HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Պաշտպանական բյուջեն 2021-ի պլանի համեմատ ավել է 11%-ով․ Փաշինյանը ներկայացրեց բյուջեի նախագիծը

2022 թվականին կանխատեսվում է 7% տնտեսական աճ: Այս մասին խորհրդարանի մշտական հանձնաժողովում 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչպես առիթ եմ ունեցել ասելու, 2022 թվականի բյուջեն հիմնված է երեք առաջնահերթությունների վրա` անվտանգության համակարգի բարեփոխում, ենթակառուցվածքների զարգացում, կրթության և գիտության արդիականացում: Պաշտպանական բյուջեն 2021-ի պլանի համեմատ ավել է 11%-ով` կազմելով ավելի քան 345 միլիարդ դրամ: Մենք հետևողականորեն շարժվելու ենք Հայաստանում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով, բայց դա անելու ենք սահուն, մտածված քայլերով՝ բարելավելով սպայի ու սպայական ծառայության կերպարը»,- ընդծեց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` անվտանգային նոր միջավայրում երկրի սահմանների պաշտպանությունը շարունակում է մնալ կարևոր առաջնահերթություն: Կառավարությունը խնդիր է դրել յուրաքանչյուր տարվա հետ այդ գործառույթն ավելի ու ավելի շատ իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով` հեռանկարում ունենալով միայն սահմանապահ զորքերի ծառայության իրականացում:

Փաշինյանի խոսքով` Հայաստանը զինված ուժերը զարգացնելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու համար․ «Հայաստանը տարածքներ նվաճելու ցանկություն չունի»:
Նա անդրադարձավ նաև խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի իրագործմանը:

«Տեսնում ենք մեր տարածաշրջանում թշնամանքի մթնոլորտի հաղթահարման, ԼՂ հակամարտության կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցային գործընթացի վերականգնման, տարածաշրջանային, տնտեսական, տրասնպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման միջոցով: Պետք է ընդգծել, որ տարածաշրջանի տնտեսական և տրասնպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարող է որակապես փոխել Հայաստանի տնտեսության բովանդակությունը և կառուցվածքը»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի` կառավարությունը նախատեսել է վերականգնել ու նորոգել 500 կմ ճանապարհ, նախագծել ու կառուցել տարբեր մեծության ջրամբարներ, որոնք պետք է էապես բարձրացնեն ոռոգման ջրի մատակարարման ծավալը և որակը:

«2022 թվականի բյուջեում մենք ձգտել ենք զգուշորեն բալանսավորել կառավարության առաջնահերթությունները` միաժամանակ ապահովելով տարատեսակ ֆիսկալ ռիսկերի կառավարելիությունը: Սահմանում ենք մեր ռազմավարական նպատակները և նրանց իրականացման առաջնահերթություններն այնպես, որ նրանցից յուրաքանչյուրի իրականցումը հիմքեր ստեղծի մյուսների արդյունավետ իրականացման համար: Մենք վստահ ենք, որ կառավարության ծրագիրը ունենալու է հաջող իրագործում` ապահովելու ՀՀ քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը և արժանապատիվ կյանքը»,- ասաց նա:

Նշենք, որ 2022 թ․ պետական բյուջեի նախագծով՝  եկամուտները ծրագրվել են 1 տրիլիոն 946․2 մլրդ դրամ, ծախսերը` 2 տրիլիոն 189․2 մլրդ դրամ, իսկ դեֆիցիտը ծրագրվել է 243 մլրդ դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter