HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայում Ռուսաստանի 4 քաղաքացի է ձերբակալվել. նրանք մեղադրվում են լրտեսության մեջ

Թուրքիայում դեռ հոկտեմբերի 8-ին ձերբակալվել է 6 օտարերկրացի։ Նրանք մեղադրվում են քաղաքական և ռազմական լրտեսության մեջ։ Այդ մասին հոկտեմբերի 20-ին հայտնել է թուրքական Hürriyet պարբերականը։ Նրանցից չորսը Ռուսաստանի, մեկը՝ Ուկրաինայի, իսկ մյուսը Ուզբեկստանի քաղաքացիներ են։ Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ օտարերկրացիները պատրաստվում էին զինված հարձակումներ գործել չեչեն ընդդիմադիրների վրա։ 

Թուրքիայում լրտեսության համար նախատեսված է 15-20 տարվա ազատազրկում։ Դատարանի որոշմամբ, նրանք կալանավորվել են և տեղափոխվել Ստամբուլի Մալթեփե շրջանի կալանավայր։ 

Hürriyet-ը հրապարակել է կալանավորվածների անունները։ Ռուսաստանի քաղաքացիներն են՝ Աբդուլա Աբդուլաևը, Ռավշան Ահմեդովը, Բիսլան Ռասաևը և Ասլանբեկ Աբդուլմուսլիմովը։ Կալանավորված Իգոր Եֆրիմը Ուկրաինայի քաղաքացի է, Ամիր Յուսուպովը՝ Ուզբեկստանի։

Հոկտեմբերի 8-ին «Հետք»-ը գրել էր, որ Թուրքիայի ոստիկանությունը և Ազգային հետախուզական կազմակերպությունը հայտարարել էին քաղաքական և ռազմական լրտեսության մեղադրանքով 6 քաղաքացու ձերբակալման մասին, որոնց մոտ հայտնաբերվել էին ռուսական անձնագրեր։ Նրանք կասկածվում էին Ստամբուլում և Անթալիայում զինված հարձակումների կազմակերպման մեջ։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հոկտեմբերի 11-ին հայտարարել էր, որ տեղեկատվություն չունի տեղի ունեցածի վերաբերյալ։ «Եթե նրանք, իրոք, Ռուսաստանի քաղաքացիներ են, հավանաբար մենք դիվանագիտական ալիքներով ստացել ենք կամ կստանանք ինչ-որ տեղեկատվություն։ Բայց մենք ոչինչ չգիտենք այդ մասին»,- նշել էր նա։ 

Լուսանկարը՝ korrespondent.net-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter