
ՀՅԴ Երիտասարդականը համահայկական դիմադրության շարժում է սկսում
ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը տեղեկացնում է, որ համահայկական երիտասարդական դիմադրության շարժում է սկսում՝ հաշվի առնելով, հայկական պետության կործանման վտանգը ու Արցախի եւ Սյունիքի կորուստը կասեցնելու հրամայականը։ Ստորեւ՝ գրասենյակի տարածած հաղորդագրությունը։
ՀՅԴ Երիտասարդականի համաշխարհային ընտանիքը դիմում է համազգային դիմադրության, որը հետեւողական պայքարի շնորհիվ առաջացնելու է երկար սպասված արժեհամակարգային հեղափոխությունը։
Նկատի ունենալով,
- թուրք-ադրբեջանական պանթուրանական քաղաքականությունը, որ միտում ունի մեկընդմիշտ տարածաշրջանի քարտեզից ջնջելու Արցախի ու Հայաստանի Հանրապետությունները,
- ՀՀ ապազգային, դավադիր իշխանությունների ընթացքը, որն առաջնորդվում է միակողմանի զիջումներով՝ կարծեցյալ խաղաղության հասնելու քաղաքականությամբ,
- Հայաստանի Հանրապետության ներքաղաքական փակուղին եւ այն իրականությունը, որ ՀՀ Ազգային ժողովում ընդդիմության ծավալած գործունեության կողքին անհրաժեշտ է դիմել բազմաճակատ պայքարի՝
ՀՅԴ Երիտասարդությունը որոշել է չհարմարվել այս իրականությանը, այլ՝ մեկնարկել համազգային երիտասարդական դիմադրության շարժում՝ պայքարի հինգ հիմնական ճակատներով․
- Ամենուրեք թափ հաղորդել հակաթուրք եւ հակաադրբեջանական պայքարին,
- Գերտերություններին հասցնել այն պատգամը, որ իրենց ծրագրերը չեն կարող իրականացնել Հայաստանի եւ հայության ազգային-պետական շահերի հաշվին,
- Կտրուկ քայլերով մերժել ՀՀ իշխանությունների պառակտող ու պետականակործան քաղաքականությունը,
- Պայքարել Արցախը հայաթափելու, այն ՀՀ-ից ու Սփյուռքից անջատելու ադրբեջանա-թուրքական փորձերի եւ Սյունիքից արտագաղթի հոսանքի դեմ․ ՀՅԴ Երիտասարդականի կազմակերպած «Արցախի վերականգման ու զարգացման» եւ «Դեպի Սյունիք» ծրագրերը այս աշխատանքի լավագույն ապացույցներն են,
- Ներազգային ճակատում համախմբել, կազմակերպել հայ երիտասարդությանը՝ ստեղծելով դիմադրության ցանցային կորիզներ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել