HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Ջավախյան

Չնկատելով աննկատելին կամ նկատելիի հոտն ու բույրը

Էլի ամառն ավարտվեց, էլի ցրտերը մոտենում են, և ես աշնան տերևի պես դողում եմ սառնամանիքներին ընդառաջ: Ձմեռն այնքան սարսափելի չէ, որքան տկարությունս: Ջերմաստիճանի անկման հետ ծակ տակառ եմ դառնում՝ միզել եմ ուզում, անընդհատ միզել... Աշնան անձրևներն ընդերքս ավելի են բորբոքում. խոնավ հոսանքը մարմնիս միջով սողոսկում է ներս, հասնում ոսկորներիս, խարխլում միզկապ ամբարտակները: Մնում է շան նման կաղկանձել: Վազում եմ զուգարան և ոչ միայն ես: Ցուրտն ու անձրևը տեղաշարժ են անում նույնիսկ առողջ մարդկանց:

Վերնիսաժը ուղևորվում է լուլու անելու: Լուլու անելու մշակույթը, ես եմ  բերել մայրաքաղաք, մանկությանս Ալավերդի քաղաքից: Հիմա իմ շրջապատում բոլորը լուլուիստ են: Իսկ այն ինձ փոխանցել է մեր թաղի Ասլանյան Արտուշի թզուկ շնիկը՝ Կնոպան, որն աշխարհում առաջին լուլուիստն էր: Արտուշը Ալավերդու Լեռնամետալուրգիական կոմբինատում աշխատող փոքր-ինչ գեր, ճաղատ գլխով և խոշոր ակնոցով ինտելիգենտ ինժեներ էր: Նա իր Կնոպա շնիկի հետ ապրում էր հանրային շենքի հինգերորդ հարկում: Մինչ այդ մենք չէինք տեսել, որ շունը ապրի մարդու նման: Մերը գավառական քաղաք էր: Մեր պատկերացմամբ՝ շունը Բողարն էր, Թոփուշը կամ Թոբլանը, որ քարշ էին գալիս փողոցում, ուտում մարդկանց տված լափն ու կրճոնը՝ երբեք հավակնություն չունենալով ապրել մարդու հետ, մարդու նման...  Կնոպայի բախտը բերել էր: Մեր բախտն էլ էր բերել: Մենք առաջին անգամ էինք տեսնում պստլիկ, գրեթե գրպանի շնիկ, սպիտակ գառան նման խուզված, հոտավետ օճառով լողացած, գլուխն ու պոչը ցից, երջանիկ ու անուշիկ: Նա նման չէր սովորական շան: Երբեք տանը չէր աղտոտի: Բավական էր, որ տերն ասեր.

-Կնոպա, եկ լուլու արա...

Եվ նա, փումփուշ պոչիկը խաղաղացնելով, պատվարժան դնչիկը բարձր պահած, ճամփա կընկներ: Էդ մասին պատմել էի ընկերներիս: Էդ օրվանից բոլորս լուլուիստ էինք. մենք այլևս գռեհկաբար չէինք ասում՝ գնամ շռելու, այլ քաղաքավարի ասում էինք՝ գնամ լուլու անեմ... Ասում և անում էինք՝ բարեկրթորեն: Ես էլ նրանց հետ: Եվ ես ասացի.

-Գնամ, լուլու անեմ...

Ասելը պարտադիր էր: Պիտի տղաներին զգուշացնեի, որ տաղավարս անտեր չմնար,  մինչև պրոցեդուրայի ավարտը:

Հերթ է: Ցուրտն ու մանրաշաղ անձրևը միայն ինձ չէ որ զուգարան էր ուղեկցել: Սրթսրթալով հուպ ու կուչ եմ գալի, դոփում տեղում: Հացի հերթ չէ, բայց հերթ է: Ոչինչ չի փոխվել. առնելիս էլ ենք հերթ կանգնում, տալիս էլ... Ուշադրությունս փորձում եմ շեղել, որքան հնարավոր է տուալետից հեռու: Միտքս մինչև Մոսկվա է հասնում, բայց միևնույն է, զուգարանային թեման չեմ կարողանում շրջանցել: Մեր գյուղացի Հոբոսանց Սանդրոն ու Ճիճիլի Դարչոն գնացած են լինում Մոսկվա, որպես հարվածային կոլտնտեսական, Ժողտնտեսության նվաճումների համամիութենական ցուցահանդեսին մասնակցելու: Վերադարձին մտնում են Կարմիր հրապարակին մերձ ԳՈՒՄ հանրախանութ՝ կնանոց ու էրեխանց համար փալաս-փուլուս առնելու: Ոչ մտնեին: Դեռ շեմքում Սանդրոն փորը բռնում ա, հո փորհարիք չէ՞ր, իսկը Աստծո պատիժ... Փորը բռնած դես ա ընկնում, դեն ա ընկնում՝ գետինը լիզում, պատերը ճանկռում... հնար չի գտնում... Բերանը կապած սարի անասուն՝ ոչ լեզու գիտեր, որ մի բան հասկացներ, ոչ էլ ռուսերեն տառերն էր ճանաչում, որ գրածով զուգարանը գտներ: Ճիճիլի Դարչոն` իբրև աչքաբաց տղա, առաջ ա ընկնում: Ասում ա, ըստի դու կացի, մինչև ես գնամ, գտնեմ, գամ քեզ տանիմ... Դարչոն մինչև գնում ա, մինչևը գալիս, մին էլ էն ա տենում, որ Սանդրոն դինջացած, աչքերը պել կտրած՝ օճորքին ա մտիկ տալիս, անմեղսունակ,  իբր բանից անտեղյակ... Բայց սրահում հո մի հոտ չի բռնե՜լ, մի զուլում հո՜տ, սատանին էլ բնիցը կհաներ...

-Ադա,- հարցնում ա Սանդրոյին,- էս ո՞նց էլավ...

-Էնա,- իր հնարամտությունից գոհ ասում ա Սանդրոն,- տեհա էլ հնար չկա՝ կռացա փողքերս ղաիմ կապեցի ո՛ւ... ո՛ւ... ինձ վերթողի...,- պատմում էր փառավորված:

Լավ էլ վեր էր թողել... Էդ հոտից ողջ Մոսկվան շնչահեղձ էր լինում: Ռուսի ատոմային ռումբը էն գինը չուներ աշխարհի համար, ինչ ռուսների համար Սանդրոյի փողքերից սփռվող հրահեղուկ զանգվածը... Սանդրոյի ժայթածին փողքեր կդիմանա՞ր... Դեղին զանգվածը ճյուղ-ճյուղ դելտայով ողողել էր Համամիութենական նշանակության հանրախանութը...

Եվ ո՞վ կդիմանար... Կերածը քթովը բերին, հլա դեռ մի բան էլ դենը... Իսկ դեռ մի ժամ առաջ ինքն էր նրանց վրա մուննաթ գալիս. արմանք-զարմանքով տեսնում էր մետրոյում գետի նման հոսող ժողովրդին, մայթերին վխտացող մարդկային սելավը, հանրային խանութում ծովի նման գոլ տված խալխն ու ասում.

-Դե, բանի, բանի՝ Հոբոսանց Սանդրո... Բանի, որ սրանց ռեխը պհիես...

Հիմա էդ ռեխը բացվել էր իրանց վրա.

-Լիցա կավկազսկի նացիոնալնոստեյ... Չերնոժոպիե... Արմյաշկի...

Գոռում էին կատաղած, ո՜նց էին գոռում... Մինչ այդ Սովետական Միությունում թշնամի ժողովուրդներ չկային, բոլորը միմյանց հարազատ էին, բարեկամ...  Էդ օրը Սանդրոն ու Դարչոն շատ բան գլխի ընկան.

«Մինչև բարեկամը բարեկամին ուշունց չի տալիս՝ չես ջոկում ով ում բարեկամն ա...»:

Սանդրոն ու Դարչոն մայրաքաղաքից գյուղ վերադարձան լրիվ հեղափոխված: Նրանք տեսել էին մի բան, որ երբեք չէին տեսել: Նրանցից շատ դարեր առաջ դա տեսել էր չին փիլիսոփա Վան դե Խանը: Նրա խոսքը հիմա էլ լսելի է. «Բոլոր նկատելի փոփոխությունները կարևոր չեն: Կարևորը աննկատելին նկատելն է: Նրանցում է իսկական փոփոխությունը»:

Խելոք միտք ըմբռնելու համար պարտադիր չէ, որ տակդ լցնես: Հերթս հասել էր: Ես զուգարան մտա և դուրս եկա լրիվ հեղափոխված: Նեղություն չկար, մարմինս թեթև էր, միտքս պայծառ.

«Մեր հեղափոխությունը փոփոխություն չէր: Մենք չէինք նկատել աննկատելին: Ընդամենը նկատելիորեն քաքել էինք մեր փայ բաժնում»:

10. 21թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter