HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շամիրամի միակ թեկնածուն ինքն իրեն չի ընտրել. «30 տարի աշխատում եմ, հերիք ա»

Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի ղեկավարի միակ թեկնածու, գործող համայնքապետ Մրազ Բրոյանն ասում է, որ ինքն իրեն չի ընտրել: Նույնիսկ կինը չի մասնակցել ընտրությանը, որպեսզի ամուսնուն կողմ չքվեարկի: «30 տարի աշխատում եմ, հերիք ա, էլի»,-ասում է Բրոյանը և միաժամանակ պնդում, որ վերընտրվելու է համայնքի ղեկավարի պաշտոնում: Նրա դիտարկմամբ՝ «դեմ» քվեարկողներն ուղղակի քվեաթերթիկում շփոթելու են սյունակը:

Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում այսօր միաժամանակ ընտրում են և՛ ավագանի, և՛ համայնքի ղեկավար։ Շամիրամում ընտրությունները մրցակցային չեն։ Ինքնառաջադրվել էր նաև համայնքապետի տեղակալ Քյարամ Շարոյանը, սական ինքնաբացարկի դիմում է ներկայացրել և դուրս եկել ընտրապայքարից՝ Բրոյանին թողնելով միայնակ։

1700 բնակիչ ունեցող Շամիրամում հայ են միայն 13-ը, մյուսները եզդիներ են:

Հետաքրքրվեցինք, եթե չի ցանկանում համայնքի ղեկավարի պաշտոնում աշխատել, ինչու է առաջադրվել, Բրոյանը նշեց, թե ժողովուրդն է ասել, որ թեկնածություն դնի, ինքն էլ «խաթրերից դուրս չի եկել»: Ասում է, որ չի հոգնել համայնքապետի պաշտոնից, պարզապես երեխաներն ու թոռները Հայաստանի սահմաններից դուրս են ապրում, չի կարողանում գնալ նրանց տեսակցության:

Ավագանու 5 տեղի համար պայքարում է 6 թեկնածու: Վերջիններս նախորդ ավագանու անդամները չեն: Մրազ Բրոյանը պնդում է, որ չի ընտրվի այն թեկնածուն, ում դեմ կլինի հենց ինքը, քանի որ գյուղացիները կարևորում են իր կարծիքը:

«Մեր մոտ ի՞նչ մրցակցություն, գիտեն ով ոնց ա աշխատում»,-հավելեց Մ. Բրոյանը:

Շամիրամում ընտրություններն անցկացվում էին համայնքի մշակույթի տան շենքում: Սենյակը, որտեղ կազմակերպվել էր քվեարկությունը, շատ փոքր էր: Հանձնաժողովի բոլոր անդամները նույնիսկ ազատ չէին կարող տեղավորվել սենյակում: Հանգստի ժամ ունեցող անդամները ստիպված դուրս էին գալիս, որ կուտակում չլիներ:

Տարածքն այնքան փոքր էր, որ ընտրողներին մեկ-մեկ էին ներս թողնում. Շարժվելու տեղ չկար: Շենքում հնարավոր էր ընտրությունները կազմակերպել ավելի ընդարձակ տարածքում, սակայն ինչ-ինչ պատճառներով տեղավորվել էին փոքր սենյակում: Փոխարենը քվեարկության սենյակին անմիջապես կպած դահլիճում 3 մետրանոց սեղան էր բացել համայնքապետի թեկնածու Մրազ Բրոյանը: Տարածքում թեկնածուի հետ «բարով տեսանք» կենացներ էին խմում համայնքի բնակիչները, որոնք անարգել մտնում էին դահլիճ ու դուրս գալիս: Նրանց հարևան սենյակում էլ տեղակայվել էին հասարակական կարգը պաշտպանող ոստիկանները:

Ով հրաժարվում էր հյուրասիրությունից, թեկնածուն և նրա կողմնակից համագյուղացիները նեղսրտում էին, վիրավորվում: Համայնքապետի միակ թեկնածուն հյուրասիրության համար նույնիսկ գառ էր մորթել: 

Շամիրամում ընտրություններն ընթանում էին առանց արտառոց միջադեպերի: Միակ միջադեպը եղավ այն, որ ընտրողներից մեկը սխալմամբ փորձեց երկրորդ անգամ քվեարկել, ինչն արժանացավ իրավապահ մարմինների ուշադրությանը: 

Համայնքում լուրջ էր օգնողների հարցը: Պարզվում է՝ Շամիրամի բնակչության մի մասը տառաճանաչ չէ և քվեարկելու համար օգնություն էր պետք, ինչն էլ անում էին գոնե տարրական կրթություն ունեցող ընտանիքի անդամները կամ հարևանները: Նույնիսկ 30-35 տարեկանները հայտարարում էին, որ չեն կարող ինքնուրույն քվեարկել և օգնող էին պահանջում:

Գրանցամատյանում գրանցվել էր 12 օգնող, սակայն կողքից օգնողների թիվն իրականում ավելի շատ էր:

Ո՛չ համայնքապետի թեկնածուն, ո՛չ էլ ավագանու անդամները քվեարկության ընթացքում վստահված անձ չունեին: Այստեղ դիտորդներ ևս չկային: Սակայն ավագանու թեկնածուները պարբերաբար գալիս էին ընտրատարածքի մոտ, մի քանի րոպե ուսումնասիրում տարածքն ու հեռանում:

Շամիրամում առանձնահատուկ էր նաև ընտրողների ընտրատեղամաս գալը: Շատ քիչ էր պատահում, որ տղամարդիկ ու կանայք միասին գային ընտրատեղամաս: Կանայք հավաքվում էին մշակույթի տան դիմաց՝ տղամարդկանցից քիչ հեռու և հերթով ներս մտնում, քվեարկում ու նույն խմբով հեռանում: 

Երբեմն պատահում էր, որ կինն ամուսնու հետ էր գալիս ընտրատեղամաս և ամուսինը պահանջում էր, որ կնոջ հետ մտնի քվեախցիկ: «Իմ կնիկն ա, ես իրավունք չունե՞մ իրա հետ մտնեմ»,- դժգոհում էին նրանք: Այս դեպքում, եթե կինն օգնության կարիք չուներ, հանձնաժողովի անդամները թույլ չէին տալիս:

Շամիրամն ունի 521 ընտրող: Ընտրատեղամասը փակվելուց հետո՝ ժամը 20:00-ի դրությամբ, ըստ հանձնաժողովի քարտուղար Ժաննա Խաչատրյանի՝ ընտրելու իրենց իրավունքն իրացրել է 135 մարդ, ինչը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 25,9%-ը:

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter