HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիգը՝ կյանքով լի տղան․ «Միեւնույնն է՝ ինքը կյանքը տվող էր էս հայրենիքի համար»

Գրիգի ձիու՝ Միրաժի նկարը փակցված է նրա սենյակի պատին։ Այն նվիրել էր ձիարշավարանի ընկերներից մեկը։ Գրիգը դեռ 4-րդ դասարանից զբաղվում էր ձիասպորտով։ Միրաժի հետ նրանք մասնակցում էին մրցումների եւ մրցանակներ շահում։ Միրաժը գուցե այդպես էլ չիմանա, որ Գրիգն այլեւս չի վերադառնա։

Գրիգոր Ղազարյանի՝ Գրիգի սենյակում ամեն ինչ պահպանվել է գրեթե այնպես, ինչպես նա էր դասավորել 2019-ին բանակ զորակոչվելուց առաջ։ Առաջին հայացքից բազմազան նախասիրությունները, կարծես, ներդաշնակ հյուսվում են։ Պահարանում կրակայրիչների, ժամացույցների հավաքածուներն են, համակարգչի մեջ՝ ազգագրական երգերով թղթապանակները։ Նա անընդհատ էր լսում այդ երգերը, անգամ երբ հանրային տրանսպորտում էր։ Գրիգորը նաեւ պարում էր ու երբեմն պարի դասընթացներ էր վարում մարզերում։

Զգեստապահարանում խնամքով պահվում են Գրիգորի սկաուտական զգեստը, փողկապները, արշավների ուսապարկը, ջրի տարան, որ նոր էր գնել։ Սենյակում կենդանությունն ու աշխուժությունն այնքան շատ է, որ իրերը նայելիս ժպտում ենք, եւ անցյալ ժամանակաձեւը խաբկանք է թվում այստեղ։ Այնպիսի զգացողություն է, որ Գրիգն ուր որ է ներս է մտնելու՝ զարմացած նայելով իր անձնական տարածք ներխուժած անծանոթներիս։

Գրիգի մայրը՝ Ֆլորա Վերդյանը, սեղանից մի կապոց է վերցնում եւ մեզ պարզում։ Տղան 11 տարեկան էր, երբ առաջին անգամ Արցախ էր գնացել։ Ղազանչեցոց եկեղեցում մորը խնդրել էր իր համար Շուշվա արխիվային լուսանկարներ գնել։ Մայրը սկզբից խորհուրդ էր տվել գունավոր, ժամանակակից Շուշիի նկարները վերցնել, բայց որդին հրաժարվել էր։ Դեռ մանկությունից Գրիգորն ընտանիքի հետ շրջել է Հայաստանում ու Արցախում։

Պատուհանի մոտ նրա ինժեներական աշխատասեղանն է։ Փոքրուց Գրիգին նվիրում էին ռադիոկառավարվող սարքեր, ուղղաթիռներ։ Սկաուտական մեծ հավաքույթի համար հենց այստեղ էլ լույսերով տարբեր գրվածքներ է հավաքել։ Որոշել էր բանակից վերադառնալուց հետո թրթուրավոր ռոբոտ ստեղծել, որի վրա հնարավոր կլիներ զենք տեղադրել ու կիրառել։

Զորակոչվելուց առաջ՝ 2019-ի ամռանը, Պոլիտեխնիկ ընդունվելու քննություններ էր հանձնել, եւ ծառայության մեջ էր, երբ իմացել էր ընդունվելու մասին․ ցուցակներն այդ ժամանակ էին կախել։  

Հյուրասենյակի անկյունում Գրիգի լուսանկարներն են։ Մայրը դրանք հավաքել էր ընկերներից, ովքեր այսօր էլ հաճախակի են այցելում այս տուն։

-Շա՞տ են ընկերները,- հարցնում եմ։

-Շատ, հիմա Գրիգի միակ ժառանգությունն ընկերներն են,- սա ասելուց տիկին Ֆլորայի աչքերը խոնավանում են, ձայնը կտրվում է։ Նախորդ ամիս Գրիգին նվիրված հուշ-երեկո էին կազմակերպել, որին ներկա էին մոտ 250 հոգի։ Մեծը մասն ընկերներն էին։

Գրիգորը երեք որդիներից կրտսերն է՝ Գառնիկից եւ Գեւորգից հետո։ Ծառայության առաջին երեք ամիսներն անցկացրել է ՀՕՊ ուսումնական զորամասում, ինչից հետո տարել էին «Եղնիկներ»։ Մայրն ասում է՝ բանակն ու Արցախն առաջնահերթ էին Գրիգի համար։

Հայրը՝ Լեւոն Ղազարյանը, ասում է, որ ամեն երեկո որդին զանգում էր։ Ասում էր, որ կարոտել է։ «Հարցնում էի՝ ո՞նց ես, տղերքը ո՞նց են։ Ասում էի՝ մեր ժողովրդի հույսը մեր զինվորն ա, տղա ջան, ընկերներիդ էլ բացատրի։ Դա էր մեր խոսակցության հիմնական թեման»,- հիշում է Լեւոն Ղազարյանը։ Կինը հավելում է, որ բանակում Գրիգը սկսել էր շատ կարդալ։ Մի անգամ զանգել էր, ռուսերեն էր սկսել խոսել ու բացատրել, թե ուզում է ռուսերենի շեշտադրությունը ստուգել։

Զանգերն ու առօրյա խոսակցությունները շարունակվել են մինչեւ սեպտեմբերի 26-ը։ «Զվարթնոց» օդանավակայանում աշխատող տիկին Ֆլորան այդ օրը հերթափոխի էր։ Հանգստի ժամ էր, երբ աչքը «կպել էր» ու երազ էր տեսել։ Երազում մահացած մորաքույրը Գրիգորի անունն էր տալիս։ Վախեցած վեր էր թռել, զանգել որդուն, ամեն ինչ նորմալ էր։

«Միշտ հարցնում էի, թե թռչող աստղեր չկա՞ն, նկատի ունեի կրակոցները, ասում էր՝ հա, ես էլ ասում էի՝ մե՞ծ աստղեր են, հեռո՞ւ են գնում, ասում էր՝ չէ, հանգիստ է»,- հիշում է տիկին Ֆլորան ու ավելացնում, որ երբ որդու հետ զրույցն ավարտվել է, ինքն իրեն ասել է՝ վաղը պատերազմ է լինելու։ «Առավոտյան 7-ի կողմերը վազեցի համակարգչի մոտ, որ տեսնեմ, թե ինչ լուրեր կան։ Էնպես էի ուզում նորից զանգել․․․»,- ասում է տիկին Ֆլորան։ Սեպտեմբերի 26-ին զրույցը վերջինն էր մոր եւ որդու համար։

Պատերազմի լուրը լսելուց հետո ավագ որդու՝ Գառնիկի հետ զինկոմիսարիատ էին գնացել, միջնեկը՝ Գեւորգը, սեփական նախաձեռնությամբ արդեն շարժվել էր դեպի Արցախ։ Տիկին Ֆլորան ասում է՝ ինքն էլ էր դիմել, որ գոնե որպես բուժքույր տանեին, հո տանը մենակ չէ՞ր նստելու։ Ավագ որդին առողջական խնդիրներ ուներ, եւ նրան չհերթագրեցին, փոխարենը հայրը վերցրել է նրա համար պատրաստած պայուսակն ու կամավորագրվել 50-ից բարձր տարիք ունեցողների ջոկատում։

Ամուսինները պատմում են, որ զինկոմիսարիատում չկար կազմակերպվածություն։ Տարիքավոր կամավորականներից մեկը նույնիսկ 79 տարեկան էր, սակայն նրան թողել էին, որ թոռան հետ ավտոբուս նստի, նրանց մեջ էր հայտնվել նաեւ մի 9-րդ դասարանցի, որը թաքցնում էր իրական տարիքը։ Տիկին Ֆլորան ասում է՝ մինչեւ ավտոբուսը կշարժվեր, անընդհատ հարցնում էր դպրոցականին, թե արդյոք տնեցիները գիտեն իր գնալու մասին, ինչին դրական էր պատասխանում։ Ի վերջո, երբ ավտոբուսը Եղեգնաձոր էր հասել, տնեցիները հասցրել էին իմանալ, որ տղան գաղտնի Արցախ է մեկնում եւ գնացել, տուն էին տարել։

Տիկին Ֆլորան մեղմ ժպտում է։ 2016-ի ապրիլին էլ Գրիգն էր ընկերոջ՝ Նարեկի հետ գնացել զինկոմիսարիատ ու փորձել կամավորագրվել։ Մալիշկա գյուղի մոտ ռազմական ոստիկանությունը կանգնեցրել էր նրանց, պայուսակներում տեսել դասագրքերն ու հետ ուղարկել Երեւան։ Գրիգն այդ ժամանակ 15 տարեկան էր։

Լեւոն Ղազարյանը պատմում է, թե ինչպես իրենց ավտոբուսը, որում 17 հոգի կար, հասավ Արցախ։ Նրանց համազգեստ այդպես էլ չէին բաժանել, մեկնել էին այնպես, ինչպես որ եկել էին զինկոմիսարիատ՝ ամառային շորերով։ Ինքը կարճաթեւ կարմիր շապիկով էր, ջինսե տաբատով ու սանդալներով, ավտոբուս նստելուց ձեռքին ոչ մի փաստաթուղթ չկար․ անձնագիրը մնացել էր զինկոմիսարիատի դարակներում, եւ միայն պատերազմի ավարտից մեկ ամիս անց էր կարողացել այն հետ վերցնել։

Ստեփանակերտ էին հասել ուշ երեկոյան, քաղաքում շարժ գրեթե չկար։ Պաշտպանության բանակի շտաբի մի մասը հրետակոծված էր, դարպասներն էլ փակ էին։ Ավտոբուսի ավագը՝ կոչումով փոխգնդապետ, այդպես էլ չկարողացավ պարզել, թե որ ուղղությամբ պետք է շարժվեն։ Պատահաբար ռազմական ոստիկանության մեքենա էր մոտեցել։   

«Ասում եմ՝ ո՞ր կողմ գնանք, ասում է՝ Ջաբրայիլ ա վատ վիճակ, մեկ էլ Մարտակերտ, որտեղ ուզում եք գնացեք,- պատմում է Լեւոն Ղազարյանը,- ասեցի՝ տղերք ջան, երկու տղաներս Մարտակերտի ուղղության վրա են, եկեք էդտեղ գնանք։ Երեւի էդտեղ էլ բոլորս փրկվեցինք, թե չէ Ջաբրայիլում 17 հոգիս էլ կվերանայինք»։

Դեպի Մարտակերտ էին գնացել Ասկերանով։ Երբ այդ քաղաքն անցել էին, թշնամու ԱԹՍ-ներն սկսել էին պտտվել երկնքում՝ խուճապ առաջացնելով ավտոբոսում։ «Տեղանքն անծանոթ էր բոլորիս։ Ավտոբուսի մեջ պանիկա սկսվեց, շոֆերը դռները բացեց, ժողովուրդը ցրվեց, վախենում էին, որ ԱԹՍ-ները կխփեն։ Մի քանի հոգի սկսեցին, թե բա մեզ բերել են էստեղ, ու ոչ մեկ չկա։ Փոխգնդապետին ասում եմ՝ հավաքի ժողովրդին, չի կարելի կանգնել։ Ինքն էլ թե՝ ես ի՞նչ փոխգնդապետ, ռազմագիտության դասատու եմ եղել։ Ես էլ ասում եմ՝ բանակում իսկի չե՞ս ծառայել։ Հետներս երկու հոգի էլ կային, մեկը՝ թոշակի անցած փոխգնդապետ Նշանը, որ պատերազմից հետո մահացավ, մի կապիտան եւ ես, որ մեջներից ամենացածրն էի կոչումով՝ ավագ լեյտենանտ։ Էս երեք հոգով ասեցինք՝ էսպես չի լինի։ Մի քանի հոգու առաջարկեցինք՝ եթե չեք գալիս, այ էս ճանապարհը բռնեք, ոտքով գնացեք Ստեփանակերտ։ Մեկ էլ թե ինչ մտածեցին, եկան, նստեցին ավտոբուս։ Վերջը եկանք-հասանք Մարտակերտ։ Չգիտեինք, թե 5-րդ պաշտպանականը (Մարտակերտի գունդը - «Հետք») որտեղ է։ Ձեռներս մի փետ էլ չկար։ Գնացինք էս փողոց մտանք, էն փողոց։ Հասանք քաղաքի կենտրոն, ասեցինք՝ ի՞նչ արած, կարող ա՞ թուրքերը մտել են, քաղաքը վերցրել, չգիտենք։ Մեկ էլ տեսնում ենք մի բուդկայում լամպ է վառվում։ Ծեծեցի դուռը, մի բիձա բացեց, ասեցի՝ բա ո՞ւր են զինվորականները, ասեց՝ պոլկ գնացեք, էս կողմի վրա։ Էդտեղ մի սարսափելի վիճակ էր՝ լրիվ բամբիտ արած, 28 հոգի զոհ կար։ Էն էլ ինչ էրեխեք՝ 2-3 ամսվա ծառայողներ»,- մանրամասն պատմում է Լեւոն Ղազարյանը։

Այդ ժամանակ մտել էին մի շենքի նկուղ, որտեղ լույս չկար, փոշի-կեղտի մեջ վիրավոր տղաներ էին։ Կամավորականների ունեցածը 4 շիշ «Պեպսի» էր, որը գնել էին Գորիսում, ու արդեն սարսափելի քաղցած էին։ Բայց ըմպելիքները թողել էին վիրավոր տղաներին եւ դուրս եկել նկուղից։ «Դուրս ենք գալիս՝ ո՛չ ավտոբուստը կա, ո՛չ փոխգնդապետը։ Մնացել ենք անտեր։ Մտա շտաբ, ասեցի՝ մենք եկել ենք, 17 հոգի ենք, մեր առաջադրանքը, խնդիրները տվեք։ Գրանցվեցինք, ֆորմաները ստացանք, բայց ոչ մեկիս հագով չէր, ասեցինք՝ պետք չի, ավտոմատները բերեցին։ Ավտոմատը 1952 թվի էր, աստված գիտի, թե ինչքան էին կրակել»,- ասում է կամավորականը։ «Ուրալ» մեքենայով շարժվել են դեպի Մարտակերտ-Թերթեր սահմանագիծ։ Այդ ընթացքում անընդհատ զանգում էր Գրիգորին, բայց զանգերին պատասխանող չկար։ Գեւորգի հետ մի անգամ կարողացել էր խոսել, որդին ասել էր, որ ամենաբարձր կետում են, եւ կապը կտրվել էր։ Գեւորգենք Մռավ լեռան վրա էին։

«Երբ մտանք երկրորդ գիծ, 14 զինվոր կար։ Էդ էրեխեքը ո՜նց էին ուրախացել։ Օրուկես էր անցել, բայց ոչ մի բան չէինք կերել, միայն ջուրն էր հերիքում։ Մտածում ենք՝ հեսա հաց կբերեն։ Որ մտանք երկրորդ գիծ, լույսն արդեն բացվում էր, չէինք կարող շարժվել։ «Խրամատն» էլ որ մտանք, գոտկատեղից բարձր դրսում էր։ Ոչ լապատկա կար, ոչ մի բան չկար, որ գոնե կարողանայինք փորեինք։ Փետ ենք գտել, դանակով սրել, փորել եւ ձեռքով հողը հանել»,- պատմում է Լեւոն Ղազարյանը։ Առաջին օրն առանց զրահաբաճկոնի են անցկացել։

Գիշերը շատ ցուրտ էր։ Կամավորականներից մեկը սկսել էր դողալ, Լեւոնը մի սրբիչ էր գտել ու նրան տվել, բայց դա չէր օգնել ու սկսել էին խրամատի մեջ վազել։ Առաջին օրը զինվորներն իրենց հացից էին հյուրասիրել կամավորականներին, բայց վերջիններս հրաժարվել էին՝ տեսնելով, որ հացը չի բավականացնի բոլորին։

Լեւոն Ղազարյանը հիշում է, որ առաջին գիծն իրենցից 300 մետրի վրա էր։ Թշնամու հրետանին ու անօդաչուներն անընդհատ աշխատում էին երկրորդ գծի ուղղությամբ, քանի որ մեր հրետանին երկրորդ գծի թիկունքում էր տեղակայված ու այդտեղից էր գործում։

Ի վերջո, սեպտեմբերի 28-ի երեկոյան կամավորականներից 5 հոգու բարձրացրել էին առաջին գիծ, որտեղ պայմանագրային զինծառայողներ էին։ Այդտեղ էլ երկու օրվա ընթացքում առաջին անգամ կարողացել էին մի փոքր հաց ուտել, սուրճ խմել։ Առաջին գծում գետնատնակ՝ «բլինդաժ» կար, որը, սակայն, ըստ Լեւոնի, հազիվ 4 հոգի կտեղավորեր։ Ջուր չկար, ասում է՝ հավանաբար, ջրատարը վնասվել էր արկակոծությունից։

«Հաց բերում էին օրը մի անգամ՝ իրիկունը, եթե հաջողվեր ավտոն գար, որովհետեւ կարող է չստացվեր։ Գիշերային տեսանելիության երկու սարք ունեինք, երկու ժամ հետո էլեմենտները նստում էին, քոռ-քոռ կանգնում էինք։ Ակումլյատորները զարյադկա արած բերում էին, տալիս, բայց երկու ժամ հետո դարձյալ նստում էին։ Գիշերվա կեսին բան չէիր տեսնում։ Ամբողջ զինումը ավտոմատներն էին, մի հատ նռնականետ, մի հատ էլ ԿՊՎՏ գնդացիր, տարածքն էլ՝ ամբողջովին հարթավայրային»,- նշում է Լեւոն Ղազարյանը։

-Ձեզ ի՞նչ հիմքով են զենք տվել,- հարցնում ենք նրան՝ հաշվի առնելով, որ փաստաթուղթ չէին ներկայացրել։

-Ցուցակով գրել են, տվել։

-Իսկ եթե թուրքի հետախույզ լինեի՞ք։

Լեւոն Ղազարյանը ուսերն է թոթվում։ Դեռ այս պատմությունը ներկայացնելուց առաջ նա հարցրեց․ «Ուզու՞մ եք իմանալ, թե ինչ է կատարվել։ Բարդակ էր, բար-դակ»։

Մարտակերտի զորամասի շտաբում Լեւոն Ղազարյանն ասել էր, որ ավիացիայի մասնագետ է, կարող է օգտակար լինել, եթե մերոնք ավիացիա կիրառելու լինեն, ինքը կարող է կոորդինատներ տալ։ Բայց դրա կարիքն այդպես էլ չեղավ։  

Հոկտեմբերի 1-ին ավագ լեյտենանտ Ղազարյանին շտաբից կանչել էին ու ասել, որ Գրիգորը վիրավորվել է։ Հայրը սկսել էր ծանոթներին զանգել, խնդրել, որ հոսպիտալներում փնտրեն, բայց բարեկամներն արդեն գիտեին Գրիգի զոհվելու մասին։

«Գրիգորին զանգում էի, չէր պատասխանում, նամակ գրեցի, ասեցի՝ բալես, գիտեմ, որ վիրավոր ես, ասա՝ որտեղ ես, գամ։ Բայց ոչ մի պատասխան։ Զանգեցի Ֆլորայի քրոջը՝ Կարինեին, ասեցի՝ էրեխեն վիրավոր է, կարող է Երեւան բերած լինեն, հոսպիտալներում նայեք։ Կարինեն որ սկսեց լացել, հասկացա․․․»,- հոր աչքերը կարմրում են, մի պահ դադար է առնում։ Գրիգը զոհվել է «Եղնիկներում» սեպտեմբերի 28-ին ականանետի հարվածից։

Մարտակերտից Ստեփանակերտ գնացող մեքենա չկար։ Որդու մահվան լուրն իմանալուց հետո Լեւոն Ղազարյանն ուսապարկով մոտ 13 կմ քայլել է Մարտակերտ-Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով, պատահաբար մի մեքենա է կանգնել, արագ նստել է, ու այդ պահին թշնամին սկսել է կրակել մեքենայի ուղղությամբ։

Տիկին Ֆլորան որդու զոհվելու մասին իմացել է ՊՆ-ի կողմից հրապարակվող ցուցակներից։ Ցուցակում Գրիգի անունը վերջից երրորդն էր։ Ամենաուշն իմացել է եղբայրներից միջնեկը՝ Գեւորգը, որը հյուսիսային առաջնագիծ մեկնելիս հասցրել էր այցելել եղբորն ու լուսանկարել նրան։ Բայց երբ հոկտեմբերի 11-ին Գեւորգը լեռներից իջել էր Գրիգենց դիրք, տեսել էր, որ եղբայրն այնտեղ չէ։ Բարեկամներից մեկին էր զանգել, որն էլ հայտնել էր տեղի ունեցածի մասին։ Գրիգորին արդեն հուղարկավորել էին Եռաբլուրում, Գեւորգն այդպես էլ չհասցրեց հրաժեշտ տալ եղբորը։

Մինչեւ հոկտեմբերի 11-ն ընտանիքը լուր չուներ Գեւորգից։ Տիկին Ֆլորան ինքնակամ ԴՆԹ անալիզ էր հանձնել, եթե հանկարծ նրա մասին էլ վատ լուր իմանային։

Մենք լուռ նայում ենք Գրիգի լուսանկարները։ Նա հետմահու արժանացել է ԼՂՀ «Արիության համար» եւ «Մարտական ծառայության» մեդալների։

-Եթե իմանայիք, որ վերջին անգամ եք խոսում Գրիգորի հետ, ի՞նչ կասեիք,- հարցնում եմ մորը։

-Ես շատ սթափ մտածող մարդ եմ, գիտեի, որ եթե էս պատերազմին էնտեղ չլիներ էլ, միեւնույնն է՝ ինքը փախնող-գնացող է, միեւնույնն է՝ ինքը կյանք տվող է էս հայրենիքի համար։ Եղել է, որ ինձ ասել են՝ Ձեզ համբերություն ենք ցանկանում, ասել եմ՝ ինձ պետք չէ համբերություն, ինձ պետք է հաղթանակ, որ հասկանամ, թե էս էրեխեքը․․․ Ես չեմ կարողանում Եռաբլուր գնամ, գիտե՞ք ինչի, որովհետեւ իմ երեխայի վրա չեմ կարողանում լացել, էնտեղ հայ ազգի դժբախտությունն է, ողբերգությունը։ Ո՞նց կարող ես մենակ քո էրեխու վրա լացել, եթե 5000 զոհ կա, Եռաբլուրում 800 հոգի են,- սա ասելուց լուռ մաքրում է աչքերը։- Մտածում եմ, որ էրեխեքին գերի թողեցին էնտեղ, իրենք գիտեին, որ էդ հողերը հանձնելու են, երեւի մտածեցին՝ ով ուզում է, թող գնա մեռնի։ Ազգի արտը հնձեցին։ Էդքանից հետո ո՞նց կարելի է ներել։ Եթե անգամ մեղավոր չես, քեզ ընտրել են էս ազգի ոչ բարով-խերով հրամանատար, ես չգիտեի, թե ինչ կար էդ թղթի վրա, բայց դու գիտեիր։ Ամեն օր լայվեր էիր մտնում, մարդկանց համոզում Բաղրամյան փակել։ Ասեիր, որ էդ թուղթը դրված է եղել քեզնից առաջ, եկեք ազգովի որոշենք, որ չմտնենք էս պատերազմի մեջ։ Իմ էրեխեն նաղդ գնացող էր, կռվող էր, դա չէր խնդիրը։ Մենք ընտանիքով ամբողջ Հայաստանը ոտքի տակ ենք տվել, իմ սիրտը ցավում է հայրենիքի համար։ Ես լացել եմ ամեն գնացող հայի համար, որովհետեւ էստեղ դատարկվում է։

Մենք դեռ երկար խոսում ենք երկրի ներկայի ու ապագայի մասին։ Զրույցի մի հատվածը, սակայն, ոչ հրապարակային է։ Ավիատորների ընտանիքում ծնված Գրիգի անունն արդեն մտել է հայկական ռազմարդյունաբերության մեջ, նրա անունով նոր արտադրանք է ստեղծվել։

Բակ ենք իջնում, որտեղ կարմիր խճաքարերի մեջ փոքրիկ լճակ կա, մեջը ջուր է թափվում ժայռի նման մեծ քարից։ Քարի վրա արծիվն է՝ օձը ճանկերի մեջ, իսկ ապառաժի հետեւի մասում՝ ջրի մոտ կանգնած երկու աղավնի, որոնք խորհրդանշում են այս բակում զոհված երկու տղաներին։ Գաղափարն իրականացրել է Գեւորգը՝ ներգրավելով բակի տղաներին։ Ամիսներ առաջ լճակում ջրաշուշանները ծաղկել էին։

Լուսանկարները՝ Ղազարյանների ընտանեկան արխիվից, Հակոբ Պողոսյանի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter