HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հայաստանի 9 համայնքներում ընտրեցին տեղական իշխանությունների․ ամփոփ արդյունքներ

Հոկտեմբերի 17-ին Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) արդեն իսկ հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները։ Ներկայացնում ենք արդյունքների ամփոփ տվյալները՝ ըստ համայնքների։

Գյումրի, Շիրակի մարզ

Հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիում ընտրություններն անցկացվեցին համամասնական ընտրակարգով, այսինքն՝ քաղաքացիները ավագանի ընտրեցին, որն էլ հետագայում կընտրի քաղաքապետին։ Գյումրին աչքի ընկավ ընտրողների ամենամեծ պասիվությամբ։ Ընտրելու իրավունք ունեցող 109 453 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցեց 26 468-ը կամ 24,17%-ը։

Գյումրու ավագանու ընտրություններին առաջադրվել էր 10 քաղաքական ուժ, որոնցից ամենաշատ ձայները ստացավ գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի ղեկավարած «Բալասանյան» դաշինքը, չնայած որ Սամվել Բալասանյանը չկար ավագանու անդամի թեկնածուների ցանկում։ «Բալասանյան» դաշինքի օգտին քվեարկել է 9631 ընտրող կամ քվեարկության մասնակիցների 36,38%-ը։ 

Երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիրն» (ՔՊ) է, որի ցուցակը գլխավորում էր Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։ ՔՊ-ի օգտին քվեարկել է 7786 ընտրող կամ քվեարկության մասնակիցների 29,41%-ը։

«Զարթոնք» կուսակցությունը ստացել է 2793 քվե կամ 10,56%: «Ապրելու երկիր» կուսակցության օգտին քվեարկել է 1486 քաղաքացի կամ 5,61%, իսկ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 1343 քվե կամ 5,07%: 

Մյուս քաղաքական ուժերը ստացել են հետևյալ քանակի ձայներ՝

«Հայրաքաղաք» դաշինք՝ 1172 ձայն կամ 4,42%,

«Գյումրին կռնա» դաշինք՝ 904 ձայն կամ 3,41%,

«Թասիբով» դաշինք ՝ 586 ձայն կամ 1,6%,

«Արժանապատիվ ուղի» կուսակցություն 388 ձայն կամ 1,06%,

Հայաստանի կոմունիստական կուսակցություն 260 ձայն կամ 0,98%։

Անվավեր է ճանաչվել 117 քվեաթերթիկ։

Գորիս, Սյունիքի մարզ

Սյունիքի մարզի Գորիս համայնքում ևս ընտրությունները տեղի ունեցան համամասնական ընտրակարգով։ Ի տարբերություն Գյումրիի՝ Գորիսն աչքի ընկավ ընտրողների ակտիվությամբ։ Ընտրելու իրավունք ունեցող 20 727 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցեց 10 399-ը կամ 50,17%-ը։

Այստեղ քաղաքային իշխանության համար պայքարում էր երեք քաղաքական ուժ։ Գործող համայնքապետ, կալանքի տակ գտնվող Առուշ Առուշանյանի գլխավորած «Առուշանյան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիրն» ու Հայ ազգային կոնգրեսը։ 

Բացահայտ առավելությամբ հաղթեց «Առուշ Առուշանյան» դաշինքը, որի օգտին քվեարկել է 6269 քաղաքացի կամ քվեարկության մասնակիցների 60,28%-ը։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 3568 քվե կամ 34,31%, իսկ Հայ ազգային կոնգրեսի օգտին քվեարկել է ընդամենը 282 քաղաքացի կամ 2,71%: Եվս 282 քվեաթերթիկ անվավեր է համարվել։ 

Մեղրի, Սյունիքի մարզ

Հայաստանի հարավային դարպասը համարվող Մեղրիում ևս ավագանի ընտրեցին։ Պայքարի մեջ էր չորս կուսակցություն։ Մեղրիում քվեարկելու իրավունք ուներ 8595 քաղաքացի, որոնցից ընտրությանը մասնակցեց 5098-ը կամ 59,31%-ը։ 

Չորս քաղաքական ուժի պայքարում հաղթեց «Հանրապետություն» կուսակցությունը, որը ստացավ 2133 ձայն կամ քվեարկության մասնակիցների 41,83%-ը։ Երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիրն» էր՝ 1637 ձայնով կամ 32,11%-ով։ «Ազատական» կուսակցության օգտին քվեարկել է 716 քաղաքացի կամ 14,04%, իսկ «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 487 քվե կամ 9,55%: Անվավեր է ճանաչվել 124 քվեաթերթիկ։

Դիլիջան, Տավուշի մարզ

Տավուշի մարզի Դիլիջան համայնքում հոկտեմբերի 17-ին ընտրեցին համայնքի ավագանի։ Ընտրելու իրավունք ուներ 18 374 քաղաքացի, որոնցից քվեարկությանը մասնակցեց 8085-ը կամ 44%-ը։

Քաղաքային իշխանության համար պայքարում էր հինգ կուսակցություն, որոնցից հաղթող ճանաչվեց «Քաղաքացիական պայմանագիրը»՝ ստանալով ձայների կեսից ավելին։ ՔՊ-ի օգտին քվեարկել է 4591 քաղաքացի կամ ընտրության մասնակիցների 56,78%-ը։

Երկրորդ տեղում «Ապրելու երկիր» կուսակցությունն է, որը ստացել է 1927 քվե կամ 23,83%: 

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ստացել է 605 քվե (7,48%), «Հանրապետություն» կուսակցությունը 514 (6,35%), իսկ «Հայրենիք» կուսակցությունը 219 քվե (2,7%)։ 223 քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել

Տաթև, Սյունիքի մարզ

Սյունիքի մարզի Տաթև համայնքը նախօրեին աչքի ընկավ ընտրողների ամենաբարձր ակտիվությամբ։ Ընտրելու իրավունք ունեցող 4197 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 2615-ը կամ 62,3%-ը։ 

Տաթևում նույնպես ավագանի ընտրեցին, պայքարի մեջ էր երեք կուսակցություն։ Հաղթեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի օգտին քվեարկել է 1280 քաղաքացի կամ 48,94%:

Երկրորդը «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունն էր՝ 949 քվեով կամ 36,29%-ով, իսկ «Ապրելու երկիր» կուսակցության օգտին քվեարկել է 337 քաղաքացի կամ 12,88%: Եվս 49 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։

Տեղ, Սյունիքի մարզ

Մեր ցանկում վերջին համայնքը, որտեղ ընտրությունները տեղի ունեցան համամասնական ընտրակարգով, Սյունիքի մարզի սահմանամերձ Տեղ համայնքն է, որը ևս առանձնացավ ընտրողների մեծ ակտիվությամբ։ Ընտրելու իրավունք ունեցող 3901 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցեց 2359-ը կամ 60,47%-ը։

Այստեղ, համայնքային ավագանու տեղերի համար պայքարում էր երկու կուսակցություն՝ «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Ապրելու երկիրը»։ Առաջինը ստացել է 1501 քվե (63,62%), իսկ երկրորդը՝ 806 (34,16%): 51 քվեաթերթիկ էլ անվավեր ճանաչվեց։

Երեք համայնքներում ընտրություններն անցկացվեցին մեծամասնական ընտրակարգով

Բացի վերը նշված վեց համայնքներից, Հայաստանի ևս երեք համայնքներում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, սակայն մեծամասնական ընտրակարգով։ Արագածոտնի մարզի Շամիրամ և Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքներում ընտրեցին համայանքի ղեկավար և ավագանու անդամներ, իսկ Արմավիրի մարզի Ֆերիկ միայն համայնքում ավագանու անդամների։ 

Եզդիաբնակ Շամիրամ համայնքում ընտրելու իրավունք ունեցող 521 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցեց 135-ը կամ 25,91%-ը։ 

Համայնքի ղեկավարի միակ թեկնածուն գործող համայնքապետ Մրազ Բրոյանն էր, որը վերընտրվեց 129 կողմ, 2 դեմ ձայներով։ 4 քվեաթերթիկ էլ անվավեր ճանաչվեց։

Ռուսաբնակ Ֆիոլետեվո համայնքում գրանցված 805 ընտրողների քվեարկությանը մասնակցեց 224-ը կամ 27,82%-ը։ Համայնքապետ ընտրվեց Ալեքսեյ Չիչյովը՝ ստանալով 103 ձայն։ Պավել Զադորկինը ստացել էր՝ 79, իսկ Վալերի Նազարովը 35 քվե։ 6 քվեաթերթիկ էլ համարվեց անվավեր։

Ընդհանուր առմամբ, հոկտոմբերի 17-ին Հայաստանում կայացած ՏԻՄ ընտրություններին ընտրելու իրավունք ուներ 166 753 քաղաքացի, որոնցից քվեարկությանը մասնակցեց 55 410-ը կամ 33,23%-ը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին ևս նախատեսված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Դրանք կանցկացվեն Լոռու, Սյունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter