HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողանը հանձնարարել է վտարել 10 երկրների դեսպաններին. նրանց թվում են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է «persona non grata» («անցանկալի անձ») հայտարարել Թուրքիայում ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի և Շվեդիայի դեսպաններին։ Այդ մասին Էրդողանը հայտարարել է Էսքիշեհիրում իր ելույթի ժամանակ։

«Ես մեր արտաքին գործերի նախարարին հանձնարարել եմ քայլեր ձեռնարկել, որպեսզի այդ 10 դեսպանները հայտարարվեն «persona non grata»»,- հայտարարել է Էրդողանը։

Նման որոշման պատճառը իրավապաշտպան Օսման Քավալային ազատ արձակելու կոչն էր, որով դիվանագետները հանդես էին եկել այս շաբաթ։ Դրանից հետո նրանք հրավիրվել էին Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրանց հիշեցրել էին Դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ Վիեննայի կոնվենցիային հետևելու անհրաժեշտության մասին։

Էրդողանը դեռ հոկտեմբերի 21-ին էր սպառնացել վտարել այդ դեսպաններին։ Աֆրիկյան երկրներ իր այցելությունից վերադարձի ճանապարհին՝ ինքնաթիռում Էրդողանը լրագրողներին հայտարարել էր. «Ինչո՞ւ այդ տասը դեսպանները նման հայտարարություններ են անում։ Ես մեր ԱԳՆ-ին ասել եմ, որ ճոխություն չունենք նրանց մեր երկրում ընդունելու։ Դա արդյոք ձեր գործն է՝ դասեր տալու Թուրքիային։ Ո՞վ եք դուք, հանգիստ թողեք Քավալային։ Միթե դուք ձեր երկրներում թողնում եք մարդասպաններին, ահաբեկիչներին ու ավազակներին։ Նրանք միշտ պատասխանում են. «Դատարանն անկախ է»։ Այսինքն ձեր դատարանն անկախ է, իսկ մերը, նշանակում է՝ կախյա՞լ։ Մեր դատարանը անկախության լավագույն օրինակն է ցույց տալիս»:

Օսման Քավալան թուրք հայտնի իրավապաշտպան է, Anadolu Kültür AŞ մշակութային հիմնադրամի հիմնադիրը, որն աջակցում է էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նախագծներին, որոնք հաճախ ունեն միջազգային ուղղվածություն, այդ թվում հայ և թուրք ժողովուրդների հաշտեցման և քրդական հարցի խաղաղ լուծման թեմաներով։

2020 թվականի փետրվարին դատարանը Քավալային արդարացրել էր 2013 թվականին Ստամբուլի Գեզի զբոսայգու բողոքի ցույցերի գործով, սակայն նույն օրը Ստամբուլի դատախազությունը ձերբակալման նոր օրդեր էր տվել։ Քավալային առաջադրվել են նոր մեղադրանքներ՝ այս անգամ արդեն 2016 թվականի հուլիսի հեղաշրջման փորձին մասնակցելու համար։

«Persona non grata»-ն կամ «անցանկալի անձ»-ը դիվանագիտական տերմին է։ Այն կիրառվում է երկու իմաստներով։ Առաջին պարագայում խոսքը գնում է ընդունող երկրի կամ պետությունների միության իշխանությունների կողմից իր երկրում նշանակվելիք դեսպանի թեկնածուի ագրեմանի տրամադրման մերժումը։ Իսկ երկրորդ դեպքում «persona non grata» է հայտարարվում այն դիվանագետներին, որոնց ներկայությունը ընդունող երկրում կամ պետությունների միությունում անցանկալի է։ Դիվանագիտական գրականության մեջ կիրառվում է նաև «persona grata» տերմինը, որը նշանակում է վստահություն ունեցող անձ։

Չնայած այն հանգամանքին, որ Էրդողանը նշում է դեսպանների հնարավոր վտարման պատճառը, 1961 թվականին ընդունված Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով սահմանվում է, որ ընդունող երկիրը պարտավոր չէ բացատրել, թե ինչու է դիվանագետը հայտարարվել «անցանկալի անձ»։

Լուսանկարը՝ Anadolu գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter