
Պաշտպանության փոխնախարար. «Փայլասարի մասին ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել»
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը վստահեցնում է` Կապանի Փելա սարի տարածքում դիրքային փոփոխություն չի եղել, և պետք է հիմք ընդունել Ազգային անվտանգության ծառայության հայտարարությունը:
«Փայլասարի մասին ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց փոխնախարարը:
Սարգսյանը հրաժարվեց սահմանային իրավիճակի մասին հարցերին պատասխանելուց:
«Հարցերը, որոնք հնչելու են, վստահաբար վերաբերելու են սահմաններին, եթե դրանք իրենց մեջ պարունակելու են պետական գաղտնիքի տարրեր, ես զերծ եմ մնալու մեկնաբանելուց»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե ստացվում ՊՆ-ն փորձում է ինչ-որ տեղեկություն թաքցնել հանրությունից, Արման Սարգսյանն արձագանքեց` այժմ որևէ տեղեկություն թաքցնել հնարավոր չէ: Նա կոչ արեց հետևել պաշտոնական լրահոսին:
«Որևէ պատկան մարմին որևէ բան, ոչինչ չի թաքցնում, մեր երկիրն իր չափով, մարդկանց ակտիվությամբ էնպիսին է, որ հնարավոր էլ չէ որևէ բան թաքցնել»,- նշեց Սարգսյանը:
Պաշտպանության փոխնախարարը հիշեցրեց, որ զորքերի կահավորվածության, դիրքերի քանակի, հեռավորության և նմանատիպ այլ հարցերը կանոնակարգվում են պետական գաղտնիքի մասին օրենքով, հետևաբար ավելին չի կարող հայտնել:
«Ինչ վերաբերում է մեր սահմաններին, ես զերծ կմնամ պատասխանել` այդ թվում, թե մենք հիմա ձմեռվան պատրաստվելուն ուղղված ինչ աշխատանքներ ենք անում»,- եզրափակեց նա:
Մեկնաբանել