HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողանն արևմտյան ԶԼՄ-ներին մեղադրել է 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի լրատվամիջոցների դերում հանդես գալու մեջ

Ստամբուլում ընթանում է Թյուրքական խորհրդի առաջին մեդիաֆորումը, որի մասնակիցներին իր տեսաուղերձում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել միասնաբար պայքարել ստի և ապատեղեկատվության դեմ։ Խոսելով «թվային ֆաշիզմի» մասին՝ Էրդողանը հայտարարել է, որ Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքը ցույց տվեց, որ արևմտյան լրատվամիջոցները «անտեսում էին Հայաստանի ԶՈւ հանցագործությունները, որը հրթիռակոծում էր Ադրբեջանի քաղաքները»։

«Տեղեկատվական դաշտում երկակի չափանիշները, որոնց ականատեսը մենք դարձանք Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ժամանակ, մեր բոլոր երկրների համար հաստատեցին ապատեղեկատվության ու ստի դեմ պայքարի կարևորությունը։ Հայաստանի զինված ուժերը բալիստիկ հրթիռներով հրթիռակոծում էին Ադրբեջանի քաղաքները, իրականացնում զանգվածային սպանություններ, սակայն արյունալի հանցագործությունների մասին լռում և չէին լուսաբանում միջազգային ԶԼՄ-ները։ Մեդիա կառույցները, որոնք հայտարարում էին խոսքի ազատության և իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանման մասին, գործնականում հանդես էին գալիս Հայաստանի պաշտոնական տեղեկատվական գործակալությունների դերում»,- հայտարարել է Էրդողանը։ Նա հավելել է, որ 44-օրյա պատերազմը տեղեկատվական էմբարգոյի ոչ առաջին և ոչ էլ վերջին օրինակն է, որին պետք է բախվեն թյուրքալեզու երկրները։

Էրդողանի խոսքերով՝ այսօր սուտն ու փաստերի խեղաթյուրումը ողջ աշխարհում վնաս են հասցնում միլիոնավոր մարդկանց։ «Չվերահսկվող սոցիալական ցանցերը դարձել են ժողովրդավարության, հասարակության և պետության ազգային անվտանգության սպառնալիք։ Մեր երկրները պետք է ձևավորեն անկախ տեղեկատվական համակարգ և ԶԼՄ-ներ, ինչպես դա ներկայում անում է Թուրքիան՝ պաշտպանական և ռազմական ոլորտներում»,- նշել է Էրդողանը։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մամուլի ազատության ինդեքսի համաձայն՝ 2021 թվականին Թուրքիան, 180 երկրների շարքում, զբաղեցրել է 153-րդ հորիզոնականը, ինչը նշանակում է, որ այդ երկրում մամուլն ազատ չէ։ Իրավապաշտպան կազմակերպություններն ահազանգում են, որ Թուրքիայում ճնշվում է ընդդիմադիր լրատվամիջոցների և լրագրողների աշխատանքը։ 

44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժը, թուրքական կողմի անմիջական աջակցությամբ և թուրքական արտադրության տեխնիկայի կիրառմամբ, հարվածներ էր հասցնում Արցախի խաղաղ բնակչության և քաղաքների ուղղությամբ։ Թուրքական արտադրության հրետանին ու անօդաչուները մեծապես կիրառվել են 44-օրյա պատերազմի ժամանակ, իսկ թուրք գեներալներն անմիջական մասնակցություն ունեցել ռազմագործողությունների մշակման և ղեկավարման գործընթացում։

Լուսանկարը՝ DHA photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter