
Ո՞ւմ հաշվին է ապրում Շուշան Պետրոսյանը և ու՞մ տանն է ապրում Գալուստ Սահակյանը
Երգչուհի Շուշան Պետրոսյանը ՀՀԿ-ի համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու է, հետեւաբար գույքի եւ եկամուտների հայտարարագիր ներկայացնող սուբյեկտ: Հենց սկզբից նշենք, որ ՀՀԿ-ական երգչուհին զարմացրել է իր ներկայացրած հայտարարագրով:
Առաջին էջում նա գրել է, որ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում մեներգչուհի է, սակայն եկամուտների բաժնում նույնիսկ 1 դրամ չի հայտարարագրել: Ստացվում է, որ Շուշան Պետրոսյանը մեկ տարի շարունակ ոչ մի դրամ չի ունեցել եւ աշխատել է հասարակական հիմունքներով, եկամուտ չի ստացել նաեւ իր համերգներից: Անշուշտ, կասկածից վեր է, որ նման բան կարող է լինել:
Շուշան Պետրոսյանն այնքան անփորձ է, որ նույնիսկ չի կարողացել ճիշտ լրացնել հայտարարագիրը: Հայտարարագիրը ներկայացնելու ամսաթիվ երգչուհին նշել է մայիսի 19-ը, այնինչ մայիս ամիսը դեռ չի էլ սկսվել:
Պատգամավորության թեկնածու Շուշան Պետրոսյանը որպես անշարժ գույքի սեփականատեր նշել է Երեւանի Կորյուն փողոցում գտնվող բնակարանն ու Քոչար փողոցի իր արվեստանոցը:
Երգչուհին միանձնյա սեփականության իրավունքով ունի 2007թ. արտադրության «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենա: Բացի դրամական եկամուտներից, Շուշան Պետրոսյանը չունի նաեւ 8 միլիոն դրամը եւ համարժեք արտարժույթը գերազանցող գույք:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի մեկ այլ կարկառուն ներկայացուցիչ Գալուստ Սահակյանին, ապա նա էլ ոչ տուն ունի, ոչ թանկարժեք իրեր, իսկ եկամուտի միակ աղբյուրը ԱԺ-ից ստացած 3 միլիոն 109 հազար 700 դրամ աշխատավարձն է եւ մեկ տարվա կենսաթոշակը` 258 հազար դրամ:
Գալուստ Սահակյանն ունի 2008թ. արտադրության «Նիսսան Մաքսիմա» մակնիշի ավտոմեքենա եւ ուրիշ ոչինչ:
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել