HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մաքսային պետական կոմիտեի նախկին պաշտոնյային արդարացնելու դատավճիռը 3-րդ անգամ բեկանվել է

Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Մաքսային պետական կոմիտեի Բագրատաշենի պետի տեղակալ Արտուշ Ղուլյանին երրորդ անգամ արդարացնելու վերաբերյալ դատավճիռը: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից:

Ղուլյանին, ով 14 տարի առաջ որպես մեղադրյալ է ներգրավվել առանձապես խոշոր չափի կաշառք ստանալու գործով, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի քրեական գործեր քննող բոլոր դատավորներն արդարացրել են`տարբեր ժամանակահատվածներում քննելով նրա վերաբերյալ գործը: Վերջին` երրորդ անգամ Ղուլյանն արդարցվել է 2020  թվականի դեկտեմբերին, որի դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել` պահանջելով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդարացման դատավճիռը բեկանել ու Ղուլյանին դատապարտել  7 տարի ժամկետով ազատազրկման: Բողոքը, փաստորեն մասնակիորեն բավարարվել է, առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանվել է, ու գործն ուղարկվել  նույն դատարան` նոր քննության:Ղուլյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Վերաքննիչ դատարանի որոշման դեմ Ղուլյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել: Գործով զեկուցող դատավորը Ելիզավետա Դանիելյանն է, սակայն այս պահին դեռևս առկա չէ նշում՝ բողոքը վարույթ ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ: Եթե վճռաբեկ դատարանը վարույթ չընդունի պաշտպանի բողոքը կամ գործի քննության արդյունքում անփոփոխ թողնի վերաքննիչ դատարանի դատական ակտն, ապա  նախկին պաշտոնյանի վերաբերյալ գործը 4-րդ անգամ կքննվի դատարանում:

Հիշեցնենք. 2007թ հոկտեմբերին Գլխավոր դատախազության քննչական վարչությունում գործարար Հովսեփ Ներսիսյանի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու հոդվածով։ Արտուշ Ղուլյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, սակայն նա դիմել է փախուստի։ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը հոկտեմբերի 22-ի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը։ Նույն օրը Ղուլյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ա Ղուլյանին հնարավոր չի եղել հայտնաբերել։ Մեկ տարի անց՝ 2008 թ մայիսի 30-ին, վարույթն իրականացնող մարմինը որոշել է կասեցնել նրա վերաբերյալ գործի քննությունը՝ մինչև Ղուլյանին հայտնաբերելը։

8 տարի հետախուզման մեջ գտնվելուց հետո՝ 2015 թ-ին, Ղուլյանը կամովին ներկայացել է ոստիկանություն, վարույթն իրականացնող մարմինը նրան մեղադրանք է առաջադրել։ Երեք ամիս անց գործն ուղարկվել է դատարան և առ այսօր Ղուլյանի գործով դատաքննությունը, փատորեն  չի ավարտվել։

2015 թ-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանի որոշմամբ Ղուլյանն արդարացվել է։ Դատախազությունը  դատական ակտը բողոքարկել է Վերաքննիչ դատարան։ Բողոքը մասնակի բավարարվել է, և գործը նորից ուղարկվել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։ Երկրորդ  դատաքննության արդյունքում ևս, դատավոր Սամվել Մարդանյանի որոշմամբ Ա Ղուլյանն արդարացվել է։ Դատախազությունը բողոքարկել է դատական ակտը, վերաքննիչ դատարանը բողոքը բավարարել է, և Ղուլյանը դատապարտվել է 7 տարի ժամկետով ազատազրկման։

Այս անգամ որոշումը պաշտպանական կողմն է բողոքարկել, և Վճռաբեկ դատարանը, մասնակի բավարարելով բողոքը, գործը նորից ուղարկել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Գործի քննությունը սկսվել է 2019-ի հունիսին, և 2020-ի դեկտեմբերին, ինչպես արդեն նշեցինք, Ղուլյանը կրկին արդարացվել է՝ դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի (լիազորությունները դադարել են)  որոշմամբ։

Արտուշ Ղուլյանն իրեն առաջադրված մեղադրանք չի ընդունել և չի ընդունում: Նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը մեզ հետ զրույցում նշել է, որ քրեական գործում հստակ նշված է, թե որ օրը և որ ժամին է տրվել ենթադրյալ կաշառքը։ Ղուլյանը վարույթն իրականացնող մարմնին հայտնել է, որ այդ օրը և այդ ժամին ինքն աշխատանքի վայրում չի եղել, գտնվել է բարեկամուհու ծննդյան արարողությանը։ Պաշտպանական կողմի միջնորդությամբ դատարան են հրավիրվել նույն արարողությանը մասնակցած անձինք ու դրա վերաբերյալ ցուցմուքներ տվել։ Մելքոնյանի խոսքով՝ իրենց միջնորդել են նաև միջոցներ ձեռնարկել և ալեհավաքների միջոցով պարզել, թե Ղուլյանի հեռախոսահամարը տվյալ օրը և ժամին ինչ ալեհավաքով է սպասարկվել, սակայն կապի օպերատորներից պատասխան է ստացվել, որ այդ տվյալները  պահպանված չեն։

Պաշտպանը հատկանշական է համարում նաև այն հանգամանքը, որ Ղուլյանի դեմ ցուցմունք տված առանցքային վկային հարցեր տալու իրավունքից նա զրկված է եղել, այսինքն՝ նրա հակընդդեմ հարցման իրավունքը չի ապահովվել։ Ինչպես նաև անձը, որն, ըստ քրեական գործի, Ա Ղուլյանին անձամբ կաշառք է տվել, հայտնում է, որ իրենից կաշառք վերցրած պաշտոնյան Ղուլյանից ավելի բարձրահասակ ու ավելի գեր է եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter