը մեկ օրով վերածվել էր 31/44 ընտրատեղամասի։ Թատրոնի կողքին «Անի» ռեստորանն է, որտեղ հնչող բարձր երաժշտությունը լսվում էր նաև ընտրատեղամասում։

Այստեղ «դիտորդ» էին նաև խամաճիկները։ Քվեարկողների մոտ պատերից կախված ու ցուցափեղկում դրված հեքիաթային հերոսների խամաճիկները մանկական հիշողություններ էին արթնացնում։ Թատրոնի նման, սկզբում տարօրինակ է, բայց որոշ ժամանակ անց սովորում ես ջերմ մթնոլորտին։

Ընտրատեղամասի մեջտեղում վստահված անձանց, դիտորդների ու լրագրողների համար մի քանի շարքով դրված էին դրսից բերված՝ Գյումրու քաղաքային նստարանները։

Տիկնիկային թատրոնն Աբովյան փողոցի վրա է, որտեղով սիրում են զբոսնել և՛ Գյումրի այցելող զբոսաշրջիկները, և՛ գյումրեցիները։ Զբոսնող մարդիկ երբեմն կանգնում էին, ձեռքերը դնում մեծ, ապակե ցուցափեղկերին ու փորձում տեսնել, թե ներսում ինչ է կատարվում։  

Ձայների հաշվարկը նոր էր սկսվել, երբ ընտրատեղամասը հոսանքազրկվեց։ Հանձնաժողովը միանգամից դադարեցրեց հաշվարկը, նախագահը զանգով տեղեկացրեց վերադասին, իսկ ներկաները մի մարդու պես միացրեցին իրենց հեռախոսների լապտերը։

Ինձ թվաց, թե սենյակը ժամանակի մեջ հետցատկ արեց։ Բայց մի կարևոր տարբերություն կար՝ ոչ ոք չէր փորձում հոսանքազրկումն օգտագործել լցոնում կամ այլ կեղծիք անելու համար, բոլորը հանգիստ սպասում էին ու կատակում։

Էլեկտրամատակարարումը 20 րոպե անց վերականգնվեց, հանձնաժողովը վերսկսեց աշխատանքը, իսկ ես մտածում էի, որ երբ լույսերն անջատում են, մարդիկ մտերմանում են։

Մոտ երկու ժամից ձայների հաշվարկն ավարտվեց։ 

Այս ընտրատեղամասում հաղթեց «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երկրորդ տեղում էր, որին հաջորդեց «Զարթոնք ազգային քրիստոնեական» կուսակցությունը։ 

Ուշ երեկոյան արդեն պարզ դարձավ, որ քաղաքի գրեթե բոլոր ընտրատեղամասերում նույն պատկերն էր։

Ընտրություններում առաջադրված 10 քաղաքական ուժերից անցողիկ շեմը հաղթահարեցին «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը» (9631 ձայն), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (7786 ձայն), «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը (2793 ձայն), «Ապրելու երկիր» կուսակցությունը (1486 ձայն) և Հայաստանի հանրապետական կուսակցությունը (1343 ձայն)։

Ընտրելու իրավունք ունեցող 109 453 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 26417-ը կամ 24,14%-ը։ 

Մոտ օրերին պարզ կլինի Գյումրու ավագանու ամբողջական կազմը, որն էլ հետագայում կընտրի քաղաքապետին։ Դեռ հստակ չենք կարող ասել, թե ով է լինելու քաղաքապետ՝ հնարավոր է կուսակցությունները դաշինքներ կազմեն՝ ավագանիում մեծամասնություն կազմելու համար։

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի, Սամսոն Մարտիրոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter