
Պեսկովն անդրադարձել է Մոսկվայում Պուտինի, Ալիևի և Փաշինյանի հնարավոր հանդիպման մասին լուրին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ռուսական РИА Новости-ին հայտնել է, որ եթե ՌԴ-Հայաստան-Ադրբեջան գագաթնաժողովի անցկացման պայմանավորվածություն ձեռքբերվի, Կրեմլն իր ժամանակին կհայտնի այդ մասին։
Ավելի վաղ, նույն լրատվամիջոցը, հղում անելով իր աղբյուրին հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավոր է Մոսկվայում հանդիպեն նոյեմբերի առաջին տասնօրյակի ընթացքում։ Նշվում էր, որ կողմերը կստորագրեն եռակողմ հայտարարություն։
«Այն դեպքում, եթե այդպիսի պայմանավորվածություն ձեռքբերվի, մենք ժամանակին կհայտնենք այդ մասին»,- նշել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվայում նոյեմբերի սկզբին նախատեսված է Ռուսաստսնի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը։
Հիշեցնենք, որ նախօրեին Ալիք Մեդիան, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրին, հայտնել էր, որ նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու: Երկու փաստաթղթերը, որոնք գրեթե ավարտական տեսք են ստացել, կստորագրեն Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը՝ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ և մասնակցությամբ, եթե վերջին պահին չլինեն ֆորսմաժորային իրավիճակներ:
Ըստ լրատվամիջոցի՝ առաջին փաստաթուղթը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը և սահմանագծմանը, որով Երևանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ական թվականների Խորհրդային Միության պաշտպանական գերատեսչության Գլխավոր շտաբի քարտեզները:
Երկրորդ փաստաթուղթը, որի շուրջ ևս գրեթե վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխվարչապետների մակարդակով վերջին հանդիպման արդյունքներով, վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, մասնավորապեսб ճանապարհ-միջանցքների, այդ թվում՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության հաստատման մանրամասներին:
Վերջին անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել էին այս տարվա հունվարի 11-ին Մոսկվայում, որի արդյունքում ստորագրվել էր եռակողմ հայտարարություն։ Այդ հայտարարությամբ նախատեսվում էր ստեղծել երեք երկրների փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խումբ, որն զբաղվելու էր Հարավային Կովկասում հաղորդակցության և տնտեսական կապերի ապաշրջափակմամբ։
Լուսանկարը՝ Михаил Климентьев/РИА «Новости»
Մեկնաբանել