HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արթուր Ասատրյանի գործով մեղադրական դատական ակտը մտել է ուժի մեջ, դատավորը հատուկ կարծիք է գրել

«Դոն Պիպո» անունով հայտնի Արթուր  Ասատրյանին ազատազրկման դատապարտելու և համաներմամբ պատժից ազատելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Արթուր Ասատրյանը 2017թ. մայիսի 20-ին կազմակերպել և ղեկավարել է երեք անձի՝ Վազգեն Ղազախեցյանի, Արտակ Այվազյանի և Արկադի Քոչինյանի առևանգումը, որը զուգորդվել է վերջին երկու անձի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով(Քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետեր): Այս անձինք Արթուր Ասատրյանի դեմ սպանության նախապատրաստման գործով անցնող ամբաստանյալներն են:

Ըստ Ասատրյանի մեղադրանքի՝ վերջինս, տեղեկություն ստանալով, որ մի խումբ անձինք նախապատրաստական գործողություններ են կատարում՝ իրեն դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով և այդ կապակցությամբ վարձակալել են իր բնակության վայրի հարակից տարածքում գտնվող առանձնատունը, կազմակերպել և իր ղեկավարման ներքո գտնվող, նախնական համաձայնությամբ գործող, քրեական գործով չպարզված մի խումբ անձանց հանձնարարել է առևանգել Վազգեն Ղազախեցյանին, Արտակ Այվազյանին և Արկադի Քոչինյանին` վերջիններին տեղափոխելով իր մոտ:

Դրանից հետո Արտակ Այվազյանին և Վազգեն Ղազախեցյանին բռնության գործադրմամբ առևանգել են, Արթուր Ասատրյանի ներկայությամբ  շարունակել  բռնություն գործադրել, ապա  Արտակ Այվազյանը Արթուր Ասատրյանի հրահանգով, կիրառված բռնությունների և սպառնալիքների ազդեցության տակ, զանգահարել է այդ ընթացքում իրենց  վարձակալած բնակարանում գտնվող Արկադի Քոչինյանին ու  ինչ-որ տեղ հրավիրել՝ իբրև թե հյուրասիրության, և Արթուր Ասատրյանի ղեկավարմամբ գործող անձինք առևանգել են նաև Արկադի Քոչինյանին՝  կրկին տեղափոխելով Արթուր Ասատրյանի մոտ: 

Ըստ մեղադրանքի՝  Արթուր Ասատրյանի ղեկավարմամբ  գործող անձինք առևանգվածներին տեղափոխել և պահել են Էջմիածին քաղաքի և հարակից տարածքներում գտնվող 3 տարբեր վայրերում:

Անազատության մեջ գտնվելու ընթացքում, ըստ քրեական գործի, առևանգվածների մասնակցությամբ տեսանյութ է արվել, որը հետագայում հայնաբերվել է նրանցից Արտակ Այվազյանի բջջային հեռախոսում: Տեսանյութում, որն ԱԱԾ- ն հրապարակել է, Արթուր Ասատրյանի դեմ նախապատրաստվող սպանության գործով երեք անձինք են՝ Արտակ Այվազյանը, Վազգեն Ղաղախեցյանը և Արկադի Քոչինյանը: Տեսանյութում չերևացող «Պիպո» անունով անձը նրանց հարցադրում է կատարում  սպանության նախապատրաստության հանգամանքների վերաբերյալ, ապա նրանց կրկին տեղափոխել  են նրանց վարձակալած բնակարանի տարածք՝ փաստացի ազատ արձակելով:

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, քննելով Արթուր Ասատրյանի վերաբերյալ քրեական գործը, որոշել է նրան արդարացնել՝  հիմնավորմամբ, որ հետազոտված ապացույցները բավարար չեն ամբաստանյալ Արթուր Ասատրյանի անմեղության կանխավարկածը հաղթահարելու և հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ նա է կատարել իրեն վերագրվող` ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքը:

Նշված դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել մեղադրող  Արամ Արամյանը` խնդրելով բեկանել և փոփոխել առաջին ատյանի դատարանի 2020 թվականի մայիսի 14-ի դատավճիռը և  ամբաստանյալ Արթուր Ասատրյանին մեղավոր ճանաչելով՝ նրան դատապարտել 5 տարի ժամկետով ազատազրկման:

Վերաքննիչ քրեական դատարանում բողոքի քննության գործով նախագահող դատավորը Արմեն Դանիելյանն էր, դատարանի կազմում էին դատավորներ Մնացական Հարությունյանը և Մխիթար Պապոյանը: Դանիելյանն ու Մնացական Հարությունյանը եկել են այն եզրահանգման, որ Ասատրյանը կատարել է իրեն վերագրվող արարքը, նրան դատապարտել 4  տարի ժամկետով ազատազրկման և համաներման կիրառմամբ ազատել պատժի կրումից: Դատավոր Մխիթար Պապոյանը, սակայն, համաձայն չի եղել այս որոշման հետ և հատուկ կարծիք է գրել՝ դիրքորոշում հայտնելով, որ Ասատրյանը պետք է արդարացվի:

Վճաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումների,  ներպետական օրենսդրության մի շարք դրույթների հղում կատարելով` Պապոյանը նշել է, որ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով հնարավոր չէ հետևություն անել Արթուր Ասատրյանին առաջադրված մեղադրանքի հիմնավորվածության և օրինականության վերաբերյալ:

«Իմ գնահատմամբ սույն գործով չի ձևավորվել վերաբերելի, թույլատրելի և հավաստի ապացույցների այնպիսի բավարար համակցություն, որպեսզի դրանք ապահովեն սույն գործի ճիշտ լուծման համար առանցքային նշանակություն ունեցող հանգամանքները, մասնավորապես` ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ կետերով նախատեսված հանցանքի կատարմանն ամբաստանալ Արթուր Ասատրյանի մասնակցության վերաբերյալ դատախազի հետևությունների արժանահավատությունը, այլ ոչ թե ենթադրությունը, ինչպես ներկայացված է մեղադրական եզրակացությունում: Այլ կերպ ասած` սույն գործով ապացույցների անհրաժեշտ և բավարար համակցություն ձեռք չի բերվել, որպեսզի ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ կետերով նախատեսված հանցանքին ամբաստանյալ Արթուր Ասատրյանի մասնակցության վերաբերյալ յուրաքանչյուր փաստական հանգամանք դատարանը հաստատված համարի այն խորությամբ և աստիճանի, որ կասկած չմնա դրանց ապացուցվածության վերաբերյալ և հերքի Արթուր Ասատրյանի կողմից ի պաշտպանություն բերվող փաստարկները, իսկ ներկայացված ապացույցներով այդ հանգամանքների ապացուցվածությունը խիստ կասկած է հարուցում»,- հատուկ կարծիքում գրել է Մխիթար Պապոյանը՝ պարզաբանելով, որ  այս  գործով առկա է չփարատված կասկած` ամբաստանյալ Արթուր Ասատրյանի կողմից նախնական համաձայնությամբ գործող մի խումբ անձանց ներգրավմամբ, որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ երեք անձանց` Վազգեն Ալեքսանի Ղազախեցյանի, Արտակ Արարատի Այվազյանի և Արկադի Հրաչիկի Քոչինյանի առևանգումը, որը զուգորդվել է վերջին երկուսի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, կազմակերպելու և ղեկավարելու վերաբերյալ, իսկ չփարատված կասկածը,  համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի, պետք է մեկնաբանվի հօգուտ ամբաստանյալի:

Դատավորը նաև նշել է, որ եթե նույնիսկ պայմանականորեն ընդունենք, որ  քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար են  հանցագործության կատարման մեջ Արթուր Ասատրյանի մեղավորությունն ապացուցված համարելու համար, ապա տվյալ դեպքում կարող էր խոսք գնալ Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի մասին, այսինքն՝ հանցանք կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ հանցանք կատարած անձի առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելը , սակայն, հաշվի առնելով, որ Արտակ Այվազյանի, Արկադի Քոչինյանի և Վազգեն Ղազախեցյանի առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս չի պատճառվել, իմաստազուրկ է անդրադառնալ նաև նշված հանգամանքին:

Այսպիսով` վերոգրյալ եզրահանգումների պայմաններում վերլուծելով գործի փաստական հանգամանքները` Պապոյանը կարծիք է հայտնել, որ ամբաստանյալ Արթուր Ասատրյանի արարքում առկա չեն ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ուստի Արթուր Ասատրյանի նկատմամբ  պետք է կայացնել արդարացման դատական ակտ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter