HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պետական դավաճանության վերաբերյալ գործը դռնփակ կքննվի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Գագիկ Պողոսյանի, այսօր որոշեց դռնփակ քննել պետական դավաճանության վերաբերյալ գործը, որով ամբաստանյալի աթոռին են ամուսիններ Մայիս Սահակյանը և Ստելլա Սարգսյանը:

Այս գործը դատարանում է արդեն կես տարի, դատարանը մինչ այսօրվա նիստը ևս 5 նիստ է նշանակել, սակայն մինչ այս պահն, ըստ էության, քննություն տեղի չի ունեցել: Նշանակված նիստերից մեկին կինը չի ներկայացել, մեկ այլ նիստով` ամուսինը հրաժարվել է պաշտպանից, երրորդով` պաշտպանը չի ներկայացել և այսպես շարունակ: Դատարանը մինչև հիմա ճշտել է միայն ամբաստանյալների ինքնությունը:

Այսօրվա դատական նիստին դատավոր Գագիկ Պողոսյանը փորձեց ճշտել` ամբաստանյալներին նախաքննության ընթացքում ծանոթացրե՞լ են իրենց իրավունքներին, և ի պատասխան Ստելլա Սարգսյանն ասաց, որ իրեն չեն ծանոթացրել իրավունքներին: Դատավորը դիտարկեց, որ գործում առկա է իրավունքներին ծանոթացած լինելու վերաբերյալ փաստաթուղթ, և Սարգսյանը պատասխանեց, որ ինքն ուղղակի ստորագրել է դրա տակ:

Դատավորի հարցին ի պատասխան Սարգսյանն ասաց, որ իրավունքների և պարտականոությունների վերաբերյալ դատարանի կողմից ուղարկված հուշաթերթիկը ստացել է, կարդացել այն, սակայն իրեն դրա բովանդակությունը հասկանալի չէ:

«Ի՞նչը հասկանալի չէ».- փորձեց ճշտել դատավոր Պողոսյանը:

«Ամեն գրած տողը չեմ հասկանում, բացատրեք»,- փոքր ինչ բորբոքված պատասխանեց Ստելլա Սարգսյանը: Գագիկ Պողոսյանն ասաց, որ ինքը պետք է ընթերցի հուշաթերթիկի բովանդակությունը, եթե այն չի հասկացել կարդալով, ապա ինչպե՞ս պետք է հասկանա, երբ ինքն ընթերցի:

Հետո դատավորը դիմեց պաշտպան Տաթևիկ Հակոբյանին`փորձելով հասկանալ, թե ի՞նչ նկատի ունի վերջինս պաշտպանյալը, երբ ասում է, թե ոչինչ չի հասկացել: Պաշտպանն ասաց, որ Սարգսյանը փոքր-ինչ հուզված է, որից հետո Սարգսյանը սկսեց լացել:

«Մենք այստեղ չենք եկել արցունքներ թափելու կամ մաքրելու: Եթե ձեր մտավոր ունակությունների հետ կապված խնդիր ունեք, բարձրաձայնե՛ք»,- շարունակեց դատավորը:

«Այո՛, ունեմ»,- պատասխանեց Ստելլա Սարգսյանը: Վերջինիս ամիսինը` Մայիս Սարգսյանը դատավորից խնդրեց իրեն խոսելու հնարավորություն տալ, սակայն Գագիկ Պողոսյանը նիստն ընդմիջեց 15 րոպեով:

«Հանգստացրե՛ք»,- ասաց դատավորն ու դուրս եկավ նիստերի դահլիճից:

Երբ նիստը վերսկսվեց, Սարգսյանի պաշտպան Տաթևիկ Հակոբյանը դատարանին ասաց, որ նիստը դռնփակ քննելու միջնորդություն ունի: Նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ միջնորդությունը դռնփակ է քննվում, ուստի լրագրողները դուրս եկան նիստերի դահլիճից: Քիչ անց կարգադրիչը հայտնեց, որ դատարանը որոշել է դռնփակ քննություն իրականացնել:

Հիշեցնենք, որ Մայիս Սահակյանն, ըստ մեղադրանքի, կնոջ՝ Ստելլա Սարգսյանի օժանդակությամբ լրտեսության, ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ հավաքելու ու հանձնելու, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակով կատարել է պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

Ստելլա Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնու՝ Մայիս Զավենի Սահակյանի կողմից լրտեսության, ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ հավաքելու ու հանձնելու, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակով պետական դավաճանություն կատարելուն օժանդակելու դիտավորությամբ, տրամադրել է անհրաժեշտ միջոցներ, ինչպես նաև վերացրել է այդ կապակցությամբ առկա խոչընդոտները: Մայիս Սահակյանը կալանքի տակ է, կինը՝ Ստելլա Սարգսյանը, ազատության մեջ:

Գործի վերաբերյալ տարածված հաղորդագրությամբ ԱԱԾ-ն հայտնել է, որ ամուսինները նախկինում գտնվել են Թուրքիայում, և ամուսինը հայտնվել է այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում և հավաքագրվել նշված կազմակերպության ներկայացուցչի կողմից:

Այնուհետև, վերադառնալով մշտական բնակության վայր, Հայաստանի քաղաքացին Թուրքիայում բնակվող իր ծանոթի միջոցով, օտարերկրյա հետախուզության ծառայության աշխատակցին է փոխանցել իր բջջային հեռախոսահամարը:

Ըստ ԱԱԾ տվյալների՝ տեղի ունեցած հեռախոսազրույցների ընթացքում ՀՀ քաղաքացին համաձայնել է ի վնաս Հայաստանի և Արցախի տարածքային անձեռնմխելիության ու արտաքին անվտանգության տեղեկություններ տրամադրել թշնամական գործունեությամբ զբաղվող նշված կազմակերպության ներկայացուցչին։ Մասնավորապես, քաղաքացին զինված ուժերի, սպառազինությունների մասին պետական գաղտնիք կազմող տեղեկությունների դիմաց վարձատրվել է։

«ՀՀ քաղաքացին թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին օգնություն ցույց տալու կապակցությամբ ծավալած հանցավոր գործունեության ընթացքում հավաքել է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տվյալներ, ինչպես նաև այլ բնույթի տեղեկություններ, որոնք ինչպես անձամբ, այնպես էլ կնոջ միջոցով օտարերկրյա հետախուզության ծառայության աշխատակցի հետ համացանցային կապի ընթացքում փոխանցել է վերջինիս և դրա դիմաց որպես վարձատրություն ստացել շուրջ 1 500 դոլար գումար»,- ասված է գործի վերաբերյալ ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ:

Լուսանկարում՝ ձախից` Մայիս Սահակյանը, աջից` պաշտպան Էդուարդ Աղաջանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter