HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն ամբղջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Բաց նամակով դիմելը վստահորդիս խնդրանքն է, ում անունն, իր խնդրանքով, հրապարակայնորեն չեմ նշի, փոխարենը կնշեմ կոռուպցիոն հանցագործությունների շղթայի օղակներ, անուններ, գործերի համարներ և եթե հանձնարարեք հետամուտ լինեք մեղավոր անձանց հայտնաբերելու, պատասխանատվության ենթարկելու հանձնարարություն տալու հարցում, ապա՝ առաջին իսկ փաստաթղթերից կբացահայտվի նաև՝ վստահորդիս տվյալները:

Պարոն վարչապետ, որպես Հայաստանում առկա տնտեսական և ժողովրդագրական խնդիրներին լուծում տալու միջոցներից մեկը, 2018թ.-ի մայիս ամսից սփյուռքահայերին,  Հայաստանից մեկնածներին մշտապես կոչով հորդորել եք, որ ներդրումներ կատարեն Հայաստանում և մշտական բնակչության նպատակով գան/վերադառնան Հայաստան, այդպիսով իրենց ավանդն ունենան մեր պետության բարգավաճմանը: 

Տուրք տալով Ձեր կոչերին և երաշխիքներին, ազգությամբ հայ, սակայն օտարերկյա քաղաքացի հանդիսացող վստահորդս՝

- 2018թ. նոյեմբեր-2019թ. հուլիս ամիսներին Հայաստանում փորձնական ավելի քան 400.000 $ օտարերկյա ներդրում իրականացրեց՝ ք.Եղվարդում ձեռք է բերել ավտոգազալցակայան, այն վերակառուցվել, վերազինվել և վերագործարկվել է:

- 2018-2019թ.թ. Հայաստանում իր ընտանիքի անդամների կողմից օգտագործելու համար ԱՄՆ-ից 4 հատ ամենագնաց ավտոմեքենաներ գնեց, ուղարկեց Հայաստան, վճարեց մաքսազերծման գումարները:

- 2019թ. ամռանը Երևանի կենտրոնում բնակարան գնեց: 

Հայաստանում սեփականության, այլ գույքային իրավունքների պաշտպանության երաշխիքների ինստիտուտի կատարելագործման նպատակով՝ 16.07.2020թ. թիվ ՀՕ-386-Ն օրենքով փոփոխության ենթարկվեց անշարժ գույքի տարածք ներխուժման, դրա կանխման/վերացման տարածքի օրինական տիրապետողի իրավունքների իրականացման երաշխիքներ սահմանող ՀՀ քաղաղաքացիական օրենսգրքի հոդված 203.-ը:

Իսկ 44-օրյա պատերազմի հրադադարի եռակողմ հայտարարությունից 2 ամիս անց, ողջ հայության և Հայաստանի համար համազգային, համապետական ցնցումների մղձավանջային շրջանում, երբ եղած խնդիրները բազմապատկվել էին և դժվար էր որոշել լուծում պահանջող հարցերի առաջնահերթությունը, կարևորեցիք և ՀՀ կառավարության 21.01.2021թ. թիվ  N 79-Ն որոշմամբ ամբողջությամբ փոփոխության ենթարկեցիք և նոր խմբագրությամբ հաստատեցիք նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հոդված 203.-ի կիրառման հիմքում ընկած, անշարժ գույքի տարածք ներխուժումը կանխելու կամ վերացնելու հարցում ոստիկանությանը դիմելու, ոստիկանությանը լիազորելու կարգն ու պայմանները, այդ հարցում ոստիկանության գործառույթները սահմանող ՀՀ կառավարության 10.05.2007թ. N 797-Ն որոշումը:

Պարոն վարչապետ, ՀՀ կառավարության 21.01.2021թ. թիվ  N 79-Ն որոշման ընդունման կապակցությամբ Ձեր խոսքում Դուք ասել եք

«Մենք այս ընթացքում էլ բախվել ենք բազում դեպքերի, երբ ուրիշին պատկանող սեփականության նկատմամբ կատարվել է ոտնձգություն: Բոլորը դա ընդունում են, այսինքն՝ բանավեճ չկա, ըստ էության, որ սեփականությունը պատկանում է x մարդուն, բայց y մարդը որոշակի գործողություն է կատարել նրա նկատմամբ, բայց սեփականությունը վերադարձնելու հետ կապված առաջանում են բազմաթիվ ընթակարգային խնդիրներ: Եվ փաստացի ստացվում է, որ լուռ համաձայնություն կա, որ ապօրինություն է տեղի ունեցել, բայց այդ ապօրինությունը գործնականում վերացնելու համար երբեմն կարող են տարիներ պահանջվել՝ դատական ընթացակարգերով և այլն: 

Եվ հիմա մենք փորձում ենք այս որոշմամբ հնարավորինս հեշտացնել հարցը, որպեսզի նման բարդություններ չլինեն»:

Ստորև կոնկրետ օրինակով հակիրճ ներկայացնեմ, թե Ձեր ասածն ինչպես են ընկալել և կյանքի կոչել (տվյալ դեպքում՝ անտեսել) ոստիկանությունը, դատարանը, այլ մարմինները: 

Այսպես` 2020թ.-ին կորոնովիրուսի պատճառով վստահորդս չկարողացավ ժամանել Հայաստան: Սակայն 2021թ.-ին ժամանեց Հայաստան և, քանի որ ավելի խոշոր ներդրումներ իրականացնելու նպատակ ուներ, նախ դիմեց և ստացավ կացության քարտ: Հաջորդ քայլը պետք է լիներ քաղաքացիություն ստանալը, նոր բիզնես հիմնելն ու մշտական բնակության նպատակով Հայաստան տեղափոխվելը, սակայն ներկայումս դեպքերի զարգացումներն այլ բան են հուշում:

Մասնավորապես, վստահորդս պարզել է, որ լիազորագրերի հիման վրա Հայաստանում իր ներկայացուցիչ, իր ավտոգազալցակայանի գործունեությունը ղեկավարող Աշոտ Խլղաթյանը «օլիգարխի կերպարի մեջ է մտել», վստահորդիս ասելով, որ դատաիրավական համակարգում, այլ պետական մարմիներում «ցանկացած հարց իր օգտին լուծելու խնդիր չունի» և վստահորդիս հորդորում է, որ, եթե ավելորդ խնդիրներ չի ցանկանում ունենալ, ապա՝ ավտոգազալցականի սեփականության իրավունքը վերագրանցի իր (Աշոտի) կողմից նշած անձի անվամբ, մոռանա 4 հատ ավտոմեքենաների մասին (Աշոտն այդ ավտոմեքենաներն արդեն գրանցել էր իր հարազատների անվամբ և դրանցից 2-ը գտնվում է Աշոտի մոտ), գնա և մոռանա Հայաստանի մասին: Վստահորդս շփոթված մեկնել է Հայաստանից և երկու ամիս անց վերադաձել է, որպեսզի իր սեփականատիրական իրավունքների պաշտպանության իրավական գործընթաց սկսի: 

Պարոն վարչապետ, կարող եմ դրվագներով հիմնավորել, որ՝ կոռումպացված պաշտոնատար անձանց հանցավոր գործունեության պատճառով, վստահորդս, շուրջ մեկ ամիս է, որ չի կարողանում սեփականության իրավունքով իրեն պատկանող  ք.Եղվարդ Երևանյան փողոց, թիվ 8 հասցեի ավտոգազալցակայանն իր տիրապետության տակ վերցնել, այնտեղ ապօրինի գտնվող անձանց ներխուժումը վերացնել և հոսանքի ու գազի բաժանորդ դառնալ: 

Մասնավորապես, այդ հարցով՝ 

ա/ Ոստիկանության Իրավաբանական վարչությունից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հոդված 203.-ի, ՀՀ կառավարության 10.05.2007թ. N 797-Ն որոշման կիրառման(տվյալ դեպքում՝ չկիրառման) հարցում հետևողականորեն հովանավորչությամբ են զբաղվում և կեղծ հիմնավորումներով, ապօրինի ցուցումով Նաիրիի բաժնի ոստիկաններին արգելում են ներխուժումը վերացնելու իրենց պարտականությունները կատարել:

բ/ Եղվարդի «Նաիրի» էլ.ցանցի պետ Արմեն Խաչատրյանը վստահորդիս բաժանորդ դառնալու 08.10.2021թ. ներկայացված դիմումը (նույն օրը վստահորդս ստորագրել է նաև՝ բաժանորդի պայմանագիր) հանձնարարել է մուտք անել միայն 13.10.2021թ.-ին, դա էլ այն բանից հետո, երբ դիմումն ընդունելիս վստահորդիս  տեղեկացրել էին, որ հարցին լուծում կտրվի 5 աշխատանքային օրում և 13.10.2021թ.-ին վստահորդս զանգահարել էր և հարցրել արդյոք կարող է գնալ  պայմանագիրը վերցնելու: Վստահորդիս խնդրեցին, որ հաջորդ օրը գնա: Միասին գնացինք և պարզեցինք, որ Արմեն Խաչատրյանը Աշոտ Խլղաթյանի շահերի պաշտպանի դերում է և նպատակ չունի իր պարտականությունները կատարել, նա անգամ փորձեց վեճ հրահրել և հորդորեց իր դեմ բողոք գրել: Հետո պարզեցինք, որ իր վերադասի տեղակալն՝ իր եղբայրն է: 

Հենց այսօր էլ վստահորդս հերթական անգամ գնացել է «Նաիրի» էլ. ցանցի պետ Արմեն Խաչատրյանի մոտ, սակայն որևէ հոդաբաշխ պատասխան չտվեց, թե ինչու վստահորդս իր սեփական տարածքում չի կարող բաժանորդ հանդիսանալ:

գ/ Եղվարդի գազալցականները սպասարկող «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Աբովյանի մասնաճյուղում նմանապես առկա է կոռուպցիա: Մասնավորապես, 12.10.2021թ. դիմում է ներկայացվել բաժանորդ դառնալու և գազամատակարարումը դադարեցնելու համար, սակայն 7 օր դիմումին համապատասխան ընթացք չեն տվել: Խոստացել են, որ վաղը հարցին լուծում կտան, բայց վստահորդս թերահավատ է, իսկ անգործությունն ակնհայտ է:

դ/ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նմանապես այս հարցով առկա է առերևույթ կոռուպցիա: Մասնավորապես, դատալեքս համակարգի կայքից տեղեկանալով գործի մասին 26.08.2021թ.-ին դիմում եմ ներկայացրել դատարան այն մասին, որ հայցադիմումն արդեն 2-րդ անգամ ներկայացվել է բացառիկ տարածքային ընդատության կանոնների պահանջների խախտմամբ և այն ենթակա է վերադարձման: Մասնավորապես, Եղվարդ քաղաքում գտնվող անշարժ գույքի հետ կապված վեճը պետք է ներկայացվի Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Հետամուտ լինելով դիմումիս ընթացքին, 2021թ.-ի սեպտեմբերի 13- 23-ը մի քանի անգամ զանգահարել եմ դատավորի աշխատակազմին և տեղեկացել, որ՝ հայցադիմումը վերադարձնելու որոշում է կայացվել, սակայն ծանրաբեռնվածությունից ելնելով դեռևս որոշումը չի ուղարկվել, բայց 1-2 օրից կուղարկեն: Եվ հանկարծ 29.09.2021թ.-ին դատալեքս կայքում տեղադրվում է 01.09.2021թ. որոշումը՝ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին, որով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բնականաբար մերժվել է, քանի որ հետին ամսաթվով նման որոշում չէր կարող կայացվել: 

Ի դեպ այդ գործով պայմանագրի լուծման ծանուցումը ոչ իրավաչափ ճանաչելու և պայմանագրի լուծմանն ուղղված գործողությունը կատարելուց ձեռնպահ մնալու մասի պահանջ է ներկայացված, իսկ պայմանագիրը վաղուց դադարել է, այսինքն՝ առարկայազուրկ հայց պետք է քննվի և վարույթը կարճվի, բայց իրենց ընդամենը շինծու հայցի ապահովման որոշում է պետք:

Եվ 29.09.2021թ.-ի նոր միջնորդության հիման վրա 30.09.2021թ. ամսաթվով կայացվում է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշում և այն փոխանցվում է պատվիրատուին՝ Աշոտ Խլղաթյանին, ով այդ որոշումն անմիջապես ներկայացնում է ոստիկաններին, իբր, այդ որոշման հիման վրա կարող է իր գործունեությունը շարունակել Տարածքում և նրան չեն կարող Տարածքից դուրս հանել: Այդ որոշումը իրավական արժեք չունի, քանի որ դրանով վստահորդիս  ընդամենը արգելվել է Եղվարդ ք. Երևանյան փողոց, թիվ 8 հասցեից «ՀԱՄԵՐԱՇԽ ԸՆՏԱՆԻՔ» վտարելու հետ կապված գործողություններ կատարել: Իսկ կոռուպցիոն սխեմայի մասնակիցներն անգամ տարրական իրավական գիտելիքներ չունեն այն մասին, որ «վտարում»-ը դա՝ ԴԱՀԿ մասին օրենքի 64-րդ հոդվածով սահմանված կարգով ԴԱՀԿԱ ծառայության կողմից իրականացվող գործառույթ է, իսկ «ներխուժումը վերացնել»- ը՝ ՀՀ քաղ. օր. հոդված 203.-ով սահմանված օրինական տիրապետողի կամ ոստիկանության կողմից իրականացվող գործողություն է: Այսինքն՝ վստահորդս «վտարում» իրականացնելու կամ՝ «դատական ակտ կայացնելու» կամ՝ «օրենքներ ընդունելու»  և նման շատ այլ գործառույթներ իրականացնելու իրավասություն չունի, հետևապես նման դատական ակտ կայացնելն առնվազն անհեթեթություն է, համենայն դեպս՝ վստահորդիս համար իրավական հետևանքներ չի կարող առաջացնել ներխուժումը վերացնելու իրավունքն իրականացնելու հարցում: Այդ մասին 2 էջանոց տեղեկանք եմ ներկայացրել Նաիրիի բաժնի ոստիկաններին, ներկայացվել է նաև այդ հարցով ԴԱՀԿԱ ծառայության կողմից տրված պարզաբանում, սակայն ոստիկանությունում մեկ պատասխան կա՝ վերադասի ցուցում է, ոչինչ չենք կարող անել և անգործություն են դրսևորում:

Վերջերս ոստիկանության Նաիրիի բաժնում նոր պետ է նշանակվել, 19.10.2021թ.-ին 4-րդ  դիմում ենք ներկայացրել ներխուժումը վերացնելու պահանջով, սակայն կրկին անգործություն են դրսևորել և Ոստիկանության իրավաբանական վարչության անհեթեթ շաբլոն գրությամբ են պատասխանել:

ՊԵԿ-ի թեժ գիծ էլ ենք զանգահարել և հաղորդում տվել, որ վստահորդիս սեփականությունը հանդիսացող տարածքում, առանց տարածքի նկատմամբ իրավունքների տնտեսական գործունեություն է իրականացվում: Բանավոր պատասխանել են, որ՝ եթե հարկերը վճարում են, ուրեմն՝ ապօրինություն չկա: Ասում ենք՝ եկեք սեփականատիրոջ նկատմամբ վարույթ հարուցեք, պարզեք, թե ինչ իրավունքով, ինչ հիմքով է իր տարածքում գործունեություն իրականացվում: Ասում են՝ մեր գործը չէ:

Ի դեպ, վստահորդիս հաղորդման հիման վրա՝ Աշոտ Խլղաթյանի կողմից ք.Եղվարդ, Երևանյան փողոց թիվ 8 տարածքի գազալցակայանի շահագործումից վստահորդիս հասանելիք եկամուտները յուրացնելու, վստահորդիս պատկանող 4 հատ ամենագնաց ավտոմեքենաների նկատմամբ ապօրինաբար իրավունք ձեռք բերելու, վստահորդիս կողմից գնված հողամասը յուրացնելու փաստով 13.09.2021թ.-ին հարուցված թիվ 15963121 քրեական գործով 17.09.2021թ. որոշմամբ վստահորդս արդեն տուժող է ճանաչվել, սակայն առ այսօր քննիչի ծանուցումներն անտեսելով քննությանը չեն ներկայանում ո՛չ Աշոտը, ո՛չ նրան այդ հարցում օժանադակող ընտանիքի անդամներն ու նրա հարազատները: Վստահորդս իր և Աշոտի ընդհանուր ծանոթից տեղեկացել է, որ՝ Աշոտի եղբոր որդի ՀՔԾ ՀԿԳ քննիչ Արթուր Խլղաթյանն անձամբ դիմել է քննչական բաժնի պետ Ա.Այվազյանին և տեղեկացրել, որ գործով անցնում են իր հարազատները:

Արդյունքում վստահորդս, ով օտարերկյա ներդրող է, ունենալով սեփականության իրավունքի վկայական, կադաստրի միասնական տեղեկանք այն մասին, որ այլոց գույքային իրավունք գրանցված չէ իր Տարածքում, միևնույն է չի կարողանում փաստացի իր տարածքի տերը դառնալ, քանի որ գազալցակայանն ապօրինի շահագործող Աշոտ Խլղաթյանը օրական գումար է աշխատում և աջ ու ձախ հարցեր լուծում:

Պարոն վարչապետ, 15 տարվա փաստաբանական գործունեությանս ժամանակահատվածում նման համատարած ապօրինությունների չեմ հանդիպել, հայցում ենք Ձեր աջակցությունը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter