
Երևանի երթուղիներում առկա հին ավտոբուսների շահագործման ժամկետը կերկարաձգվի ևս 3 տարով․ նախագիծ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարությունն առաջարկում է Երևանի հանրային տրանսպորտի երթուղիներում առկա հին ավտոբուսների ծառայության ժամկետը ավելացնել 3 տարով՝ 2022թ․ հունիսի 1-ի փոխարեն երկարաձհելով մինչև 2025թ․ հունիսի 1-ը։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը ՏԿԵ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել իրավական կատերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Առաջարկվող փոփոխությունները վերաբերում են ՀՀ կառավարության 2020թ․ դեկտեմբերի 3-ի որոշմանը, որի հավելվածի 19-րդ կետի համաձայն՝ թողարկման տարեթվից հաշված՝ 10 տարին լրացած ավտոբուսները ենթակա են պարտադիր փոխարինման: Սակայն այս կետը չի տարածվել Երևանի տրանսպորտային պարկում արդեն իսկ առկա և շահագործվող, 10 տարին լրացած ավտոբուսների և միկրոավտոբուսների վրա, այդ պատճառով, օրինակ՝ 2005-2009թթ․ արտադրության «Բոգդանները» շարունակել են շահագործվել։
10 տարին լրացած տրանսպորտային միջոցների փոխարինման համար կառավարությունը վերջնաժամկետ էր սահմանել մինչև 2022թ․ հունիսի 1-ը, սակայն ՏԿԵ նախարարության այսօր ներկայացրած նախագծով՝ առաջարկվում է վերջնաժամկետ սահմանել մինչև 2025թ․ հունիսի 1-ը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տվյալներով՝ Երևանի ներհամայնքային կանոնավոր փոխադրումների երթուղիներում ներգրավված են 2011թ. թողարկման 249 հատ «Հիգեր» մակնիշի, 2010-2011թթ. թողարկման 19 հատ «Հունդաի» մակնիշի, 2005-2009թթ. թողարկման 91 հատ «Բոգդան» և «ՊԱԶ» մակնիշների ավտոբուսներ, ինչպես նաև 750 հատ միկրոավտոբուսներ։
Ըստ նախագծի հիմնավորման՝ եթե 2022թ․ հունիսի 1-ից նշված տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվի, ապա լրջագույն խնդիրներ կառաջանան Երևանի ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացում և մայրաքաղաքի կանոնավոր ուղևորափոխադրումների ողջ գործընթացը կհայտնվի ձախողման եզրին, այդ իսկ պատճառով հին ավտոբուսների և միկրոավտոբուսների շահագործման ժամկետը կերակարձգվի ևս 3 տարով։
Հավելենք, որ այս փոփոխությունն ուժի մեջ կմտնի միայն կառավարության հավանությանն արժանանալուց հետո։
Մեկնաբանել