HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արթուր Ասատրյանը դատապարտվել է ազատազրկման և համաներմամբ ազատվել պատժից

«Դոն Պիպո» անունով հայտնի Արթուր Ասատրյանին արդարացնելու վերաբերյալ դատավճիռը մասնակի բեկանվել է, և կայացվել մեղադրական դատական ակտ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Մասնավորապես, Ասատրյանը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ երկու կամ ավելի անձանց առևանգումը կազմակերպելը։ Վերաքննիչ դատարանը Ասատրյանին դատապարտել է ազատազրկման, ապա «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ԱԺ կողմից 2018 թվականի նոյեմբերի 1-ին ընդունված օրենքի կիրառմամբ՝ նրան ազատել 3 տարի 8 ամիս 26 օր ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատժից։ Նշենք, որ դատախազը ինչպես առաջին ատյանի դատարանում մեղադրական ճառի ժամանակ, այնպես էլ վերաքննիչ բողոքով Ասատրյանի համար պահանջել է ազատազրկում՝ 5 տարի ժամկետով։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Արթուր Ասատրյանը, 2017թ. մայիսի 20-ին կազմակերպել և ղեկավարել է երեք անձանց՝ Վազգեն Ղազախեցյանի, Արտակ Այվազյանի և Արկադի Քոչինյանի առևանգումը, որը զուգորդվել է վերջին երկու անձանց առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով: Վերը նշված անձինք Արթուր Ասատրյանի դեմ նախապատրաստվող սպանության նախապատրաստման գործով անցնող ամբաստանյալներն են։

Արթուր Ասատրյանը մեղադրանքը չի ընդունում։ Նա նախաքննության սկզբնական փուլում գտնվում էր կալանքի տակ, սակայն ազատ է արձակվել 50 մլն դրամ գրավի դիմաց:

Լուսանկարում՝ Արթուր Ասատրյանը

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter