HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Արբանյակային ինտերնետ. արդյոք այն խիստ անհրաժեշտ է Հայաստանին

Վերջին տարիներին, երբ տեղեկատվական տեխնոլոգիաները սրընթաց զարգանում են, իսկ հակամարտությունների պայմաններում օպտիկամանրաթելային մալուխները կարող են վնասվել կամ խոցելի լինել հակառակորդի համար, որոշ երկրներ աստիճանաբար անցում են կատարում արբանյակային ինտերնետ կապին։ 

Դեռ 2015 թվականին SpaceX ընկերության հիմնադիր և սեփականատեր Իլոն Մասկը սկսեց Starlink-ի թեստային նախատիպի՝ TINTIN-ի փորձարկումները` խնդիր դնելով մոտ 10 տարի անց ինտերնետ կապով ապահովել ամբողջ երկրագունդը։

Մասկը նախատեսում է մինչև 2027 թվականն ուղեծիր արձակել, ընդհանուր առմամբ, մոտ 12 000 արբանյակ, որոնցից առաջին 60-ն արձակվել է 2019 թվականի մայիսին, իսկ 2021 թվականի մարտին դրանց թիվն ուղեծրում հասել է 1300-ի։ 2021 թվականի օգոստոսի տվյալներով՝ Starlink-ի ծառայությունների բաժանորդների թիվը 14 երկրներում հասնում է 100 000-ի։

«Հետք»-ը փորձել է հասկանալ, թե արդյոք Հայաստանի համար նպատակահարմար է աստիճանաբար անցում կատարել արբանյակային ինտերնետ կապին, և որոնք են դրա առավելություններն ու թերությունները` ի տարբերություն կաբելային կապի։ 

Արբանյակային ինտերնետ կապի աշխատանքի էությունը

Տիեզերական ինտերնետ կապի հայեցակարգը հիմնված է երեք օբյեկտների միջև տվյալների փոխանակման վրա։ Տնային տնտեսությունում գտնվող տերմինալը կապ է հաստատում արբանյակի հետ, որը փոխանցում է ցամաքային կայանի տվյալները։ Այնուհետ ազգանշանը շարժվում է հակառակ ուղղությամբ։ Մասնավորապես, Starlink-ի արբանյակները գտնվում են ցածր մերձերկրային ուղեծրում, ինչը հնարավորություն է տալիս ուժեղացնել ազդանշանը։ 

Այդ արբանյակները գտնվում են մշտական շարժման մեջ։ Ցամաքային տերմինալները երկնքում որսում են արբանյակները, աշխատում նրանց հետո, քանի դեռ չեն անհետացել հորիզոնում, որից հետո` փնտրում նորերը։ 

Կան նաև գեոստացիոնար արբանյակներ, որոնք շարժվում են երկրագնդի պտույտի արագությամբ, այդ իսկ պատճառով Երկրից նայելիս թվում է, թե դրանք անշարժ են։

Մեկ արբանյակը միջինում կարող է ծածկել Ալյասկայի չափ տարածքի ցանցային հասանելիությունը։ Այդ իսկ պատճառով դրանք արձակվում են խմբերով, որպեսզի ծածկեն աշխարհագրական կոնկրետ տարածքներ։ 

Արբանյակային ինտերնետ կապի առավելություններն ու թերությունները

Մի շարք հետազոտությունների համաձայն՝ երկրագնդի վրա 10 մարդուց 4-ը չի օգտվում ինտերնետ կապից։ Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում ցանցերի տարածումը որոշակիորեն դանդաղել է կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Երկրագնդի բնակչության մի հատվածը բնակվում է այնպիսի տարածաշրջաններում, որտեղ հնարավորություն չկա լարային ինտերնետ կապ անցկացնելու կամ արագ հասանելիություն ապահովելու։ 

Մի շարք դեպքերում կոնկրետ շրջանների համար ցանցային ենթակառուցվածքների ստեղծումը բավականին թանկարժեք է՝ տնտեսական կամ աշխարհագրական տեղանքի պատճառով։ Այդ պարագայում արբանյակային ինտերնետ կապին այլընտրանք չկա։ 

Ինտերնետ կապի մշտական հասանելիությունն անհրաժեշտ է ոչ միայն պետական մարմինների, բիզնեսի կամ ֆոնդային բորսաների համար, այլև խելացի սարքավորումների, տների և բնակավայրերի։ Առաջիկա տասնամյակում քաղաքներում նոր հնարավորությունների, ինչպես նաև բնակչության կողմից ինտերնետ կապի ծավալների օգտագործման աճի պատճառով դասական լարային ինտերնետ կապը կարող է կանգնել խնդիրների առաջ։ Այդ պարագայում արբանյակային ինտերնետ կապն առավել արդյունավետ կարող է աշխատել։ 

Ինտերնետ կապի գլոբալ ծածկույթի հնարավորությունը բավականին գրավիչ է մասնագետների համար։ Արբանյակային ինտերնետ կապը հնարավորություն կտա օպերատիվ կերպով ցանցային հասանելիություն ունենալ աշխարհի ցանկացած կետից։ Եթե լարային հասանելիության համար անհրաժեշտ է ունենալ օպտիկամանրաթելային մալուխների գիծ, ապա այս պարագայում անհրաժեշտ կլինի միայն ափսեի տեղադրում՝ ազդանշան ստանալու համար։ Տիեզերքից ինտերնետ կապի հուսալիությունը բարձր է, իսկ արբանյակներից մեկի շարքից դուրս գալուց հետո օգնության կգան մյուս արբանյակները։ 

Արբանյակային ինտերնետ կապի այդ առավելությունը խիստ կարևոր է Հայաստանի նման երկրների համար, որոնք գտնվում են հակամարտությունների գոտում։ Այսպես, ինչպես արդեն նշվել է, «Caucasus Online» ընկերությունը, որը Հայաստան լարային ինտերնետ կապ մատակարարող գլխավոր ընկերությունն է, ձեռք է բերվել ադրբեջանական «Neqsol Holding»-ի կողմից, և ցանկացած պահի այդ ընկերությունը կարող է խնդիրներ ստեղծել մեր երկիր ինտերնետի մատակարարման համար։ Արբանյակային ինտերնետ կապը կարող է լուծել այդ խնդիրը։ 

Բացի այդ, պարբերաբար մամուլում հայտնվում են լուրեր այն մասին, որ Վրաստանի ադրբեջանաբնակ հատվածներում միտումնավոր վնասվել են Հայաստան մտնող  օպտիկամանրաթելային մալուխները, որոնցով Հայաստանին ինտերնետ է մատակարարվում։ Արբանյակային ինտերնետը ևս կարող է լուծել այս խնդիրը։

Արբանյակային ինտերնետ կապի առավելություններից է նաև «խլացման» անհնարինությունը։ Եթե, օրինակ, նախկինում հնարավոր էր խլացնել ոչ ցանկալի հաճախականությունները, ապա նույնիսկ ամենախիտ բնակեցված քաղաքներում դա անհնար կլինի։ Բացի այդ, արբանյակային ինտերնետ կապը կախված չէ էլեկտրաէներգիայի անջատումներից։

Արբանյակային ինտերնետ կապի կարևոր թերություններից մեկը, ի տարբերություն լարային ինտերնետ կապի, արագության որոշակի պակասն է, որը, օրինակ, չկա Starlink-ի պարագայում։ Հավանական է, որ ապագայում այդ խնդիրները լուծվեն արբանյակների միջև լազերային կապի միջոցով։ Փորձարկումներից մեկը ցույց է տվել, որ Starlink-ի ինտերնետի որակի վրա կարող են ազդել ոչ միայն շոգը, ուժեղ անձրևն ու ձյունը, այլև նույնիսկ սովորական թռչունները։ Արբանյակային ինտերնետ կապին հնարավոր չի լինի միանալ նաև հեռախոսներից։

Արբանյակային ինտերնետ կապի թերություններից մեկն էլ բարձր արժեքն է։ Եթե Starlink-ի պարագայում ամսական վճարը կազմում է 99 դոլար, ապա HughesNet-ը՝ 60-150 դոլար։ Ընդ որում, վերջինի պարագայում թրաֆիքը սահմանափակված է 10-50 գեգաբայթ։ 

Բավականին թանկ են նաև սարքավորումները։ Եթե ավանդական ինտերնետ կապի պարագայում անհրաժեշտ է գնել միայն ռոութերը, ապա այս դեպքում՝ ամբողջական համակարգ։ Այդուհանդերձ, արբանյակային ենթակառուցվածքների տարածման և կապի այդ տեսակի մրցակցության աճի պայմաններում, հավանաբար, դրա գինը լարային ինտերնետ կապից ավելի էժան կլինի։ 

Աշխարհի մի շարք երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, արբանյակային ինտերնետ կապ ապահովող ընկերություններին մեղադրում են երկրների ինքնիշխանության խախտման մեջ։ Ռուսական իշխանությունները հայտարարել են, որ այդ արբանյակները կարող են արտասահմանյան հատուկ ծառայություններին օգնել լրտեսության մեջ։

Ինչով են վտանգավոր ուղեծրում գտնվող արբանյակները

Արբանյակների զանգվածային արձակման խնդիրներից մեկը ուղեծրում տիեզերական աղբի ծավալների մեծացումն է։ Այն ձևավորվում է սարքավորումների մնացորդներից, որոնք պտտվում են ուղեծրում։ Եվրոպական տիեզերական գործակալության տվյալներով՝ ընդհանուր առմամբ, Երկրագնդի ուղեծրում առկա են մոտ 3200 կոտրված արբանյակներ, որոնք թռչում են մեծ արագությամբ։ 

Դրանք վտանգավոր են մյուս արբանյակների, ուղեծրային կայանների և տիեզերական հրթիռների համար։ SpaceX-ը հայտարարել է, որ անսարք արբանյակները պետք է դուրս գան ուղեծրից կամ այրվեն Երկրագնդի մթնոլորտում, որի համար, սակայն, անհրաժեշտ կլինի մոտ 5 տարի։ 

Այլ վտանգներ էլ կան։ 2020 թվականի վերջին ԱՄՆ կապի հարցերով դաշնային հանձնաժողովը Viasat ընկերության խնդրանքով սկսել է Starlink արբանյակային ինտերնետային ցանցի ուսումնասիրությունը՝ հնարավոր բնապահպանական աղետների տեսանկյունից։ Կրող հրթիռները, որոնք արբանյակները հանում են ուղեծիր, մթնոլորտ են արձակում թունավոր քիմիկատներ, որոնք վնասում են օզոնային շերտը։ Մասկը մեղադրանքների հետ համաձայն չէ և հայտարարել է, որ «Starlink-ն ավելի շուտ վտանգավոր է Viasat-ի եկամուտների համար»։ 

Վերջապես, և՛ հրթիռները, և ՛արբանյակներն ուժեղացնում են լույսի աղտոտումը. լուսային խանգարումներ, որոնք աստղագնացներին խանգարում են հետևել տիեզերական օբյեկտներին։

Հայաստանը բանակցություններ չի վարում արբանյակային ինտերնետ կապ ունենալու շուրջ

2021 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ Starlink արբանյակային ինտերնետ կապը հասանելի կլինի Վրաստանի տարածքում։ Վրաստանի նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալությունը հայտնել էր, որ վրացական պատվիրակությունը մեկնել է Միացյալ Նահանգներ, որտեղ բանակցություններ է վարել Իլոն Մասկի SpaceX ընկերության ներկայացուցիչների հետ։ 

Ըստ տարածված հաղորդագրության՝ ամերիկյան ընկերությունը հետաքրքրություն էր հայտնել զարգացնելու արբանյակային ինտերնետ կապը Վրաստանի տարածքում։ «Վրաստանը կդառնա առաջին երկրներից մեկը, որտեղ SpaceX-ը պիլոտային հասանելիություն կտա արբանյակային ինտերնետ կապին»,- նշվում էր հաղորդագրության մեջ։ 

Հասկանալու համար՝ արդյոք Հայաստանի Հանրապետությունը ևս մտադիր է մեր երկրում արբանյակային ինտերնետ կապի հասանելիություն ապահովել, հարցում էինք ուղարկել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, որի համակարգման տիրույթում է այս ոլորտը։ Մասնավորապես, նախարարությունից փորձել էինք ճշտել, թե հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանին ինտերնետ կապ մատակարարող հիմնական ընկերությունը՝ վրացական «Caucasus Online»-ը վաճառվել է ադրբեջանական «Neqsol Holding»-ին, արդյոք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը բանակցություններ վարում է SpaceX ընկերության հետ՝ այլընտրանքային ինտերնետ կապի ապահովման համար։

Հարցման պատասխանում, որը ստորագրված է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանի անունով, նշվում է, որ Նախարարությունը նշված ընկերության հետ արբանյակային ինտերնետ կապ ունենալու վերաբերյալ բանակցություններ չի վարում, սակայն ընկերության կողմից համագործակցության առաջարկի պարագայում նախարարությունը պատրաստակամ է քննարկել այն:

Մեր այն հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկել ադրբեջանական կողմի ազդեցությամբ դեպի Հայաստան ինտերնետի մատակարարման հնարավոր խափանումներից խուսափելու, տվյալների անվտանգության ապահովման, ինչպես նաև հնարավոր ռիսկերից խուսափելու համար, նախարարությունը նշել է, որ ինտերնետ մատակարարող «Caucausus Online» ընկերության բաժնետոմսերի վաճառքի արդյունքում ինտերնետի հնարավոր խափանումներից խուսափելու, ռիսկերը գնահատելու, ինչպես նաև ինտերնետի մատակարարման նոր այլընտրանքային ուղիներ դիտարկելու նպատակահարմարության վերաբերյալ 2021 թվականի մայիսի 25-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում, ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների և կապի օպերատորների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում։ Այդուհանդերձ, նախարարությունը հրաժարվեց մանրամասներ տրամադրել հանդիպման և դրա արդյունքների վերաբերյալ։

Իսկ այն հարցին, թե արդյոք նախարարությունը խնդրահարույց չի համարում այդ ընկերության ծառայություններից այսուհետ էլ օգտվելը, ԲՏԱ նախարարությունը նշել է, որ Հայաստանի Հանրապետության համար անվտանգային խնդիրներ առաջանալու պարագայում նշված ընկերության հետ հետագա համագործակցության հարցը կքննարկվի կապի օպերատորների և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համատեղ: Վերջինիս պնդմամբ, հայկական կողմն ամենաբարձր մակարդակով վրացական կողմին իր մտահոգություններն է հայտնել այդ ընկերության բաժնեմասերի՝ ադրբեջանական ընկերության կողմից գնման կապակցությամբ։ 

ՏՏ փորձագետ. «Արբանյակային ինտերնետ կապը Հայաստանի սպառողների համար բավականին թանկ է»

Տեղեկատվական տեխնոլոգիաների և մեդիա ոլորտի խորհրդատու Արթուր Պապյանն այն կարծիքին է, որ արբանյակային ինտերնետ կապը Հայաստանի սպառողների համար բավականին թանկ է, և քչերը կուզենան այդ գներով օգտվել ծառայությունից։ Ըստ նրա՝ անտրամաբանական կլիներ, եթե հիմա Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը բանակցություններ վարեր Իլոն Մասկի SpaceX ընկերության հետ, որովհետև Հայաստանի համար ծառայություններն արդեն իսկ բաց են, և ցանկացած անձ, որը կարող է ամսական ինտերնետ կապի համար վճարել 99 դոլար, իսկ սարքավորումների համար՝ մոտ 500 դոլար, կարող է օգտվել այդ ծառայությունից։ Ըստ Պապյանի՝ այլ հարց է, եթե նախարարությունը բանակցի մատուցվող ծառայության գների շուրջ։ 

«Starlink-ի ծառայություններից օգտվելու համար SpaceX ընկերության կամ Իլոն Մասկի հետ խոսելու կարիք չկա։ Այդ ծառայությունն արդեն կա։ Պարզապես որքանո՞վ է այն ողջամիտ գներով վաճառվում։ Հայաստանյան պայմանների համար այն բավականին թանկ արժե, որի համար քչերը կուզենան վճարել»,- նշում է Պապյանը։

Բացի Starlink-ից, աշխարհում արբանյակային ինտերնետ կապ մատուցող այլ պրովայդերներ ևս կան, այդ թվում՝ ուկրաինական, որոնք առավել էժան են։ Արթուր Պապյանի խոսքերով՝ Starlink-ի առավելությունն այն է, որ ցածր լատենտություն ունի, այսինքն՝ շատ արագ է արձագանքը և բջջային հեռախոսից ավելի մեծ արագություն է կարողանում ապահովել, այսինքն՝ 4G-ից որակյալ է։

Եթե պետությունը ցանկանա պետական մակարդակով օգտագործել արբանյակային ինտերնետ, պետք է սուբսիդավորի այդ ծախսերը։ «Մի տեսակ անհեթեթ է հնչում, որ պետբյուջեից սուբսիդաներ արվեն ամերիկյան ընկերության համար»,- հավելում է Արթուր Պապյանը։

Գլխավոր լուսանկարը՝ SpaceX-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter